«Բոլոնյան գործընթացը՝ ինչպես ոչ է

23/09/2009

Չնայած վերջին շրջանում շատ է խոսվում «Բոլոնյան գործընթացի» մասին, սակայն հասարակության մեծ մասը պատկերացում չունի` ինչ է իրականում այն իրենից ներկայացնում։ Հետաքրքիրն այն է, որ կրթական այս գործընթացից շատ դեպքերում անտեղյակ են անգամ կրթական համակարգի մեջ անմիջականորեն ներգրավված անձինք՝ հատկապես ուսանողները։

Իսկ «Բոլոնյան» անվանում են Եվրոպայի երկրների կողմից միասնական կրթական տարածություն ստեղծելու գործընթացը, որի մեկնարկը տրվել է 1999 թվականին՝ Իտալիայի Բոլոնիա քաղաքում Բոլոնյան հռչակագրի ստորագրմամբ։ Հռչակագրում սահմանվեցին այն հիմնական նպատակներն ու խնդիրները, որոնց լուծման դեպքում Եվրոպայի երկրներում կրթական համակարգերը կդառնան համադրելի, եւ վերջին հաշվով տեղի կունենա ազգային կրթական համակարգերի ներդաշնակեցում։

Երբ եւ ինչպես

Բոլոնյան գործընթացի ակունքները հասնում են մինչեւ 1970-ականների կեսերը, երբ Եվրոպական Միության Նախարարների խորհուրդն ընդունեց «Կրթական համակարգում համագործակցության մասին առաջին արձանագրությունը»։ 1988թ. համագործակցության մեխանիզմներն ավելի հստակեցվեցին, երբ Բոլոնիայում եվրոպական համալսարանների ռեկտորները ստորագրեցին, այսպես կոչված, Համալսարանների մեծ Խարտիան (Magna Charta Universitatum)՝ ձեւակերպելով այն սկզբունքները, որոնք հետագայում դարձան Բոլոնյան գործընթացի հիմքը։ Հաջորդ կարեւոր քայլը Սորբոնյան հռչակագրի ստորագրումն է 1998թ. (Հռչակագիրը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Միացյալ Թագավորության կրթության նախարարները)։ Դրանից մեկ տարի անց՝ 1999թ., ստորագրվեց արդեն բուն Բոլոնյան Հռչակագիրը։

Մասնակիցները

Բոլոնյան գործընթացը ներկայումս միավորում է 45 երկրներ։ Դրանք են` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիխտենշտեյնը, Թուրքիան, Խորվաթիան, Ալբանիան, Անդորրան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վատիկանը, Մակեդոնիան, Ռուսաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը։ Հայաստանը Բոլոնյան գործընթացին միացել է 2005թ.։

Խնդիրները

Բոլոնյան հռչակագրում նշված են այն խնդիրները, որոնց լուծումը պետք է նպաստի Եվրոպայի միավորմանը կրթության ոլորտում։

– Բարձրագույն կրթության ոլորտում համընդհանուր, համեմատելի կրթական աստիճանների համակարգի ներդրում,

– Անցում բարձրագույն կրթության երկաստիճան համակարգին (բակալավրիատ, մագիստրատուրա)։

– Գնահատման կրեդիտային համակարգի ներդրում,

– Ուսանողների, դասախոսների եւ ադմինիստրատիվ անձնակազմի շարժունակության բարձրացում,

– Բարձրագույն կրթության անհրաժեշտ որակի ապահովում,

– Որակավորումների եւ բարձրագույն կրթության համապատասխան փաստաթղթերի փոխադարձ ճանաչում,

– Բուհերի ինքնավարության ապահովում։

Ներկայումս վերը նշված խնդիրներին գումարվել են եւս մի քանիսը.

– ասպիրանտուրայի ներդրում՝ որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան,

– «եվրոպական չափողականության» հաղորդում բարձրագույն կրթությանը (կողմնորոշում՝ դեպի համաեվրոպական արժեքներ)։

– եվրոպական կրթության գրավչության եւ մրցունակության բարձրացում, բարձրագույն կրթության սոցիալական դերի իրականացում, մատչելիության ապահովում,

– լրացուցիչ կրթության համակարգի զարգացում, այսպես կոչված «կրթություն ողջ կյանքի ընթացքում» (LLL-Lifelong Learning) մոդելի զարգացում։

Ինչպես է ղեկավարվում գործընթացը

Բոլոնյան գործընթացի բարձրագույն մարմինը, որը որոշումներ է ընդունում գործընթացի կառուցվածքին եւ զարգացմանն առնչվող բոլոր հարցերում, հանդիսանում է անդամ-երկրների կրթության նախարարների հավաքը (գումարվում է 2 տարին մեկ անգամ)։ Հավաքների միջեւ ընկած ժամանակահատվածում կառավարումն իրականացնում է Բոլոնյան աշխատանքային խումբը (Bologna Follow-up Group), որը կազմված է յուրաքանչյուր երկրի 2-3 ներկայացուցիչներից։ Բոլոնյան խմբում նախագահում է այն երկրի ներկայացուցիչը, որը տվյալ ժամանակահատվածում նախագահում է Եվրամիությունում։

Բոլոնիայի համալսարանը աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է։ Հիմնադրվել է 11-րդ դարում, տարբեր վայրերից ժամանած իրավագիտություն ուսանողների միավորման արդյունքում։ Համալսարանին վերաբերող առաջին խարտիան հրապարակվել է 1158թ. Ֆրիդրիխ I Բարբոսա կայսեր կողմից։ 13-րդ դարում այն ուներ մոտ 10.000 ուսանող։ 20-րդ դարում համալսարանն իր առաջատար դիրքերը զիջեց Հռոմի եւ Նեապոլի համալսարաններին, սակայն մինչ այժմ հանդիսանում է Իտալիայի կարեւորագույն գիտակրթական կենտրոններից մեկը։