Ընդունել է

23/09/2009

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Գունար Վիգանդի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը կարեւորել է եվրոպական գործընկերների հետ շփումները եւ այդ համատեքստում երեկ Երեւանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 10-րդ նիստի անցկացումը: Կողմերը կարեւորել են ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը: Նշվել է, որ տարեսկզբին Եվրոպական հանձնաժողովն իրականացրել է անկախ փորձագիտական հետազոտություն, որի եզրակացություններում նպատակահարմար է գտնվում Հայաստանին ներկայացնել համապարփակ եւ խորացված ազատ առեւտրի համաձայնագրի կնքման առաջարկություն: Տ. Սարգսյանը հավաստիացրել է, ՀՀ կառավարությունը հաստատակամ է եւ շահագրգիռ` արդյունավետորեն համագործակցել Եվրոպական հանձնաժողովի հետ` առեւտրի ոլորտին առնչվող օրենքների եւ հարկային ու մաքսային վարչարարության համակարգված աշխատանքների լավագույնս իրականացման համար, որոնք համահունչ են կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումների տրամաբանությանը: Նրանք կարեւորել են մի շարք ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պետական կառավարման ոլորտում բարեփոխումների խորացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը, մեր երկրին տրամադրվելիք օժանդակությանը, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: