Տեղյակ չե՞ն

23/09/2009

Դեռեւս սեպտեմբերի 18-ին Կապանի առաջին ատյանի դատարանն ընդունեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ-ի դեմ` մարդու կյանքին, առողջությանն ու սեփականությանը սպառնալու մասին հայցը: Հայցվոր կողմը, ինչպես հայտնի է` «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն է, որը դատարանում ներկայացրել է Շահումյանի հանքավայրի տարածքում բնակվող շուրջ 140 ընտանիքների շահերը: Դատական առաջին նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 8-ը, սակայն ուշագրավն այն է, որ պատասխանող կողմը, այսինքն` գործարանը, առայժմ որեւէ ծանուցում չի ստացել դատարանից: Այս մասին մեզ հայտնեց «Դինո Գոլդ Մայնինգի» Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը: «Մինչ օրս մենք որեւէ պաշտոնական գրություն չենք ստացել դատարանից: Երեկ այս գրության մասին մենք նորից հետաքրքրվեցինք գործարանի փոխտնօրեն Ռոն Մոբլիից, սակայն նա կրկին հերքեց` ասելով, թե իրենք նման որեւէ պաշտոնական գրություն չեն ստացել: Ավելին` Ռ. Տեր-Մարտիրոսյանն ասաց, թե իրենց դեմ ներկայացված հայցի մասին իրենք եւս իմացել են ԶԼՄ-ներից: Իսկ թե ներկայումս ի՞նչ փուլում են գտնվում Շահումյան բնակավայրի ընտանիքներին տրվող փոխհատուցումները, որոնք դադարեցվել են դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, Ռ. Տեր-Մարտիրոսյանը պատասխանեց, որ այսօր էլ շարունակվում են հողային գնահատումները եւ իրենք տեղեկացրել են բնակիչներին փոխհատուցումների շարունակելիության մասին: «Հողային գնահատումները կատարվել են 2007թ. «Տիգրիս» եւ «Կալգարի» գործակալությունների կողմից: Վերջինս դեռեւս շարունակում է գնահատման աշխատանքները: Մենք արդեն որոշ ընտանիքների փոխհատուցում տվել ենք, իսկ որոշներին էլ տեղյակ ենք պահել, որ տալու ենք: Պարզապես փոխհատուցման գործընթացը կանգնեց, որովհետեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամից տուժեց նաեւ մեր գործարանը, որն ամիսներ առաջ նույնիսկ փակման եզրին էր»,- ասաց «Դինո Գոլդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: