Քաղաքապետն ընդունում է, որ կառույցն անօրինական է, բայց…

25/09/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ազատության 8/1 հասցեում կառուցվող երկհարկանին հարակից Ազատության 8 եւ 10 շենքերի բնակիչների համար դարձել է իսկական պատուհաս:

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք վերոնշյալ հասցեում կառուցվող շինության քաղաքաշինական փաստաթղթերին, ինչպես նաեւ դատական գործընթացի արդյունքում կայացված որոշումներին: Ազատության 8 եւ 10 շենքերի միջնամասում կառուցվող այդ շինությունն, ըստ մասնագետների կատարած ուսումնասիրությունների` կասկածի տակ է դնում հարակից տարածքում ապրող բնակիչների անվտանգությունը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանն Ազատության պողոտայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ` տեսնելով նույն փողոցի 8/1 հասցեի կիսակառույցը, վրդովված ասել էր. «Էս ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է տվել այս տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվությունը»: Այնուհետեւ Գ. Բեգլարյանը բնակիչների ներկայությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին հանձնարարել էր կիսակառույցի շինաշխատանքները կասեցնել, համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելուց եւ դրա անօրինականությունը հիմնավորելուց հետո քանդել այն: Նշենք նաեւ, որ այդ տարածքում նախկինում եղել է լուսանկարչական փոքրիկ սրահ, որի մակերեսն ամենեւին էլ խոչընդոտ չի հանդիսացել մերձակայքի բնակիչների համար: Մինչդեռ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը տարածքի սեփականատեր Անժելա Հակոբյանին տվել է կառուցապատման մի այնպիսի թույլտվություն, որը հակասում է անվտանգության բոլոր նորմերին: Այսպիսով, Ե. Զախարյանի թույլտվությունը դարձել է անբեկանելի այն դեպքում, երբ տարածքում շինություն կառուցելու անթույլատրելիությունը հաստատել են ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակից Գոռ Ղարիբյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, այնպես էլ` Գագիկ Բեգլարյանը: Ազատության 8 եւ 10 շենքերի բնակիչներն, այնուամենայնիվ, չեն դադարում պայքարել եւ պատրաստ են անգամ դիմել Եվրոդատարան` իրենց իրավունքները վերականգնելու համար: Վերջիններիս ահազանգերին քաղաքապետարանի պաշտոնյաները պատասխանում են, թե կիսակառույցի շինարարական աշխատանքները կկասեցվեն, մինչդեռ մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ թեեւ քաղաքապետարանն ընդունում է, որ Ե. Զախարյանի տրամադրած կառուցապատում իրականացնելու թույլտվությունն անօրինական է, այնուամենայնիվ, կիսակառույցը քանդման ենթակա չէ մեկ պատճառով` Վճռաբեկ դատարանի որոշմամբ բավարարվել է կառուցապատողի տարածքում կառուցապատում իրականացնելու թույլտվության հայցը: Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Ա. Առաքելյանը վճիռ է կայացրել բավարարել հայցվորների պահանջը. «Անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի 12.01.2007թ. թիվ 45-Ա որոշումը, հ. 18-Հ-222-138 շինարարության թույլտվությունը, թիվ 3084-2007 գլխավոր հատակագիծը, 12.01. 2007թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Արգելել Ա. Հակոբյանին կատարելու շինարարական աշխատանքներ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 8/1 հասցեում»: Ա. Հակոբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է` առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը թողնելով անփոփոխ: Մինչդեռ Ե. Զախարյանի թույլտվությամբ սկսված, մեղմ ասած` անօրինական գործընթացը փրկելու հարցում օգնության է հասել Վճռաբեկ դատարանը. շինության անօրինականությունը հաստատող քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջ մի փաթեթը քննելուց հետո, որոշել է, որ կառուցապատումն օրինական է: «Վճռաբեկ դատարանը նման որոշում է կայացրել մեզ` բոլորիս հայտնի մեթոդներով, որովհետեւ դատարանը քննել է բոլոր կառույցների կողմից կատարած փորձաքննությունների արդյունքները, որով ապացուցվում է կառուցապատման արդյունքում մարդկանց համար խիստ վտանգավոր իրավիճակ ստեղծելը: Բնականաբար, այստեղ դատավորները եւ պաշտոնյաներն իրենց կատարած անօրինականությունների համար օգնության ձեռք են մեկնում: Վճռաբեկ դատարանի դատավորներն այդ որոշմամբ փրկել են Ե. Զախարյանին: Բայց, եթե կառուցապատումից հետո արտակարգ դեպք պատահի՝ ո՞վ է պատասխան տալու` Ե. Զախարյա՞նը, թե՞ դատարանը: Փաստորեն, բնակիչների կյանքը վտանգելով՝ մարդիկ փողեր են աշխատում»,- վրդովված ասում են բնակիչները: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արամ Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ Ազատության 8/1 հասցեում կառուցվող շինության մասին տեղյակ են ինչպես քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այնպես էլ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաները շահագրգռված են բնակիչների բողոքները բավարարելու հարցում, բայցգ Ա. Հարությունյանն առաջարկեց այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանից: Վերջինս էլ ասաց. «Կառուցապատողն ունի թույլտվություն, իսկ ձեր որակումը, թե այն ապօրինի շինություն է` տեղին չէ, քանի որ շինությունն օրինականությունը հաստատող փաստաթղթեր ունի»: Հ. Ասատրյանին տեղեկացրինք, որ մեր ձեռքի տակ է գտնվում բոլոր այն կառույցներից ստացված փորձաքննության արդյունքները, որոնք կոմպետենտ են եւ հաստատում են այդ տարածքում շինություն կառուցելու անթույլատրելիությունը: Հ. Ասատրյանն էլ պատասխանեց. «Գոյություն ունի Վճռաբեկ դատարանի որոշում, որը բավարարել է կառուցապատողի պահանջը եւ որը կատարման ենթակա է»:

Այնպես որ, թե ինչպես է հանգուցալուծվելու այս շիլաշփոթը` դեռեւս հայտնի չէ: