«Ադրբեջանը ձգտում է լավ հարաբերությունների մեջ լինել հարեւանների հետ, բայց Հայաստանը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,- երեկ ԱՄՆ-ի կոլումբիական համալսարանին կից Հարիմանի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նաեւ հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է: «Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարեւոր է ոչ միայն նրա զարգացման, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, թե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է: «Ադրբեջանի տարածքների 20%-ն օկուպացված է, եւ միլիոնից ավելի մարդիկ համարվում են փախստականներ: Միայն այդ մարդկանց` իրենց հարազատ տները վերադառնալուց հետո է հնարավոր որեւէ բանակցություն` կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ որպեսզի այս հարցը կարգավորվի, շատ կարեւոր է այնպիսի երկրների ազդեցությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: