«Դատապարտյալների հիվանդանոցում» ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին համապատասխան բուժօգնություն տրամադրելը նրա փաստաբան Հովիկ Արսենյանը համարում է անլուրջ: «Թե նախաքննության եւ թե դատավարության ընթացքում ես բազմիցս եմ ներկայացրել Միքայելյանի հիվանդության ողջ փաթեթը եւ հիմնավորել, որ նա պետք է ազատ արձակվի: Բազմաթիվ անգամ շտապօգնություն է հրավիրվել՝ բոլորի ներկայությամբ: Կասկածից վեր է, որ նա մշտապես բժիշկների հսկողության տակ պետք է գտնվի»,- «Ա1+»-ին ասել է Հ. Արսենյանը: Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին` սրտի աշխատանքի, բարձր ճնշման բողոքներով, զգացնել են տվել նաեւ պատերազմի ժամանակ Միքայելյանի մարմնում հայտնված մեկ տասնյակից ավելի բեկորները: «Այս ամբողջ հիվանդությունները վրան, մեկ ու կես տարի արեւի երես չտեսած մարդը, ի՞նչ եք կարծում` կարո՞ղ է համապատասխան բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոցում»: Իհարկե, ո՛չ: Ազատազրկման ընթացքում նաեւ նրա հարազատների մահերն էլ են նրա վրա մեծ հոգեբանական ազդեցություն ունեցել»,- ասել է Հ. Արսենյանը: