Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

23/09/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հայկական դիվանագիտության այս փայլուն հաղթանակը եզակի դեպք չէ անտիկ աշխարհի պատմության մեջ: Առանց ազգային սնապարծության կարող ենք փաստել, որ մենք` հայերս, ոսկե էջեր ենք թողել մարդկության վաղ շրջանի դիվանագիտության մեջ: Եթե վերը նկարագրված իրադարձություններից առաջ, դեռ մ.թ.ա. I դարի առաջին տասնամյակներում Հայաստանը արտաքին նվաճումների ճանապարհով ստեղծել է աշխարհակալ տերություն, դարձել ժամանակի հզորագույն քաղաքական ուժերից մեկը, կասկածից վեր է, որ նա ռազմական ուժի կողքին ունեցել է նաեւ ճկուն դիվանագիտություն: Մի՞թե ժամանակի հայ ամենակարկառուն դեմքը` Տիգրան Բ-ն, կարող էր վատ դիվանագետ լինել: Անշուշտ` ոչ: Նրա տերությունը ընդգրկում էր Առաջավոր Ասիայի մի մասը` տարածվելով Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչեւ Կասպիական եւ Քուռ գետից մինչեւ Միջագետք: Այդ տիպիկ հելլենիստական պետության մեջ մարդիկ խոսում էին 15 լեզուներով: «Արքայից արքա» Տիգրան Մեծը չէր կարող առանց դիվանագիտական հմտությունների կարգավորել լայնածավալ տարածքների գործերը եւ հաղորդակցվել նենգ ու ռազմատենչ հարեւանների հետ: Մեր պատմագիտության բացը կայանում է նրանում, որ մանրամասն ուսումնասիրված չէ, էլ չեմ ասում՝ վերլուծված չէ, հայ դիվանագիտության պատմությունը, ինչը կարեւոր նշանակություն ունի ներկա դիվանագիտության առաջ ծառացած խնդիրների հաջող լուծման համար: Մենք վատատեղյակ ենք նաեւ Միջին դարերի հայկական դիվանագիտությանը: Մինչդեռ միջնադարյան միջազգային դիվանագիտությունը, որը կարեւոր կամուրջ հանդիսացավ Անտիկ շրջանի, Հին ու Նոր դիվանագիտությունների միջեւ, հարուստ փորձ, ուսուցողական էջեր է պարունակում: Այդ շրջանի առաջին առանձնահատկությունն այն էր, որ խոշոր պետությունների փլուզման հետեւանքով Իտալիայում սնկի նման սկսեցին առաջանալ գաճաճ պետություն-իշխանություններ, եւ յուրաքանչյուր «սենյոր» բացելով իր «արտաքին գործերի նախարարությունը», իրեն իրավունք վերապահեց հաղորդակցվել ու բանակցել հարեւանների հետ: Դիվանագիտությունը սկսեց ձեւավորվել որպես մասնագիտություն, իսկ վենետիկյան հոգեւորականները փորձեցին ապացուցել, որ առաջին դիվանագետները եղել են հրեշտակները, որոնք որպես դեսպաններ ապահովել են հաղորդակցությունը Աստծո եւ հասարակ մահկանացուների միջեւ: Այդ պոստուլատը քննադատության ենթարկվեց դիվանագիտական ասպարեզի երեւելի դեմքերի` Դանթեի, Պետրարկայի, Բոկաչիոյի, իսկ ավելի ուշ` Մաքիավելիի եւ Գվիչարդինիի կողմից: Բոլոր դեպքերում դիվանագիտական հաղորդակցությունը իր հետագա զարգացումը ապրեց նույն Իտալիայում` նպաստելով կապիտալիստական հարաբերությունների երեւան գալուն եւ առեւտրագործնական շփումների զարգացմանը: Չնայած առաջին դիվանագետ-հրեշտակների մասին հոգեւոր դասի վիճահարույց տեսություններին, կաթոլիկ եկեղեցին նկատելիորեն նպաստեց դիվանագիտության առաջընթացին, երբ Հռոմի պապի ներկայացուցիչները` նունցիաները, հաստատվեցին Եվրոպայով մեկ, որոնք մինչեւ օրս էլ նկատելի դեր են խաղում պետությունների դիվանագիտական հարաբերություններում ու միջազգային կյանքում: Նախկինում եւ մեր օրերում դիվանագիտական բանակցությունների նրանց մեխանիզմները, պայմանագրային փաստաթղթերը եւ գրագրությունը կարող են օրինակ հանդիսանալ այլ երկրների դիվանագիտական ծառայությունների համար: 1648 թվին Երեսնամյա պատերազմի ավարտը ավետեց նոր տիպի միջազգային հարաբերությունների սկիզբը: Վեստֆալյան պայմանագրով առաջին անգամ ճանաչվեց պետական անկախության սկզբունքը, համաձայն որի՝ յուրաքանչյուր պետություն իր տարածքում օժտված է լիիրավ իշխանության իրավունքով, իսկ մյուս պետությունները պարտավոր են հարգել այդ իրավունքը: Եվրոպացիները սկսեցին կառուցել միջպետական հարաբերությունների մեխանիզմներ եւ կառավարման ապարատ, սահմանեցին անհրաժեշտ քաղաքական եւ իրավական նորմեր: Շնորհիվ այս ամենի՝ դիվանագիտական հաղորդակցությունը եւ բանակցությունները բարձրացան որակական նոր աստիճանի եւ հետագա զարգացում ապրեցին 1815 թվի Վիեննայի ռեգլամենտի եւ «Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի» (1961 թ., 18 ապրիլի) շրջանակներում: Քանի որ մեր նպատակը այս հոդվածաշարում դիվանագիտության հաղորդակցությունն է` իր տեսակների եւ առանձնահատկությունների մեջ, ես այստեղ կընդհատեմ դիվանագիտության պատմության համառոտ պատմությունը եւ կանցնեմ քննարկվելիք թեմային: Այդուհանդերձ, մենք հետագայում կանդրադառնանք դիվանագիտության, այդ թվում՝ հայկական դիվանագիտության պատմության կարեւոր դրվագներին` կապելով այն դիվանագիտական արվեստի եւ պրակտիկայի կոնկրետ եւ հետաքրքրություն ներկայացնող դրվագների հետ:

Դիվանագիտական զրույց

Ժամանակակից դիվանագիտական պրակտիկայում գոյություն ունեն հաղորդակցության մի քանի տեսակներ, որոնք ընդունված են բոլոր երկրների դիվանագիտական ծառայությունների կողմից եւ գործում են պետությունների միջազգային հարաբերություններում: Հաղորդակցության հիմնական ձեւերն են` դիվանագիտական զրույցը, բանակցությունները, հանդիպումները, խորհրդակցությունները, սիմպոզիումները, կլոր սեղանները, բանավեճերը, զեկուցումները, մամլո ասուլիսները, հեռախոսային եւ ինտերնետային կապը, զանգվածային լրատվական միջոցները եւ այլն: Նշված ձեւերից անդրադառնանք դասականին եւ ամենատարածվածին` դիվանագիտական զրույցին, որը դիվանագետի գործունեության հիմնական եւ ամենակարեւոր բաղկացուցիչն է, ինչպես նրա նախարարությունում գտնվելու, այնպես էլ արտասահմանում աշխատելու ժամանակ: Իսկ այդ զրույցի պատշաճ եւ գրագետ ձեւակերպումը, այսինքն՝ գրառումը եւ ղեկավարությանը ներկայացնելը դիվանագիտական գրագրության հիմքերի հիմքն է: Չկա զրույց` չկա եւ դիվանագիտություն: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Արեւմտյան եւ ռուս մի շարք տեսաբաններ` նույնացնելով դիվանագիտությունը եւ բանակցությունները, փաստում են այն իրողությունը, որ դիվանագիտությունը, ինչպես նաեւ պետությունների միջազգային հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը իրագործվում են հանդիպումների ու զրույցների միջոցով: Ժամանակակից տեխնոլոգիաների բուռն զարգացումը, էլեկտրոնային տեխնիկայի եւ հաղորդակցության միջոցների ներթափանցումը կյանքի բոլոր ոլորտներ, այդ թվում եւ՝ դիվանագիտական ծառայության համակարգ, իր հետ բերում են այդ հնագույն մասնագիտության դարերով մշակված ու ամրագրված կանոնների վերանայում` անգամ քննադատություն: Հնչում են կարծիքներ, հատկապես երիտասարդ դիվանագետների կողմից, թե «ժամանակավրեպ է 21-րդ դարում զբաղվել դիվանագիտական «թղթաբանությամբ»: Այսպիսի մոտեցումը առավել քան արատավոր է, երբ ասվում է. «Իսկ ո՞ւմ են հարկավոր դեսպանության քաղաքական հաշվետվությունները, տեղեկանքները, զրույցների գրառումները, երբ կա ինտերնետ»: Սա վտանգավոր պրակտիկա է, որը շրջանառվում է նաեւ Հայաստանի ԱԳՆ-ում, ինչը կարող է մեծապես վնասել հանրապետությունում համարժեք դիվանագիտական ծառայություն ստեղծելուն: Նման մտածելակերպը վկայում է, որ այն կրողները, մեղմ ասած, անտեղյակ են դիվանագիտության պատմությանը: Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը պետությունները կարեւորագույն ինֆորմացիան` տեղեկատվությունը, իմացել են ոչ թե պաշտոնական աղբյուրներից` թագավորական հրովարտակներից, ԶԼՄ-ներից եւ ինտերնետից, այլ զրույցներից, անձնական, վստահավատ զրույցներից: Այն ինֆորմացիան, որը մասնավոր անձնական զրույցներից քաղում են փորձված դիվանագետները եւ հետախույզները` դժվար է գերագնահատել: Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, 1941 թվի դեկտեմբերին, երբ Մոսկվայի ճակատագիրը մազից էր կախված, խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն Տոկիոյից հաղորդեց, որ Ճապոնիան մտադրություն չունի հարձակվել Խորհրդային Միության վրա, եւ որ Քվանտունյան բանակը հարվածը կհասցնի Հարավ-Արեւելյան Ասիայի ուղղությամբ: Այդ ինֆորմացիան հնարավորություն ընձեռեց խորհրդային դիվիզիաները Արեւելքից տեղափոխել Արեւմուտք եւ Մոսկվայի տակ անցնել ուժեղացված հակահարձակման` ետ շպրտելով գերմանացիներին: Մոսկվան փաստորեն փրկվեց Զորգեի ինֆորմացիայի շնորհիվ, որը նա, հաստատաբար, ձեռք չէր բերել ճապոնական եւ կամ գերմանական մամուլից: Պատմությանը հայտնի են բազմաթիվ նման օրինակներ: Վերցնենք դրանցից ամենաթարմը: Թուրքական հետախուզությունը վաղօրոք տեղեկացել էր 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան ռազմական բախումների մասին: Կանխատեսելով Սահակաշվիլու պարտությունը` Անկարան զգուշացրել էր Ալիեւին ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններից (Ալիեւը ունեցել է նման պլաններ), ինչը կարող էր բերել կովկասյան համընդհանուր պատերազմի: Այս ամենի հիմքում, բնականաբար, ընկած են անձնական զրույցները եւ դրանցից քաղած ինֆորմացիան, այլ ոչ թե ինտերնետային նյութերը: Դիվանագիտական զրույցի հաճախականությունն ու քանակը արտասահմանում եւ նախարարությունում տարբերվում են եւ սովորաբար ունեն 10:1 հարաբերություն: Նախարարությունում աշխատելու ընթացքում դիվանագետը զրուցում է բացառապես տվյալ երկրում հավատարմագրված դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այն էլ՝ ըստ անհրաժեշտության` պահելով դիվանագիտական աստիճանների հարգման կանոնները: Այսպես, օտարերկրյա դեսպանին կամ միջազգային կազմակերպության ղեկավարին ընդունում եւ նրանց հետ զրուցում են արտգործնախարարը, նրա տեղակալները, մեծ երկրներում` վարչության պետերը կամ բաժնի վարիչները, իսկ խորհրդականները, առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարները եւ կցորդները շփվում են համապատասխան դիվանագիտական աստիճաններ ունեցող օտարերկրյա գործընկերների հետ: Դիվանագիտական զրույցների մեթոդիկան արտասահմանում աշխատելիս նույնպես բոլոր առումներով այլ է: Վերցնենք դեսպանի հանդիպումների եւ զրույցների գործընթացը: Ժամանելով երկիր` դեսպանը պարտադրաբար առաջինը այցելում է արտգործնախարարին եւ հանձնում հավատարմագրերի կրկնօրինակը: Հավատարմագրերը երկրի նախագահին հանձնվում են հետո: Հայտնի են դեպքեր, երբ երկրի արարողակարգի անկազմակերպվածության, իսկ երբեմն՝ քաղաքական մոտիվներով հավատարմագրերի հանձնումը նախագահին ձգձվում է ամիսներով, դեպքեր են եղել` տարով ու ավելի: Քանի դեռ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը երկրի նախագահին, նա լիարժեք չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը, հետեւաբար չի կարող ունենալ ակտիվ հանդիպումներ ու զրույցներ դեսպանընկալ երկրի քաղաքական եւ հասարակական գործիչների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հավատարմագրերը հանձնելուց հետո դեսպանը կազմում է այցելությունների ժամանակացույց: Արարողակարգի չգրված օրենքի համաձայն՝ երկրորդ այցելությունը դեսպանը տալիս է դիվանագիտական կորպուսի դուայենին: (Դուայենը դիվանագիտական կորպուսի ավագն է, որը նշանակվում է ըստ դեսպանների երկիր ժամանելու տարեթվի հերթականության: Տիտղոսը զուտ արարողակարգային է): Այնուհետեւ նա այցելում է օրենսդրական ու գործադիր մարմինների ղեկավարներին` պառլամենտի նախագահին եւ պրեմիեր-մինիստրին: Գալով դիվանագիտական կորպուսին` դեսպանի այցելությունները, իմ կարծիքով, պետք է ունենան որոշակի քաղաքական ուղղվածություն: Հայաստանի դեսպաններին ես խորհուրդ կտայի դուայենին այցելելուց հետո օտար երկրների դեսպանների այցելությունները իրականացնել հետեւյալ հերթականությամբ` Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ապա մյուս երկրների դեսպաններին:

Պաշտոնական զրույց

Այս տիպի զրույցների համար դեսպանը կազմում է այցելությունների մոտավորապես հետեւյալ սխեման: Պառլամենտի, կառավարության անդամներ, կուսակցությունների լիդերներ, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, հոգեւոր առաջնորդներ, խոշոր գործարարներ, գիտության, կրթության եւ արվեստի ակնառու ներկայացուցիչներ: Ընդդիմության հետ հանդիպումների թեմային կանդրադառնանք առանձին: Ցուցակը կարելի է շարունակել, ընդգրկելով դիվանագիտական կորպուսը: Հանդիպումների եւ զրույցների ժամանակացույց է կազմվում նաեւ դեսպանության յուրաքանչյուր դիվանագետի համար` համապատասխան նրանց աստիճանների: Փոքր դեսպանություններում՝ այն հաստատվում եւ հսկվում է դեսպանի, մեծ դեսպանություններում` դեսպանորդի կամ համապատասխան խմբի ղեկավարի կողմից, իսկ հանդիպումների եւ կայացած զրույցների արդյունքները քննարկվում են արտադրական խորհրդակցություններում, ինչը դեսպանության ներսում քաղաքական ինֆորմացիայի փոխանակման եւ երիտասարդ կադրերի կատարելագործման օպտիմալ միջոցներից մեկն է: Դեսպանի հանդիպումների ժամանակացույցը ենթակա է փոփոխության, քանի որ Կենտրոնը պարբերաբար հանձնարարում է նրան այցելել դեսպանընկալ երկրի ղեկավարությանը եւ փոխանցել այս կամ այն ուղերձը: Կամ էլ դեսպանն է տարբեր առիթներով պաշտոնապես հրավիրվում երկրի ղեկավարության մոտ, իսկ հիմնականում` արտգործնախարարություն: Երկու դեպքում էլ բարձր պրոֆեսիոնալիզմի տեր, փորձված դիվանագետը օգտագործում է առիթը` հանգամանալից եւ օգտավետ զրույցի համար:

Սառը պատերազմի տարիներին, 70-80-ական թվականներին, խորհրդային դիվանագետների գործունեության ուղղություններից մեկը քիմիական եւ բակտերեոլոգիական զենքի տարածման արգելումն էր: Չնայած բանակցությունները հիմնականում ընթանում էին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կամ ՄԱԿ-ի շրջանակներում, բայց այդ խնդրի շուրջ դիվանագիտական եւ պրոպագանդիստական պայքարում այս կամ այն չափով ընդգրկված էին արտասահմանյան բոլոր ներկայացուցչությունները: Սենեգալում խորհրդային դեսպանությունը պարբերաբար ստանում էր ցուցումներ` այցելել երկրի այս կամ այն պաշտոնական ներկայացուցչին, շարադրել Մոսկվայի դիրքորոշումը եւ հանձնել խորհրդային կառավարության կամ ԱԳՆ-ի համապատասխան հուշագիրը: Դա մի տանջալից պրոցես էր սենեգալցի ղեկավարների համար, որոնք` իրենց ամենօրյա ծանր հոգսերով տարված, գաղափար անգամ չունեին քիմիական եւ բակտերեոլոգիական զենքից: Դեսպան Յուրի Բելսկին, որին ես հաճախ ուղեկցում էի այդ ացելությունների ժամանակ՝ որպես դեսպանության առաջին խորհրդական, ցուցաբերում էր դիվանագիտական ճկունություն, տակտ եւ զրույցը վարելու հմտություն: Իրեն հատկացված ժամանակի սահմաններում, նա ոչ միայն ընդունող կողմին սպառիչ կերպով փոխանցում էր Կենտրոնի հանձնարարությունը, մեկնաբանում այն, տալիս բացատրություններ, այլեւ հասցնում էր շոշափել մեր կողմին հետաքրքրող հարցեր, քաղում կարեւոր ինֆորմացիա: Բելսկին մեծ փորձառություն ունեցող, բարձր կուլտուրայի տեր դիվանագետ էր: Նրա հետ աշխատելը դիվանագիտական հանդիպումների անցկացման եւ արդյունավետ զրույցների լավ դպրոց էր ինձ համար:

Հեղինակի անձնական արխիվից

Շարունակելի