ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ խմբակցության անունից պաշտոնապես դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկում կազմակերպելու պաշտոնանամակով: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ` խնդրելով ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին»: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» նույն խնդրանքով դիմել է նաեւ Ազգային Անվտանգության խորհուրդ եւ ՀՀ կառավարություն: Սաֆարյանի հավաստմամբ` «Ժառանգությունն» ԱԱԽ-ից եւ Կառավարությունից դեռեւս չի ստացել իր երկու նամակների պաշտոնական պատասխանը: