Բուժիչ նամակներ

25/09/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

«Ամուր ընկույզը» ժողովրդական բժշկության մեջ

Ընկույզը շատ օգտակար է օրգանիզմին, իսկ բուժիչ հատկությունների շնորհիվ այն շատ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ:

Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ ու միկրոէլեմենտներ` կորատրիտերպենոիդներ, ստերոիդներ, ալկալոիդներ, վիտամին C եւ այլն: Ընկույզի տերեւները պարունակում են շատ վիտամին C, PP, օրգանական թթուներ: Կանաչ ընկույզը հարուստ է C, B1, B3, PP վիտամիններով, կարոտինով, իսկ արդեն հասած ընկույզը` C, B1, B2, PP վիտամիններով, կարոտինով, եթերային յուղերով, ինչպես նաեւ շատ բջջահյութ է պարունակում:

Բժշկության մեջ ընկույզից ստանում են տարբեր դեղամիջոցներ, որոնք օժտված են բակտերիցիդային, հակաբորբոքային, հակաճիճվային եւ ընդհանուր օրգանիզմը ամրապնդող հատկություններով: Ընկույզի մեջ շատ մագնեզիում կա, ինչը անոթալայնիչի եւ միզամուղի դեր կարող է տանել, իսկ հասած պտուղները, կարելի է ասել, պոլիվիտամինային միջոց կարող են հանդիսանալ: Ընկույզի բաղադրությամբ պատրաստված մի քանի բուժամիջոցներ լայն կիրառում ունեն ժողովրդական բժշկության մեջ:

Հասած ընկույզի վրա կարելի է լցնել զեյթունի ձեթ ու 40 օր հետո այդ ձեթը քսել ցավացող մասերին` այնքան ժամանակ, մինչեւ կես լիտր ձեթը կվերջանա:

Փորլուծության դեպքում 100գր ընկույզից հանել միջուկի թեփերը, լցնել 200գր 70 տոկոսանոց սպիրտի մեջ ու թրմել 6-8 օր: Հետո ընդունել այս թուրմը օրը 3-4 անգամ` 6-10 կաթիլը լցնելով մի քիչ գոլ ջրի մեջ: Արդյունքի հասնելով՝ պետք է ընդհատել թուրմի ընդունումը, քանի որ այն շատ ուժեղ լինելով՝ կարող է առաջացնել փորկապություն: Իհարկե, այս թուրմը երեխաներին չի կարելի:

Դերմատիտի ժամանակ ընկույզի չորացրած-մանրացրած տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 1 ժամ, ապա քամելով այն օգտագործել օրվա մեջ:

Խյուսանման եփած տերեւներն էլ օգտագործում են կոմպրեսի տեսքով էկզեմաների ու թութքի ժամանակ:

Գլիստ տեսակի ճիճուները վերացնելու համար կարելի է 1 ճաշի գդալ չորացրած տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, եւ քամելուց հետո երեխաներին տալ 1 թեյի գդալից` օրը 3-4 անգամ:

Կանանց խորհուրդ է տրվում դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում կես ճաշի գդալ աղացած տերեւների վրա լցնել 2 բաժակ եռջուր, թրմել 2 ժամից ոչ պակաս, քամել ու խմել օրվա մեջ 3 անգամ, ուտելուց առաջ` 25-30գրամ: Այս թուրմը նաեւ շատ լավ միզամուղ է:

Ռախիտի ժամանակ երեխաներին կարելի է լողացնել տերեւների թուրմով` 500գ տերեւը լցնել 3 լիտր ջրի մեջ, եռացնել 20-30 րոպե ու այս թուրմը լցնել այն վաննայի մեջ, որտեղ պետք է լողանա երեխան:

Ռեւմատիզմի եւ պոդագրայի ժամանակ կարելի է ընկույզի տերեւների թուրմով վաննաներ ընդունել` 0,5կգ տերեւները եփել 1 լիտր ջրում:

Ընկույզը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է աթերոսկլերոզի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է ընկույզի 10 միջուկին խառնել 2 պճեղ քերած սխտոր, ավելացնել այս զանգվածին 1 ճաշի գդալ արեւածաղկի ձեթ: Համի համար կարելի է նաեւ ավելացնել մի քիչ քերած պանիր: Ստացված զանգվածով կարելի է պատրաստել բուտերբրոտներ. եւ համեղ է, եւ օգտակար:

Ընկույզի եւ չամիչի խառնուրդը շատ լավ է սրտամկանին: Կանաչ ընկույզը, որը դեռեւս հասած չէ, մեղրի հետ բարձրացնում է դիմադրողականությունը: Վահանագեղձի ֆունկցիայի խանգարումների դեպքում կարելի է ամեն առավոտ ուտել 3 ընկույզի միջուկ եւ 1 գդալ մեղր:

Եթե ընկույզի կանաչ կեղեւը եփենք մեղրի հետ ու կոկորդի ողողումներ անենք, անպայման կթեթեւանա անհանգստացնող ցավը:

Երեխաների մազերի աճին շատ լավ նպաստում է հավասար քանակությամբ գինու, ձիթապտղի յուղի եւ ընկույզի այրած կեղեւների խառնուրդը: Այս խառնուրդը պարզապես պետք է քսել գլխին, պահել մի քանի րոպե ու լվանալ:

Ընկույզի հաճախակի օգտագործումը իջեցնում է խոլեստերինի քանակն արյան մեջ, ավելին` ավստրալիական ընկույզը, չնայած իր բարձր կալորիականությանը, շատ լավ է սրտին` օմեգա-3 ճարպաթթուների շնորհիվ: Ընկույզը լավ է ոչ միայն սրտին, այն նաեւ կանխում է տկարամտության զարգացումը եւ դրականորեն է ազդում մաշկի վրա:

Ընկույզի յուղն ավելի օգտակար է, քան նշի յուղը: Ընկույզն, իհարկե, նաեւ հակացուցումներ ունի, այսինքն՝ չի կարելի վերը նշված թուրմերը օգտագործել հղիներին ու ալերգիկներին: