Բրիտանական Խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը եւ «Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը» ուրախ են տեղեկացնել Ջոն Սմիթի անվան 2010թ. ծրագրի բաց մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի մեկնարկը հայտարարելու նպատակով Մեծ Բրիտանիայից Հայաստան են ժամանում «Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհրդի» ներկայացուցիչ Էյսլինգ Քոնբոյը եւ հայտնի քաղաքական մեկնաբան, լրագրող Իեն Դեյլը: Նրանց մասնակցությամբ սեպտեմբերի 7-ին` ժ. 16:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի Գառնի սրահում կկայանա շնորհանդես-տեղեկատվական հանդիպում` ներկայացնելու 2010թ. ծրագիրն ու մրցութային կարգը, պատասխանելու պոտենցիալ դիմորդների եւ լրագրողների հարցերին: Միջոցառմանը ներկա են գտնվելու նաեւ նախորդ տարիների շրջանավարտներ:
Ջոն Սմիթի անվան ծրագիրը ինտենսիվ հինգշաբաթյա ծրագիր է կառավարման, ժողովրդավարության եւ հասարակական արդարադատության բնագավառներում, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի ամռանը Միացյալ Թագավորությունում։ Կազմակերպիչները հոգում են ծրագրի բոլոր ծախսերը: Մասնակիցներն ընտրվում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից մրցութային կարգով. Հայաստանում այսօր կան ծրագրի 30-ից ավելի շրջանավարտներ։
Ծրագրին կարող են դիմել 25-40 տարեկան քաղաքական ոլորտում, պետական կառույցներում, տեղական կառավարման համակարգում, բիզնեսի, ԶԼՄ-ների կամ քաղաքացիական հասարակության բնագավառում աշխատող երիտասարդները, ովքեր ունեն ձեռքբերումներ լավ կառավարման եւ հանրային ծառայությունների ոլորտում: Դիմումներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 9-ը` ժ. 17:00-ն: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.britishcouncil.am կայքէջում:
Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաեւ հարցազրույցների եւ լուսանկարների համար խնդրում ենք դիմել Բրիտանական Խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանին (հեռ.` 569923, բջջ. 091 437196, էլ. հասցե` [email protected]):