30.000-ական դրամ տուգանք

24/09/2009

2006թ. մարտի 1-ից ՀՀ պետական եւ հասարակական բոլոր հաստատություններում պետք է առանձնացվեն հատուկ գոտիներ, որպեսզի չծխողները չտուժեն: Սեպտեմբերի 11-ին Ոստիկանության վարչական շենքում ականատես եղանք, թե ինչպես էին Ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես ՀՀ Ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանը, ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը եւ այլք, ծխում Ոստիկանության Օպերատիվ-փնտրողական գլխավոր վարչության (7-րդ վարչություն) պետի աշխատասենյակի դիմաց: Հայտնի է, որ ծխելու համար ցանկացած շինությունում կան հատուկ առանձնացված գոտիներ: Նշված հատվածը, որտեղ ծխում էին Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, այդպիսի գոտիներից չէր: Օրինախախտման մասին մեր թղթակիցը տեղեկացրել է նաեւ ՀՀ ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին: Վերջինս խոստացել է, որ օրենքը ոստնահարողներն իր կողմից կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: