Իրավաբան Վարանդ Գյուրջյանը ներկայացնում է ամերիկյան «Gourjian Law Group» ընկերությունը, որը զբաղվում է ֆինանսների ու անշարժ գույքի հետ կապված խնդրահարույց գործերով։ 35-ամյա Վ.Գյուրջյանը փորձառու իրավաբան է, ով ոչ միայն լավ տիրապետում է օրենքներին, այլեւ վարժ խոսում է մի քանի լեզուներով: Եվ եթե ընդունենք, որ օրենքը պաշտպանելու համար հարկավոր է ոչ միայն լավ տեղեկացված լինել, այլեւ` արագ կողմնորոշվել, ապա Վ.Գյուրջյանն իր գործի մեծ վարպետ է: Նա Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնասիրել է ոչ միայն յուրիսպրուդենցիան, այլեւ` փիլիսոփայությունը: Եվ վստահ է, որ իր գործում փիլիսոփա` այսինքն` դիտարկող ու վերլուծող լինելը պարտադիր է:
Նրա ամենաաղմկահարույց ու հաջող գործերից մեկը կապված էր Ուոլլ Ստրիտի բորսայում հայտնաբերված հսկայական մախինացիայի հետ, որի արդյունքում ստեղծվել էր կեղծ բուրգային կառույց ու քաղաքացիներից 2 մլրդ դոլար էր հափշտակվել: 3 տարի տեւած դատական գործընթացի արդյունքում Վ.Գյուրջյանին հաջողվեց ետ վերադարձնել ներդրումների 1 մլրդ դոլարը:
Նրա պրոֆեսիոնալ օգնությանն են դիմում նաեւ հայաստանցիները, որոնք արտասահմանում կարողություն ունեն ու իրավաբանական խորհուրդների կարիք են զգում։ Նա աշխատում է հաճախ լինել Հայաստանում, քանի որ այստեղ ընկերներ ու հաճախորդներ ունի: Նրա առաջին այցը 1994 թվականին էր, երբ Վ.Գյուրջյանը մի քանի ամսով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել:
Վ.Գյուրջյանը ծնվել է Բեյրութում, ինչպես ինքն է ասում՝ կնքվել է Թեհրանում, սովորել ԱՄՆ-ում։ Նա այժմ Հայաստանում է գտնվում ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած Իրավաբանների համահայկական առաջին ֆորումի հրավերով։ Թեեւ ներկա գտնվելով ֆորումի առաջին օրվա աշխատանքներին, խնդրել է իրեն այլեւս մասնակիցների շարքին չդասել:
– Դուք հիասթափվեցի՞ք ֆորումի աշխատանքներից:
– Ինձ էլեկտրոնային փոստով տեղեկացրել էին, որ նման ֆորում է տեղի ունենալու, եւ ես համաձայնեցի մասնակիցը դառնալ: Այդ ֆորումն անձամբ ես անիմաստ համարեցի ու դուրս եկա մասնակիցների շարքից, երբ առաջին իսկ օրը 11-րդ ելույթ ունեցողն իր ճառի մեջ նշեց Մխիթար Գոշի անունն ու սկսեց խոսել իր գրած գրքի մասին: Ես հասկացա, որ այլեւս ֆորումին մասնակցել ու ժամանակ վատնել չեմ ուզում։ Միգուցե հետագա օրերին ինչ-որ կազմակերպչական շարժ նկատվել էր, բայց ամեն դեպքում՝ ֆորումը սխալ ուղղություն էր ընտրել:
– Անցյալ տարի կազմակերպվել էր ճարտարապետների ֆորումը, որին մասնակցող արտասահմանցի ճարտարապետները ոչ մի կերպ չկարողացան ազդել Հայաստանի շինարարության վրա: Տպավորություն է ստեղծվում, որ նման ֆորումներն ուղղորդվում են խորհրդային կարգախոսներով։ Ասենք՝ կոչ է արվում` հայազգի իրավաբաններ, միացեք:
– Երբ նման կոնֆերանսներ են կազմակերպում, գոնե պետք է դրսի մասնագետների հետ նախօրոք աշխատել, ներկայացնել այն հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնան։ Եվ բնավ էլ հարկավոր չէ այդ ֆորումը հսկայական դահլիճում ու լայն մոտեցմամբ անցկացնել, ընդհակառակը` նախընտրելի են փոքր սրահները, որոնք թույլ կտան զրույցներն ավելի մասնագիտական դարձնել։ Քննարկվող նյութերի սպեցիֆիկան հասկանալով էլ` պետք է ավելի փոքր խմբերի առջեւ կոնկրետ քննարկման թեմաներ դնել։ Օրինակ, ֆորումն ավելի մեծ իմաստ կունենար, եթե փոքր դասախոսություններ արվեին կամ էլ հնարավորություն տրվեր աշխարհի չորս կողմերից եկած իրավաբաններին որեւէ մեկ նյութի կամ խնդրի վրա կենտրոնանալ։ Եվ եթե Հայաստանը նոր օրենք կիրառելու մասին է մտածում, դա առիթ կտար իրավաբաններին՝ մտքի փոխանակման ճանապարհով` առաջարկներ անել:
– Իրականում Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ խնդիրներ ունի հենց արտասահմանում գտնվող իր ունեցվածքի հետ։ Կարելի՞ է օգտագործելով Սփյուռքի իրավաբանական միտքը, փորձն ու գիտելիքները, որոշ հարցեր իրականում լուծել այդ ֆորումի միջոցով։
– Իհարկե, կարելի է։ Բայց եթե ենթադրենք, որ հենց նման աշխատանքային խմբեր ստեղծելու համար է Իրավաբանների համահայկական ֆորումը կազմակերպվել, կարող ենք սխալվել, քանի որ, երբ հետեւում ես կոնֆերանսին, հստակ է դառնում, որ կազմակերպիչների նպատակը կոնկրետ ծրագերը չեն։ Կարծես այդ ֆորումն արվել է միայն մեկ նպատակով. նշելու, որ ինչ-որ բան արվում է։ Իսկ թե ի՞նչ է արվում, կարեւոր չէ։
– Օլիգարխիկ համակարգը, որը կա Հայաստանում, կարո՞ղ է սասանվել իրավաբանների շնորհիվ։
– Բիզնեսի մոնոպոլիստական կառուցվածքն իրականում թույլ չի տալիս իրավաբաններին որեւէ լուրջ միջամտություն անել։ Եթե օլիգարխները կարողանում են ներկրվող ապրանքի տուրքերը չվճարել եւ ազատ շուկայի կառուցվածքը խախտել, ապա ի՞նչ կարող են անել իրավաբանները։ Նրանք այդ իրավիճակն ուղղող անձեր չեն, քանի որ սովոր են օրենքով աշխատել, իսկ օրենքները միայն գրքերում են գրված եւ ոչ միշտ են գործում։ Եթե իրավաբանն օրենքի խախտման փաստի վրա հիմնված գործն անգամ դատարան ուղարկի, ապա համոզվելու է, որ հայկական դատարանները նույնպես մեծ պրոբլեմի մասն են կազմում։ Ինչպե՞ս կարելի է օրենքի սահմաններում լրիվ անօրեն մի իրականություն ուղղել։ Պարզ է, որ չի կարելի։ Այդ պրոբլեմն օրենքից դուրս պրոբլեմ է, որի լուծումը քաղաքական դաշտում է։ Երբ ես 3 տարի առաջ Երեւան էի եկել, իմացա, որ սպանվել է այն պաշտոնյան, որը զբաղվում էր տուրքերով ու պարտադրում էր, որ բոլոր քաղաքացիները տուրքերն ամբողջությամբ վճարեն։ Այդ մարդուն իր մեքենայի մեջ պայթեցրին։ Եվ եթե խնդիրներն այդկերպ` ռումբի օգնությամբ են լուծվում, ուրեմն օրենքն անզոր է։ Օրինակ, հիմա շատերը Հայաստանում ենթադրում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է շատ բան ուղղել տնտեսության ոլորտում։ Սակայն այդ ենթադրությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե հիմա բիզնեսը մոնոպոլիստների ձեռքում է, ապա սահմանի բացումից հետո էլ այն շարունակելու է մնալ մոնոպոլիստների ձեռքում։
– Կարծում եք, որ սահմանի բացումը դրական արդյունք չի՞ ունենա բիզնեսի վրա։
– Եթե սահմանի բացումը հավասարապես ազդի բոլոր հայաստանցիների վրա, ապա անկասկած եւ՛ առեւտուրը կաշխուժանա, եւ՛ ապրանքների գները կնվազեն, սակայն բիզնեսի կառուցման հայաստանյան մոդելը լավատեսություն չի հուշում։ Սահմանի բացումից կօգտվեն ընդամենը մի քանի մարդ, իսկ հասարակության հիմնական շերտի վրա սահմանի բացման փաստը ոչ մի ազդեցություն չի թողնի։ Սահմանի բացումից շահելու են միայն օլիգարխները, որոնք շարունակելու են ներկվող ապրանքների գները որոշել ու դրանք վերահսկողության տակ պահել։ Այնպես որ` բիզնեսի զարգացումը սահմանի բացման հետ կապելը միամտություն է։
– Իսկ ինչի՞ հետ կարող ենք զարգացումը կապել։
– Իրավիճակն, իհարկե, արագորեն չի ուղղվի։ Եվ եթե պետությունն, իրոք, ցանկանում է այն ուղղել, ապա պետք է ընդունի, որ առաջնայինն ուսումն է։ Նույնիսկ, երբ բոլորն ընտելացել են անօրեն իրավիճակի հետ, պետք է հուսալ, որ հաջորդ սերունդն անպայման հասկանալու է, որ նույն կերպ ապրել չի կարելի։ Կարծում եմ` հիմա շատ երիտասարդներ, իրոք, ձգտում են լավ ուսում ստանալ ու հասկանում են դրա գինը։
– Իսկ առիթ ունեցե՞լ եք այցելել իրավաբանական որեւէ ֆակուլտետ ու զրուցել ուսանողների հետ։ Այդ ուսանողներից շատերը հենց օլիգարխների երեխաներ են ու բնավ էլ լավ կրթություն ստանալու համար չեն ընդունվել բուհ։
– Եթե այդպես է, ուրեմն դա մեծ դժբախտություն է։ Որպես կանոն, դրսում աշխատող իրավաբանները ոչինչ փոխել չեն կարող, նրանք անպայման պետք է գան Հայաստան ու ներսում փորձեն հասարակությանը պիտանի լինել։ Եթե Հայաստանում հասարակությունն օրենքների կիրառման ավանդույթ չունի, ապա այն կարելի է արհեստականորեն ներմուծել` իմպորտ անել։ Ես նման օրինակներ գիտեմ, երբ արտասահմանում աշխատած իրավաբանները գալիս են Հայաստան ու ապրելով այստեղ՝ կարողանում են ազդել հասարակական կարծիքի վրա։ Այդ ցանկությունն ունեցողները քիչ են, բայց կան։ Նման մարդիկ պետք է փոքր-ինչ խենթ լինեն, որպեսզի որոշեն թողնել իրենց նախկին կյանքն ու գալով այստեղ՝ ամեն բան զրոյից սկսեն։
– Իմիջիայլոց, զրոյից ապրել սկսելու ցանկությունը բավականին գրավիչ է։
– Միգուցե այդպես է։ Բայց եկեք ընդունենք, որ այստեղ չեն գալիս ապրելու հիմնականում այն նույն պատճառով, որը ստիպում է հայերին հեռանալ Հայաստանից։ Մարդկային կյանքը շատ կարճ է, եւ որոշել հանգիստ ու բարվոք ապրելակերպը փոխել երկրի հիմնահարցերի բարելավման հետ` քչերն են պատրաստ։ Այդ որոշումն ընդունելու համար, իրոք, պետք է խենթ լինել։
– Դուք խենթ չե՞ք։
– Երեւի, ոչ։ Բայց կարեւորը դա չէ։ Այստեղ ես անզոր եմ, քանի որ իրավաբանի ուժը օրենքի սահմաններն են։ Իսկ երբ այդ սահմանները չեն հարգվում, մեր աշխատանքը փուչ է դառնում, նույնիսկ, երբ մեծ կարողություն ու գիտելիքներ ունենք։ Իրավաբանը` մտնելով դատարան եւ փաստերով ապացուցելով իր վարկածը, պետք է համոզմունք ունենա, որ դատական պրոցեսը շահելու է, այլապես անիմաստ է եւ՛ նրա, եւ՛ դատարանի գոյությունը։ Եվ որքանով ես հասցրել եմ ծանոթանալ Հայաստանի դատական համակարգի հետ, այն լուրջ ստրուկտուրային փոփոխությունների կարիք ունի։ Դժբախտաբար, օրենքների խնդիրը հիմա ոչ թե դատարանների ու իրավաբանների, այլ քաղաքական գործիչների ձեռքում է։ Եվ ուրեմն իմ այստեղ ապրելու որոշումն անիմաստ է եւ ոչ մեկին պետք չէ։
– Ամերիկայում կարծես բոլոր քաղաքացիները դատական որեւէ պրոցեսի մասնակիցն են։ Դատերը տարիներ են տեւում, ու տպավորություն է, որ ողջ երկիրը պերմանենտ դատի մեջ է։ Կարելի՞ է ասել, որ դատական պրոցեսների առատությունը դեմոկրատիայի նշան է։
– Դատերի առումով Ամերիկան, իհարկե, էքստրեմալ երկիր է։ Հիմա, օրինակ, ԱՄՆ կառավարությունը փորձում է ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք թույլ կտան խնդրահարույց գործերն առանց դատարանի լուծել։ Օրինակ, նպաստների կամ այլ գումարային հարցեր հիմա հնարավոր է առանց դատարանի միջամտության կարգավորել։ Բայց ամեն դեպքում, երբ քո պահանջով դատական գործ է հարուցվում, դու քեզ պաշտպանված ես զգում։ Դա նաեւ հոգեբանական պաշտպանվածության ձեւ է։ Կարող եմ ասել (նույնիսկ՝ եթե դա սխալ հնչի), որ լինում են դեպքեր, երբ ավելի լավ է օրենքը բացեիբաց խախտել, քան այդ խախտումը քողարկել հենց օրենքով։ Կոռուպցիայի օրինակ կարող են հանդիսանալ եւ՛ փողոցում կանգնած ոստիկանը, որը վարորդից 10.000 դրամ է վերցնում, եւ՛, ասենք, ամերիկացի մի բիզնեսմեն, որը կառավարությունից 100 մլն դոլար է գողանում՝ ներդրման անվան տակ։ Վարորդի արարքն ավելի տեսանելի է եւ որոշ չափով նույնիսկ հասկանալի է մարդկանց համար, քան բիզնեսմենինը։ Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ ամերիկացի բիզնեսմենի նմանները շատ կան նաեւ Հայաստանում։ Այդ նույն գողությունն անում են նաեւ հայ օլիգարխները, սակայն, դժբախտաբար, ավելի շատ է աչք ծակում ոստիկանի արածը։
– Կարող եմ ասել, որ այդ ամենը մենք հասկանում ենք, բայց սովորել ենքգ
– Շատ վատ է, երբ ժողովուրդը վարժվում է այդպես ապրել։ Երբ մարդուն անընդհատ նույն բանն ես ցույց տալիս, նա սկսում է իր տեսածը որպես նորմալ երեւույթ ընկալել։ Եթե մատնանշում ես պրոբլեմը, սակայն այն չես լուծում, պրոբլեմը շարունակական է դառնում ու ավելի է խորանում։
– ԱՄՆ-ում ապրող հայերը հիմնականում ինչպիսի՞ իրավական խախտումներ են կատարում։
– Ամենից շատ օրենքի հետ խնդիրներ են ունենում Հայաստանից եկած հայերը, բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին իրենք էլ սկսել են օրենքները սովորել ու հարգել։ Որպես կանոն՝ պետք է առնվազն երեք սերունդ փոխվի, որպեսզի սովետական մտածողությունը մարդու գիտակցությունից դուրս մղվի։ Թիվ մեկ խնդիրը կարող եմ այսպես ձեւակերպել. հայաստանցիներն օրենքից չեն վախենում։ Անցյալում շատ էին սպանությունները, գողությունները, թեեւ, եթե համեմատենք 15 տարի առաջ եղած իրավիճակի հետ, ապա նման դեպքերի թիվը զգալիորեն պակասել է։ Գողերն ու մարդասպաններն արդեն բանտերում են, եւ առաջ են եկել ավելի զարգացած ոճրագործները, որոնք կառավարությունից են փող գողանում, ինտերնետային օրինախախտումներ են անում։ Ամերիկայում մեծացած ու ուսում ստացած հայերն ավելի շատ են հարգում օրենքը։ Եվ այդ նոր սերունդը մեծ հույսեր է ներշնչում։
– Ուրեմն այդ սերունդը պետք է իմպո՞րտ անել։
– Կարծում եմ` Հայաստանում ծնված, բայց Ամերիկայում մեծացած երիտասարդներն իրենք էլ պատրաստ են ետ գալ, քանի որ այստեղ ընտանեկան կապեր, որոշ հիշողություններ ունեն։ Նաեւ պատասխանատվություն են զգում Հայաստանի համար։