Եվրոպական պատուհան

23/09/2009

Կրթության ոլորտը Հայաստանի այն համակարգերից է, որում արդեն տեւական ժամանակ քայլեր են կատարվում եվորպական չափանիշների ներդրման ուղղությամբ: Այսինքն` եվրոպական ինտեգրացիայի գործընթացը կրթական համակարգում տեղի է ունենում անհամեմատ ավելի գործնական հարթությունում, քան մյուս ոլորտներում: Գուցե նաեւ այն պատճառով, որ կրթության ոլորտը պակաս քաղաքականացված է, եւ այստեղ կատարվող բարեփոխումները չեն ենթարկվում քաղաքական վայրիվերումներին: Թեեւ կրթական համակարգի եվրոպականացման գործընթացը սկսվել է բավական վաղուց, սակայն ավելի գործնական քայլեր կատարվել են 2005թ.-ից, երբ Հայաստանը միացել է դեպի համաեվրոպական կրթական համակարգ տանող Բոլոնյան գործընթացին: Իսկ Բոլոնյան գործընթացին մասնակցությունն իր հերթին հանդիսանում է ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ գործողությունների ծրագրի կետերից մեկը: «Բարեփոխել բարձրագույն կրթական համակարգը` «Բոլոնիայի գործընթացի» սկզբունքների համաձայն, դյուրացնելու Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ՀՀ-ի բարձրագույն կրթության աստիճանների եւ որակավորումների ճանաչումը…: Խթանել մարդկային ռեսուրսների եւ մարդկային կապիտալի զարգացումն առանց տարիքային սահմանափակման ուսանելու հեռանկարով, նպաստել TEMPUS ծրագրի միջոցով բարձրագույն կրթության բարեփոխմանը եւ ԵՄ-ում եւ Հայաստանում բարձրագույն կրթության ինստիտուտների միջեւ համագործակցությանը»,- ամրագրված է Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում, որտեղ բացի այս նպատակներից՝ սահմանված են նաեւ մի շարք այլ կոնկրետ քայլեր: Այսինքն` ընթացակարգային առումով կրթության համակարգում բավական ինտենսիվորեն ընթանում է այն գործընթացը, ինչն անվանում ենք եվրոպական ինտեգրացիա: Մասնավորապես հայկական մի շարք բուհերում արդեն ներդրվել են Բոլոնյան գործընթացի կարեւոր բաղադրիչներից մեկը համարվող ակադեմիական կրեդիտների կուտակման եւ գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգերը, որոնք վաղուց գործում են եվրոպական գրեթե բոլոր բուհերում:

Բոլոնյան գործընթացի կարեւոր եւ առաջնային նպատակը, սակայն, միասնական կրթական տարածության պայմաններում համադրելի չափանիշներով կրթության ապահովումն է, ինչը գործնականում արտահայտվում է ավարտական վկայականների` դիպլոմների փոխճանաչմամբ: Դա նշանակում է, որ Բոլոնյան գործընթացի բոլոր ընթացակարգերն ու փուլերն անցած պետությունների բուհերի ավարտական վկայականները համարժեք են նույն համակարգի այլ երկրների բուհերի դիպլոմների հետ: Այսինքն, օրինակ՝ Երեւանի պետական համալսարանի շրջանավարտը եվրոպական աշխատանքի շուկայում կարող է հավասար պայմաններով մրցել, ասենք, գերմանական կամ ֆրանսիական համալսարանների շրջանավարտ մասնագետների հետ: Ավելորդ է խոսել այն մասին, թե այդ հնարավորությունն ինչ նշանակություն ունի մի երկրի համար, որի ամենամեծ ռեսուրսը համարվում է ինտելեկտուալ պոտենցիալը:

Սակայն կրթության ոլորտն այն բնագավառներից է, որտեղ համակարգերի միայն արհեստական ներդրմամբ հնարավոր չէ հասնել արդյունքի: Այստեղ գուցե ավելի վճռորոշ նշանակություն ունի հասարակության, մարդկանց դերակատարումը: Հայաստանում կրթության որակական փոփոխություն կարող է տեղի ունենալ թերեւս միայն այն դեպքում, երբ փոխվի մարդկանց մտածողությունը, կրթություն ստանալու մղումը: Դժբախտաբար, մեր հասարակության մեջ դեռեւս արմատացած է այն մտայնությունը, որ բարձրագույն կրթության դիպլոմը հասարակական կարգավիճակի ապահովման երաշխիք է: Շատ-շատերը իրենց երեխաների բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունը պայմանավորում են ոչ թե մրցունակ մասնագետ դառնալու մղումով, այլ դիպլոմ ունենալու մոլուցքով, ինչը խեղաթյուրում է կրթության գաղափարն ընդհանրապես: Ցավոք, սա միայն եւ ամենեւին կրթական համակարգի խնդիր չէ եւ շղթայաբար այլ` ավելի խորքային խնդիրների պատճառ է դառնում: Քանի որ ոչ լիարժեք կրթություն ստացած շրջանավարտը հայտնվում է պետական կառավարման համակարգում, բիզնեսում, հասարակական ոլորտում… քաղաքականության մեջ: Այսինքն` քանի դեռ մարդկանց գիտակցությունն այս հարցում արմատապես չի փոխվել, քանի դեռ մարդիկ կրթությանը չեն վերաբերվում որպես մրցունակ մասնագետ դառնալու ու այդ ճանապարհով բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորության, որեւէ բարեփոխում չի կարող ամբողջությամբ արդյունավետ լինել: Եվ եթե խնդրին նայում ենք այս տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ համակարգային բարեփոխումների հարցում, բացի զուտ կրթական ոլորտի փոփոխություններից, անհրաժեշտ է նաեւ որոշակի սոցիալական, գուցե նաեւ՝ հոգեբանական աշխատանք: Այսինքն` հասարակությունը եվրոպական կրթական համակարգին պետք է ինտեգրվի առաջին հերթին մտածողությամբ, նախկին կաղապարներից ձերբազատվելով: Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը տալիս է նաեւ այդ հնարավորությունը: Պատահական չէ, որ ծրագրում կրթությանը վերաբերող բարեփոխումներն ու գործողությունները ներառված են «Մարդկային շփումներ» խորագրի ներքո: