Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը միշտ փորձում էր հաղթական կեցվածքի ու պատվով ապրելու անհրաժեշտության մասին հուշել: Նա վստահ էր, որ մեր երեխաների մեջ պետք է ոչ թե զոհի, այլ` հաղթողի ոգի դաստիարակել: Իսկ դրա համար պարտադիր է լավացնել կրթությունը, որպեսզի մեր ապագա սերունդը «դադարի անուղեղ մարդկանց կողմից հնարած միֆերի զոհը մնալ»: Նա սիրում էր իր հայրենիքը ոչ թե այն պատճառով, որ Հայաստանն ամենագեղեցիկ ու հարմարավետ վայրն էր, այլ որովհետեւ այն իրենն էր: «Պետք չէ շփոթել լավն ու սիրելին: Սիրելին միշտ չէ, որ ամենալավն է: Հիմա մենք, օրինակ, ամեն քայլափոխին հպարտանում ենք խելագար, մարդասպան Տիգրան Մեծով ու մոռանում ենք իմաստուն ու ազատատենչ Արտաշեսին»,- ասում էր նա: Եվ նույն սթափ սիրուն էլ մղում էր երեխաներին: «Հասկանում եք, պատմությունը միայն թվերն ու տարեթվերը չեն, պատմությունը ժառանգության գիտակցումն է: Մեր ժողովրդի թիկունքում հազարամյակներ են, առջեւում` նույնպես: Եվ այսօրվա մի քիչ չարացած ու դժգոհ լինելը պատմության համար ոչինչ չի նշանակում: Ժողովուրդը չի ուզում, որ իրեն սովորեցնեն, այլ` երկխոսություն է ուզում: Մեր բոլորիս մտահոգությունն այն է, որ մարդկանց մեջ ֆալշ ու ցինիզմ է հայտնվել, քանի որ հոգեւոր հովիվներ չկան, եւ մենք չգիտենք` ո՞ւմ ետեւից գնալ»,- ասել էր նա 3 տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում: Եվ նրա այդ միտքն արդիական է մնում նաեւ հիմա: Ռ.Սահակյանցը միշտ հանդես էր գալիս սուր մեկնաբանություններով: Եվ վստահ էր, որ քաղաքականությամբ հետաքրքրվելու ցանկությունը շատ բնական է, քանի որ բոլորս էլ ուզում ենք մեր կյանքն ավելի լավը դարձնել: «Մտածելն ու վերլուծելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է: Մանկապարտեզի աշխատանքը, սննդի որակի բարձրացումը նույնպես քաղաքականություն է»:
Ռոբերտ Սահակյանցն անիմացիոն ոլորտում եզակի պրոֆեսիոնալ էր, նրա ստեղծած բազմաթիվ անիմացիոն աշխատանքներում խորիմաստ ենթատեքստ կար: Նրա հեքիաթները միայն առաջին հայացքից էին հեքիաթներ, այնտեղ ազգի դիմանկարով ու պատմությամբ հպարտանալու տենչ կար: Նաեւ ցանկացած պաթետիկ դրսեւորում հեգնանքով ու միայն հայերին հատուկ հումորով ընդունելու ցանկություն կար: «Հային ոչինչ չի զարմացնի, յուրաքանչյուրիցս առնվազն հինգ հազար տարվա պատմություն է հեղում: Շատ եմ սիրում ազգիս բնորոշ հեգնանքն ու սեփական առավելության գիտակցումը: Եվ, որ շատ կարեւոր է, այդ առավելությունը ագրեսիվ չէ: Եթե կարողանանք փոքրիկ կայսրեր դառնալու ապուշ ցանկությունը մեր միջից հանել, մենք անպարտելի կդառնանք»,- ասում էր նա:
Ռ.Սահակյանցը մանրուքի մեջ խոշոր երեւույթ տեսնող մեծ վարպետ էր եւ կարող էր բաց ճակատով ու հպարտ կեցվածքով ասել. «Եթե Թուրքիայում չկա ու չի կարող լինել իմ մակարդակի մուլտիպլիկատոր, ուրեմն թուրքերը մեզ հետ պայքարից ոչինչ էլ չեն շահել: Դուք` թուրքերդ, իմ պապին մորթել եք, բայց պարտվել եք: Եվ քանի դեռ հայերը կենդանի են, թուրքերի կոմպլեքսները չեն անցնի: Մենք կանք, մի՛ մոռացեք, մենք Գյուրզադյան ու Քոչար ունենք: Եվ չպիտի ինքներս մեզ կենդանի-կենդանի թաղենք: Եկեք ապրենք»:
Ռոբերտ Սահակյանցը վախճանվեց սեպտեմբերի 23-ին` սրտի վիրահատությունից հետո: