«168 Ժամին» էին դիմել Մանթաշյան 28 շենքի բնակիչները, որոնց նամակն՝ ուղղված Երեւանի քաղաքապետին, ներկայացնում ենք ամբողջությամբ. «Երեւանի Շենգավիթ համայնքի Մանթաշյան 28 շենքը, արդեն վեց օր է, ամբողջովին ջրազրկված է: Պատճառը հարեւան շենքի նկուղում տեղի ունեցած վթարն է: Վթարի վերացման աշխատանքներով «զբաղվում է» տվյալ հասցեի համատիրությունը: Հինգ օր է` ոչինչ չի արվել: Բնակիչները, ամենօրյա կարիքները հոգալու համար, ստիպված կամ դույլերով ջուր են կրում, կամ էլ ջուր գնում խանութներից: Բազմիցս ահազանգել ենք համայնատիրությանը, որի պատասխանատուները կամ չեն ցանկանում պատասխանել զանգերին, կամ էլ մեր` քաղաքապետին դիմելու սպառնալիքին տալիս են հետեւյալ արհամարհական պատասխանը. «Դիմեք ում ուզում եք, մենք խողովակներ վերանորոգելու գումար չունենք»: Մինչդեռ մենք ամեն ամիս պարտաճանաչ կերպով կատարում ենք բոլոր վճարումները: Հարց է ծագում, ո՞ւմ իրավասության մեջ է մտնում նկուղային հարկերում խողովակների վթարի վերացումը եւ ի՞նչ նպատակներով են ծախսվում մեզնից հավաքվող գումարները: Չէ՞ որ շենքերի մուտքերի մաքրությամբ եւ լուսավորմամբ, հաճախ նաեւ` տանիքների վերանորոգմամբ զբաղվում են բնակիչները: Էլ ինչի՞ համար է համատիրությունը, եթե այն չի վերացնելու այս կարգի խնդիրները, մի՞թե միայն դրամահավաքի»: