Կառավարության նիստերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Հայտնի է, որ բյուջեն չի կատարվում: Բայց կառավարությունն առայժմ բյուջեի վերանայման որեւէ քայլ չի ձեռնարկել: Բացահայտ քայլ չի ձեռնարկել: Հետեւաբար մասնագետները կառավարության որոշումների տողատակում փնտրում են բյուջեի կրճատում-սեկվեստր: Այս անգամ էլ պարզ չէ՝ կա՞, թե՞ չկա նման որոշում: Փոխարենը՝ պարզ է, որ երեկ ՀՀ կառավարության նիստը շատ բեղուն էր: Համենայնդեպս, այդպիսի եզրակացության կարելի է հանգել պաշտոնական 5 էջանոց լրատվությունից: 37 հարց է քննարկվել: Բոլորի մասին որոշում է ընդունվել ու տեղեկատվություն հրապարակվել: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Հավանության է արժանացել «ՀՀ 2009թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»: Բայց տեքստի հետագա շարադրանքից անհասկանալի է, թե ինչ բովանդակություն ունի այդ «օրենքի նախագիծը»: Կառավարությունում հավանաբար կարծում են, որ իրենց տեղեկատվությունը ոչ ոք չի ընթերցում: Այլապես դժվար թե այդքան խրթին նախադասություններ գրեին: Նախադասություններ, որոնք ոչ քերականական, ոչ տրամաբանական վերլուծության ենթակա չեն: Կարող եք ինքներդ համոզվել դրանում` «Դրանով (օրենքի նախագծով.- Ա.Գ.) «ՀՀ 2009թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքը առաջարկվում է լրացնել նոր՝ 20-րդ կետով, որով սահմանվում է, որ 2009թ. բյուջետային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային եւ դրամաշնորհային ծախսային ծրագրերով օրենքով նախատեսված հատկացումների գումարների ավելացման (ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարների դեպքում՝ նաեւ նախատեսման) անհրաժեշտության առաջացման դեպքում, ՀՀ կառավարության կողմից այդ նպատակով 2009թ. միջծրագրային վերաբաշխումները «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009թ. առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում»։ Մեջբերումը կրկնակի ընթերցել պետք չէ: Ես փորձել եմ: Միեւնույն է` այն անհասկանալի է: Անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ 20-րդ կետի մասին է խոսքը: Կետը օրենքի բաղկացուցիչ մաս չէ: Ցանկացած իրավաբան կբացատրի, որ օրենքները բաղկացած են հոդվածներից: Բայց չի կարելի պնդել, որ կառավարության տեղեկատվությունն ամբողջությամբ է անհասկանալի: Նիստում բավականին պիտանի որոշումներ են ընդունվել: Օրինակ` որոշվել է «բաշխել «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով 2009թ. նախատեսված հատկացումները»: «Կոմիտաս, կյանքը եւ գործը» մուլտիմեդիալազերային սկավառակ («աուդիո գիրք») կհրատարակվի: 2009թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները մեկական ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով կպարգեւատրվեն: Ամենահուզիչը թերեւս «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին հողհատկացման ու Վայոց Ձորի մարզում շինություն հատկացնելու մասին որոշումն է: Դա իշխանության ներսում ժառանգականության սկզբունքի կիրառման եզակի օրինակ է: Որովհետեւ այդ քայլով «վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ամբողջանում է իրագործումը այն գաղափարի, որի նախաձեռնողը Անդրանիկ Մարգարյանն էր»։ Լավ է, որ գործող կառավարությունը փորձում է իրագործել նախորդի կիսատ մնացած ծրագրերը: Լավ է ու քաղաքակիրթ: Բայց Հայաստանի անտառները նման քաղաքակիրթ վերաբերմունքի չեն արժանանում: Երեկվա նիստում «Կառավարությունը նաեւ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր 2006թ. սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1412-Ն որոշման մեջ։ Նախկինում հստակեցված չէր ծառուտի խտությունը բնորոշող ցուցանիշը, ինչպես նաեւ 20-25 մետր տրամագծով բացվող «պատուհաններում» մատղաշի քանակությունը բարձր էր սահմանվել, ինչի հետեւանքով հատումների իրականացման գործում առաջանում էին խոչընդոտներ»։ Բնապահպանության խնդիրներով զբաղվողները վաղուց են խոսում այս մասին: Անտառհատումները Հայաստանում առերեւույթ վաղուց է դրվել օրինական հենքի վրա: Իշխանությունները անտառհատման հերթական թույլատրությունը տալիս նախ փոփոխություն են կատարում անտառի խտությունը բնութագրող ցուցանիշներում: Բնապահպանության տեսակետից անթույլատրելի համարվող անտառհատումներն այս մեթոդով օրինականացվում են: Երիտասարդ բնապահպանների մի խումբ այս խնդրի վրա փորձում է բեւեռել Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի ուշադրությունը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը երեկ ենթակառուցվածքների նորոգման մրցույթում երկու ընկերության հաղթող է ճանաչել: Այստեղ եւս անակնկալ չկա: Հաղթող ընկերություններից մեկը Հյուսիսային պողոտայի շինարարության աղմկալից պատմություններում հայտնի դարձած «Գրիառ» ՓԲԸ-ն է: Պաշտոնապես ռուսաստանյան ծագում ունեցող այս ընկերությունը կապվում է ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի անվան հետ: Մեր մամուլը երկար գրում էր նրա գործունեության մասին, որի արդյունքում Հայաստանը բանան արտահանող երկիր էր դարձել: Հիշեցնենք, որ նրա հովանավորության տակ գտնվող «Քեթրին» ընկերությունը ՀՀ բերվող բանանի խմբաքանակների ներմուծումները ձեւակերպել էր որպես երրորդ երկիր արտահանելու համար կատարվող ներկրման գործարքներ, ինչի արդյունքում չէր վճարել համապատասխան մաքսային վճարները: 2007թ. տվյալներով` վերջին տարիներին այդ մեքենայության արդյունքում պետբյուջե չէր վճարվել 2 մլն դոլարից ավելի գումար: Ինչեւէ, այս փաստն ապացուցում է, որ տնտեսական կյանքում նոր անուններ չկան: Նույնիսկ պաշտոնանկ արված «գործարարները» կարողանում են պահպանել իրենց ազդեցիկ դիրքերը գործարարության ոլորտում: Բայց այս մասին հաստատ պնդում կարելի էր անել, եթե չլիներ հաջորդ օրինակը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը երեկ մերժել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգումը: Հուսով եմ, համոզվեցիք, որ կառավարության նիստն իսկապես բեղուն է եղել: Ափսոս, որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է պաշտոնական տեղեկատվությունից: Երբ ֆրանսիացի օրենսդիրները Նապոլեոնին հարցրեցին, թե ինչպիսի սահմանադրություն գրեն, կայսեր պատասխանը հստակ էր` «Կարճ եւ անհասկանալի»: Ժամանակները փոխվել են: Մեր կառավարությունը հիմա պարտավոր է ցուցադրել, որ գործում է թափանցիկ: Ուստի պաշտոնական տեղեկատվությունները դառնում են ընդարձակ, բայց անհասկանալի: