Սեպտեմբերի 5-ին «Հ2», «Ար», «ԱԼՄ» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների լուրերով «օպերատիվ նկարահանում» պիտակով շարունակ ցուցադրվում էին կադրեր «Արարատ» քաղցրավենիքներ արտադրող ընկերության տարածքից: Այդ կադրերը ներկայացնող բոլոր մեկնաբանները սրտակեղեք ձայնով խոսում էին մեր շուկայում հայտնված «կեղծ ապրանքանիշով եւ սննդի անվտանգության խախտված նորմերով կոնֆետների մասին»: «Մեր շուկայում հայտնվել են կոնֆետներ կեղծ ապրանքանիշով եւ սննդի անվտանգության խախտված նորմերով: Տարածքը, որտեղ քաղցրավենիք են արտադրել, նույնիսկ կոշիկի արտադրության համար է անպետք… Այս արտադրամասում պետք է արգելվեր անգամ կոշիկի արտադրությունը, էլ ուր մնաց՝ սնունդ արտադրել, այն էլ երեխաների համար»,- այսպիսի ահազանգեր էին պարունակում այդ հեռուստառեպորտաժները: Կադրերն ու մեկնաբանություններն այնքան «սահմռկեցուցիչ» էին` «կեղտոտ սարքավորումներ», «կեղտոտ կաթսաներ», «կեղտոտ վաննաներ», որ փորձեցինք պարզել, թե իրականում ինչպես է մեր շուկայում նման քաղցրավենիք հայտնվել: Սակայն այն, ինչ պարզվեց, տրամագծորեն տարբերվում է երկու օր շարունակ իշխանական քարոզչամիջոցների կողմից ներկայացվող ապատեղեկատվությունից: Իսկ իրականում կատարվածն ընդամենը հակաքարոզչություն էր քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության դեմ:
Պարզվում է, «օպերատիվ նկարահանում» կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ կադրերը ցույց տալուց ավելի քան մեկ ամիս առաջ կատարված սիրողական նկարահանում: Մինչդեռ օպերատիվ նկարահանում խորագրով պետք է ցուցադրվեն միայն իրավապահ մարմինների, հարկային ու մաքսային ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված նկարահանումները: Իսկ վերը նշված հեռուստաընկերությունների կողմից ցուցադրված կադրերում իրականում պատկերված է ոչ թե քաղցրավենիքների արտադրության արտադրամասը, այլ այն տարածքը, որը նախկինում ծառայել է գինու շշերի լվացման նպատակով: «Հուլիսի 25-ին` շաբաթ օրը, երբ արտադրությունը կանգնած էր (բոլոր իրենց հարգող շոկոլադ արտադրողները հուլիս-օգոստոս ամիսներին կանգնեցնում են արտադրությունը` շինվերանորոգման եւ մաքրման աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ՝ այն պատճառով, որ այդ շոգ եղանակին բարձր որակի շոկոլադ չի ստացվում), գործարան է ներխուժում մոտ 15 հոգանոց խումբ եւ կատարում նկարահանումներ»,- մեզ հետ զրույցում նշեց «Արարատ» ընկերության տնօրեն Հայկազ Աբրահամյանը: Նշենք, որ ոչ Ոստիկանության, ոչ Ազգային անվտանգության ծառայության, ոչ էլ Դատախազության կամ հարկային ու մաքսային մարմինների ներկայացուցիչները վերջին ամիսներին նկարահանումներ չեն կատարել «Արարատ» ընկերությունում: «Մեր աշխատակցին ուժով նստեցնում են աթոռին, մինչեւ իրենց օպերատորը մտնում է արտադրամասեր եւ նկարում ընդհանրապես շոկոլադի հետ կապ չունեցող, նախկինում գինու շշերի լվացման տարածքը, եւ հետագայում ներկայացնում են, թե իբր այդ վաննաներում շոկոլադ է արտադրվել: Բուն շոկոլադե կոնֆետների արտադրամասերը չեն ցուցադրում»,- ասում է ընկերության տնօրենը: «Փոքր բիզնեսը գոյություն ունենալու իրավունք ունի՞»,- մեզ հետ զրույցում վրդովված հարցնում էր ընկերության տեխնոլոգ Ամալյա Հարությունյանը: Իսկ կադրերը, որոնք կատարվել են հուլիսի 25-ին, ցուցադրվել են միայն սեպտեմբերի 5-ին զուտ այն պատճառով, որ այս ոլորտում «սեզոնը բացվում է» սեպտեմբերից սկսած, եւ հիմնականում այս ամսվա ընթացքում են կնքվում պայմանագրերը արտադրողների ու խանութների միջեւ: Այս կադրերի ցուցադրության պատճառով, ինչպես նշեց գործարանի տնօրենը, խանութների զգալի մասը հրաժարվել է երկարաձգել «Արարատ» ընկերության հետ կնքած պայմանագրերը: «Արարատը» փորձել է Հ2, «Արմնյուզ» եւ ԱԼՄ հեռուստաընկերություններով հերքում տալ, սակայն վերջիններս, բնականաբար, մերժել են: Սպառողների շրջանում «Արարատ» ընկերության գործարար համբավն ու բարի անունը արատավորելու այս փորձը գոնե հասկանալի կլիներ, եթե այս ընկերությունը քաղցրավենիքի շուկայում մեծ մասնաբաժին ունենար եւ լուրջ մրցակից համարվեր խոշոր արտադրողների համար: Սակայն «Արարատը», ըստ ոլորտին մոտ կանգնած փորձագետների, զբաղեցնում է Հայաստանի քաղցրավենիքի շուկայի հազիվ 1 տոկոսը: Մյուս կողմից՝ վերջին շրջանում այս ընկերության արտադրանքը մեծ հաջողություններ է ունեցել սպառողների շրջանում, եւ որակական առումով զգալիորեն գերազանցում է շուկայում վաճառվող համանման ապրանքների որակին: Այս հանգամանքների համադրումը հանգեցնում է տրամաբանական այն եզրահանգմանը, որ «Արարատի» դեմ սանձազերծված հակաքարոզչությունը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին քաղցրավենիքի շուկայի հիմնական խաղացողներին, որոնց համար այս ընկերությունը, չնայած սպառման փոքր ծավալներին, լուրջ մրցակից է որակական սեգմենտում: