Պտտվող դռներ

24/09/2009

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը երեկ հրապարակել է ամենամյա «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը», որը ցույց է տալիս աշխարհի ավելի քան 170 երկրների հանրային ոլորտներում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը: Ըստ զեկույցի՝ միայն զարգացող եւ անցումային փուլի երկրներում ընկերությունները տարեկան շուրջ 40 միլիարդ դոլարի կաշառք են վճարել իրենց հետ հանցավոր գործարքների մեջ մտած կոռումպացված քաղաքական գործիչներին եւ պետական պաշտոնյաներին: Աղյուսակի ստորին հորիզոնականները զբաղեցնող երկրներից շատերը ոչ միայն տուժում են իրենց անազնիվ իշխանություններից, այլ նաեւ առաջատար ընկերություններից, որոնք ավելի քան պատրաստ են կոռուպցիոն գործարքների մեջ մտնել այդ իշխանությունների հետ: Որոշ երկրներում կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր բացահայտվում են: Սակայն վնասը միայն տուգանքներով չի սահմանափակվում. դա նաեւ այդ ընկերությունների աշխատակիցների բարոյական մակարդակի եւ հաճախորդների, ինչպես նաեւ՝ ապագա հնարավոր բիզնես գործընկերների կողմից վստահության կորուստն է: Զեկույցում արձանագրված մեկ այլ գործելակերպ է պետական պաշտոնյաների եւ մասնավոր հատվածի միջեւ առկա «պտտվող դռների» երեւույթը, որն ուղի է հարթում կեղծ հանրային գնումների գործարքների համար, երբ ոչ մրցակցային հայտերն ու ոչ թափանցիկ գործընթացները հանգեցնում են բյուջետային միջոցների ահռելի վատնումների եւ անորակ ծառայությունների ու ապրանքների մատակարարմանը: «Երբ անշրջահայաց ընկերությունները ներքաշվում են կոռուպցիայի մեջ, հետեւանքները կարող են կործանարար լինել: Սկսած անբավարար ջրամատակարարումից, աշխատանքային ծանր պայմաններից կամ անօրինական ծառահատումներից մինչեւ կյանքի համար վտանգավոր դեղորայքը եւ անորակ կամ անօրինական ճանապարհով կառուցված շենքերը, որոնք փլուզվում են՝ ծնելով աղետաբեր հետեւանքներ, կոռուպցիան կարող է հասցնել աննախադեպ վնաս: Այս հետեւանքները վերացնելու գործում մասնավոր հատվածը վճռական դեր պետք է խաղա՝ գործելով թափանցիկ եւ հաշվետու ամենուրեք, որտեղ այն շահույթ է հետապնդում»,- նշված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ: