«Հայֆեստի» «մեխը» տիկնիկներն են

23/09/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում արդեն 7-րդ անգամ կմեկնարկի «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որում ընդգրկված կլինեն 50 բեմադրություններ: Ինչպես միշտ, փառատոնը տարբեր թատերային ժանրերի կոլաժ է լինելու, հնարավոր կլինի տեսնել դրամաներ, պարային ներկայացումներ, մատների, ստվերների, տիկնիկների ու առարկաների շարժման վրա հիմնված բեմադրություններ: Թատերական աշխատանքների ամպլիտուդան մեծ է լինելու։ «Հայֆեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ ցուցադրվելու են ինչպես բոլորին (անգամ մանուկներին) հասկանալի, այնպես էլ լուրջ վերլուծություն պահանջող եւ միայն թատերագետների համար ընդունելի ներկայացումները: Ֆինանսական ճգնաժամը ազդել է փառատոնի վրա, մեկնարկից մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ մի քանի թատերախումբ չի կարող գալ Հայաստան` գումար չլինելու պատճառով: «Այնպես որ, այս տարի «Հայֆեստը» փոքր կլինի, բայց դա չի նշանակում, որ այն վատը կլինի»,- նշեց Ա.Ղուկասյանը: Փառատոնը կբացվի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցող փոքր բացօթյա բեմադրությամբ, այնուհետեւ արդեն փակ դահլիճում կցուցադրվի բուլղարական «Կրեդո» թատրոնի «Շինել» ներկայացումը: «Հայֆեստի» ամենավառ մասնակիցը կդառնա ֆրանսիացի ռեժիսոր Ֆիլիպ Ժանտին, ով արդեն տասնամյակներ շարունակ հանդիսատեսին է ներկայացնում մարդանման տիկնիկների կախարդական ուղեւորություններ հիշեցնող բեմադրությունները: Ֆ.Ժանտին վստահ է, որ տիկնիկը մարդ էակին պրովոկացիա անելու համար է ստեղծվել: Այդ մտքին հավատարիմ մնալով` նա օգտագործում է տեխնիկապես բարդ հնարքները, կերպարանափոխման ֆոկուսներն ու կրկեսային տարրերը: Եվ եթե տիկնիկին մեծ լիազորություններ ես տալիս, ապա այն անպայման օրերից մի օր կցանկանա իշխել իր տիրոջ վրա, խոսել նրա անունից ու յուրացնել մարդկային մարմինը: Կամ էլ ընդհակառակը` մարդկային դիմակ դառնալով, կօգնի մարդուն ինքնադրսեւորվել: «Թատրոնը արկածային ճանապարհորդություն է, ես էլ ճանապարհորդում եմ` սուզվելով իմ սեփական երազների ու հուշերի մեջ: Պատանեկան տարիներին ես չէի կարող շփվել մարդկանց հետ, եւ ինձ բոլորը պարանոիկ էին անվանում: Հետո, երբ մեծացա ու վերլուծեցի ներքին հոգեվիճակս, հասկացա, որ հաղորդակցվելու համար ինձ տիկնիկ է հարկավոր»,- ասում է Ֆ.Ժանտին` հաշտեցնելով ու միավորելով իր ներկայացումներում Ֆրեյդի հոգեանալիզն ու խաղի տարերքը: Երեւանում նա կցուցադրի «Զիգմունդ Ֆոլի» ներկայացումը: «Իմ ներկայացումները ցանկացած մարդ յուրովի է մեկնաբանում: Բայց անպայման մեկնաբանում է, քանի որ ես առաջարկում եմ նրանց սյուրռեալիստական ուղեւորություն կատարել դեպի ներաշխարհ»,- ասում է Ֆ.Ժանտին, որ 40 տարի առաջ շուրջերկրյա ճանապարհորդություն է կազմակերպել իր տիկնիկների հետ` անցնելով անապատներն ու տափաստանները եւ պրոպագանդելով թատրոնի իր տեսակետը: «Հայֆեստի» շրջանակներում տեղի կունենան սեմինարներ, որոնք նվիրված կլինեն բեմանկարչության ու բեմական դիզայնի նոր տենդենցներին, ինչպես նաեւ կշարունակվեն արդեն երկու շաբաթ առաջ մեկնարկած ժամանակակից հայկական դրամատուրգիայի ընթերցումները: Ա.Ղուկասյանը նշեց, որ այս տարի «հզոր հայկական մասնակցություն կլինի», եւ շատ հայաստանյան թատրոններ կցուցադրեն իրենց նոր աշխատանքները: