ՀՀ Վերահսկիչ պալատը երեկ հրավիրել էր իր հերթական նիստը, որտեղ քննարկում էր հինգ ոլորտների գերատեսչությունների` արդարադատության, ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, Քաղավիացիայի եւ Սոցիալական ներդրումների հիմնադրամի 2007-2008թթ. գործունեությունը: ՎՊ-ն այս գերատեսչությունների 2 տարիների գործունեության միայն մի մասն է ստուգել ու գրեթե բոլոր հոդվածներով խախտումներ է հայտնաբերել:
Ավիացիա
Ամենաաբացասական պատկերը կամ ստվերը գրանցվել է ավիացիայի ոլորտում: Այստեղ ոչ այնքան ծավալուն են եղել բուն վարչությունում հայտնաբերված խախտումները, որքան Հայաստանում գրանցված, բայց արտերկրում գործունեություն իրականացնող ավիաընկերությունները: ՀՀ-ում գրանցված 12 ավիաընկերություններից 9-ը աշխատում են այլ երկրներում` հիմնականում Միացյալ Արաբական Էմիրաթներում կամ Աֆրիկյան երկրներում: Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ավիաընկերություն գրանցելու համար պետական տուրք սահմանված չէ: Եվ այս ընկերությունները գրանցվելով մեր երկրում եւ գործունեություն ծավալելով արտերկրում` ահռելի գումարներ են աշխատել, բայց ՀՀ բյուջե վճարել են շատ չնչին հարկեր: «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն 2007թ. շահագործել է 1 ինքնաթիռ, իսկ 2008-ին` 4, բայց հաշվապահական փաստաթղթերում հասույթ չի գրանցել, բնականաբար, հարկեր էլ չի վճարել: Շատ քիչ տարբերությամբ նույն վիճակն է նաեւ մյուս 8 ավիաընկերություններում, որոնց մի մասը 2007-ի համեմատ 2008-ին ավելացրել է իր ինքնաթիռների քանակը, բայց բյուջե վճարվելիք հարկերը գրեթե չի ավելացրել: «Քլիք էյրվեյզ» ՍՊԸ-ն 2007-ին ունեցել է 2 ինքնաթիռ ու հարկեր չի վճարել: 2008-ին գործունեություն է իրականացրել արդեն 5 ինքնաթիռով, բայց վճարել է ընդամենը 167 հազար 500 դրամ հարկ: Նույն հաջորդականությամբ «Սաութ-Էըրլայնզն» այդ երկու տարիներին շահագործել է 22 եւ 20 ինքնաթիռներ, եւ միայն երկրորդ տարում վճարել է 1,2 մլն դրամի հարկ: Նման «պատասխանատվությամբ» են աշխատել նաեւ «Հայք ավիա», «Վերթիռ», «Ֆենիքս ավիա», «Մեգա էյրլայնզ» եւ «Բլու էյրվես» ընկերությունները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ արդեն երկար տարիներ ԱՄԷ-ում եւ Աֆրիկյան երկրներում ավիաբիզնեսով են զբաղվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա մերձավոր պաշտոնյաները: Արդարադատության նախարար եղած տարիներին Դավիթ Հարությունյանի անվան հետ եւս կապվում էր այս բիզնեսը. մասնավորապես, խոսակցություններ կային, թե նա եղբոր` Վահան Հարությունյանի հետ արտերկրում բեռնափոխադրող ավիաընկերություն ունի: Եվ պարզ է, որ այս ոլորտներում էլ գործունեություն իրականացնողներն օգտվելով իրենց պաշտոնական դիրքից՝ իրենց բիզնեսի համար ստեղծել են լավագույն եւ օրենքից դուրս պայմանները: Ի.Զաքարյանը պարզել է, որ եթե այդ ընկերությունները գրանցված լինեին ԱՄԷ-ում, ապա վճարած կլինեին 382 մլն դրամի միայն գրանցման տուրք: Իսկ եթե գրանցված լինեին Անգլիայում, ապա` 1,1 մլրդ դրամի տուրք: Ամեն դեպքում Հայաստանում ոչ բոլորին է հասու ինքնաթիռ գնել կամ վարձակալել ու դրանով փոխադրումներ իրականացնել: Դա բավական թանկ բիզնես է եւ հասու է ահռելի գումարներ ունեցող մարդկանց: Օրինակ, «Արմավիա» ընկերությունը, որը երկար տարիներ ՀՀ միակ ավիափոխադրողն է, ունի ընդամենը 8 օդանավ: Ի դեպ, «Արմավիան» վճարել է 1 մլրդ 30 մլն դրամ հարկ, թեեւ կարծիք կա, որ այս ընկերության գործունեության մի մասը ստվերում է: Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսիսյանն ասաց, թե հարկերի հետ կապված խնդիրները ոչ թե իր ղեկավարած գերատեսչության, այլ հարկային մարմինների դաշտում են: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էլ ավելացրեց, որ այս ոլորտում օրենսդրական փոփոխությունների կարիք կա, հատկապես գրանցման տուրքեր սահմանելու հարցում: Իսկ զուտ Ավիացիայի վարչությունում կատարված ստուգումների արդյունքում շինարարական աշխատանքների հետ կապված հայտնաբերվել էին մոտ 12 մլն դրամի խախտումներ, որոնք վերականգնվում են:
Ֆինանսների նախարարություն
Ֆինանսական ու փաստաթղթային խախտումներ են հայտնաբերվել նաեւ Ֆինանսների նախարարության գործունեությունում: Այստեղ էլ ուշագրավ էր հատկապես շահումով խաղերի գործունեությունը, որոնց արտոնագիր է տրամադրում ֆինանսների նախարարությունը: Արտոնագիր ստացած 102 կազմակերպություններից հարկային մարմիններում գործունեություն են ցույց տվել ընդամենը 40-ը: Ընդ որում, գործունեություն ցույց տվող խաղատներն էլ կիսով չափ են ներկայացնում իրենց սեղանների ու ավտոմատ խաղասարքերի քանակը: Ի.Զաքարյանի ասելով, պատճառն այն է, որ խաղատների 1 սեղանիկի ամսական հաստատագրված վճարը՝ 4 մլն, իսկ ավտոմատներինը` 120.000 դրամ է: Գործող օրենքի համաձայն, այդ խաղային ավտոմատները պետք է խաղացողին վերադարձնեն ներդրված գումարի 86 տոկոսը: Բայց քանի որ այդ ավտոմատները ոչ թե ներկրվում, այլ հավաքվում են Հայաստանում, ապա դրանք չեն համապատասխանում պահանջվող չափորոշիչներին, եւ պատվիրատուի ցանկությամբ այդ չափը փոխվում, համապատասխանեցվում է 10, 15 կամ 20 տոկոսի: Այս դեպքում էլ ՎՊ նախագահն առաջարկեց օրենսդրական այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ խաղատները վճարեն ունեցած բոլոր սեղանների կամ ավտոմատների համար: Առաջարկեց նաեւ ժամանակ առ ժամանակ ստուգել նրանց հաշվապահական փաստաթղթերը, եւ գործունեություն ցույց չտալու դեպքում՝ զրկել լիցենզիայից:
Հետաքրքիր էր նաեւ ոսկյա զարդեր վաճառող խանութներում հայտնաբերած պատկերը: Բոլորին հայտնի եւ թանկարժեք զարդեր վաճառող մի շարք խանութներ ցույց են տվել, որ այս երկու տարիներին վաճառել են ամսական 250-500 գրամ ոսկի: «Ջիանին» ամսական վաճառել է միջինը՝ 17, «Մերկուրին»` 525, «Պրիմա գոլդը»` 200 գրամ ոսկի: 2008-ին արդեն վերջին երկու ընկերությունները ցույց են տվել, որ վաճառել են համապատասխանաբար 543 եւ 433 գրամ ոսկի: Իսկ «Ջիանին» ընդհանրապես վաճառք չի գրանցել: «Ես սա չեմ ուզում մեկնաբանել, թվերն ամեն ինչ ասում են: Բայց միայն մի լավ հարսանիքի ժամանակ այս խանութներից յուրաքանչյուրը մի քանի կգ ոսկեղեն է վաճառում»:
Ֆինանսների նախարարության գործունեության ստուգման արդյունքում հայտնաբերվել են այլ խախտումներ եւս, բայց դրանք ժամանակի ընթացքում վերականգնվում են: Նիստին մասնակցող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ իրենց ու ՎՊ մոտեցումները նույնն են: Ի դեպ, Ի.Զաքարյանը գոհունակությամբ նշեց, որ ժամանակի ընթացքում իրենց հայտնաբերած խախտումները վերականգնվում են ավելի արագ տեմպերով:
Խախտումներ կան ամենուր
Ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել հատկապես քրեակատարողական հիմնարկների շինարարական աշխատանքներում, եւ հայտնաբերած 65 մլն դրամի խախտումների կեսն արդեն վերականգնվել է: Ֆինանսական խախտումներ են գրանցվել ԴԱՀԿ գործունեության մեջ: Նիստին ներկա ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց, թե բացի շինարարության հատվածում եղած խախտումներից, քրեակատարողական հիմնարկներում ոտնահարվում են նաեւ կարգապահությունը եւ բանտարկյալների իրավունքները: Արդյո՞ք դրա վրա ուշադրություն դարձվում է: Ի.Զաքարյանը պատասխանեց, որ դա արդեն ՎՊ իրավասություններից դուրս է:
Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում ֆինանսական խախտումներն ունեին հետաքրքիր պատկեր: Ընդ որում, այս գերատեսչության դեպքում ՎՊ խորհուրդն ուզում էր ֆինանսական խախտումները բացառելու առաջարկություն ներկայացնել, բայց դրան առարկեց ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը, ում խոսքերով՝ շինարարության մեջ դժվար է բացառել խախտումները, այդ պատճառով ճիշտ կլինի տալ «վերականգնել» ձեւակերպումը: Հետաքրքիր խախտումներ են գրանցվել Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում: Այստեղ մարզիկներին սահմանված կարգից քիչ են վճարել արտասահմանյան գործուղումների, օրապահիկների ծախսերը: Նախարար Արմեն Գեւորգյանը մեկնաբանեց, թե այդպիսով օգուտ են տվել պետությանը: Իսկ որպես վերականգնման ենթակա խախտում հայտնաբերվել է 3,9 մլն դրամի ծավալային հավելավճար: 25 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել Սոցներդրումների հիմնադրամում, որը, Ի.Զաքարյանի ասելով՝ վերականգնվել է: ՎՊ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ նիստին ներկայացված` Մշակույթի նախարարությունում հայտնաբերված խախտումների մի մասը վերականգնվել է, մյուս մասն էլ կվերականգնվի: Իսկ Հնեավանք ու Քոբայր պատմական կոթողները վերականգնող «Գուգարք» ընկերության ավելի քան 50 մլն դրամի կատարած չարաշահումների գործը գտնվում է Դատախազությունում: Ի.Զաքարյանի տեղեկություններով՝ կալանավորված է այդ ընկերության տնօրենը: Ամբողջությամբ վճարվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության մեջ հայտնաբերված մոտ 440 մլն դրամի թերվճարումները: ՎՊ նախագահը նաեւ հատուկ շեշտեց, թե ՀԾԿՀ-ի դեպքում այդ գումարները ոչ թե չարաշահումներ կամ յուրացումներ են եղել, այլ` պարզապես ժամանակին չգանձված վճարներ:
Հ.Գ. Ավելացնենք նաեւ, որ այս անգամ ՎՊ-ն իր նիստն ու լրագրողների հետ հանդիպումը կազմակերպել էր ոչ թե Ազգային ժողովի լսումների սենյակում, այլ «Մետրոպոլ» հյուրանոցում: Հիշեցնենք, որ «Մետրոպոլը» պատկանում է ՀՀ նախագահի խորհրդական, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին: Ի.Զաքարյանը տեսնելով լրագրողների հետաքրքրությունը` հատուկ հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ նիստերն անցկացնելու են այդ հյուրանոցում, որովհետեւ ԱԺ այդ սրահում եկող շաբաթվանից սկսվելու են բյուջետային քննարկումները: Ի.Զաքարյանը նաեւ հավատացրեց, որ «Մետրոպոլի» դահլիճն իրենց տրամադրվում է անվճար կարգով: Իսկ հյուրանոցի նախասրահի աշխատողը ասաց, որ առեւտրային գաղտնիք լինելու պատճառով չի կարող տեղեկացնել, թե դահլիճը վարձակալելու համար ՎՊ-ն որքան է վճարել: