«ԱրմենՏելը» ցանկանում է դառնալ լավագույն օպերատորը

27/08/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«ԱրմենՏելն» արդեն փոխհատուցել է իր բաժանորդներին պատճառած վնասները,
մասնավորապես, տրամադրելով 1200 դրամ՝ «Իզի» քարտերի եւ պայմանագրային
քարտերի բաժանորդներին՝ 50% ամսական վարձավճարի զեղչ հուլիս ամսվա համար:
Իսկ օգոստոս ամսին «ԱրմենՏելը» պատրաստվում է պաշտոնապես հայտարարել, թե
իրականում որն էր բջջային ցանցում առաջացած խափանման հիմնական պատճառը:
 

Թեեւ գրեթե մեկ ամիս տարբեր վարկածներ էին շրջանառվում «ԱրմենՏելի» կապի
անսարքության վերաբերյալ, սակայն օրերս պարզվել է, որ շարժական կապի
անմխիթար վիճակը միանգամայն այլ էր: Պատճառն ավելի լուրջ էր, քան
ենթադրվում էր: Մենք այցելեցինք բջջային ցանցի կենտրոնական կայան եւ
ծանոթացանք արտերկրից հրավիրված մասնագետների աշխատանքներին: Նրանց
կարծիքով՝ բջջային կապը նախագծելիս անհրաժեշտ էր ուսումնասիրել պոտենցիալ
բաժանորդների շուկան, հետեւաբար, պետք է հստակ հաշվարկված լիներ
բաժանորդների պահանջարկը: Քանի դեռ «ԱրմենՏելը» կապի ոլորտում մենաշնորհի
կարգավիճակով էր գործում, եւ բաժանորդների քանակությունն այդքան մեծ չէր,
բջջային կապի նախագծի թերացումներն էական վտանգ չէին ներկայացնում, բայց
երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմի» մուտքը խթանեց, որ այդ թերություններն ի
հայտ գան, քանի որ հաճախականությունները միանգամից գերծանրաբեռնվեցին:
Համաձայն արտասահմանից հրավիրված մասնագետների վերլուծության՝ երկրորդ
օպերատորի՝ «Ղ-Տելեկոմի» մուտքը կապի ոլորտ անհամեմատ ընդլայնել է
բաժանորդների շուկան, ինչի արդյունքում սպառողների քանակությունը
գերազանցել է հաճախականությունների սպասարկման կարողություններին եւ
շարժական կապի անկում է գրանցվել:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե շարժական կապի խափանման
պատճառ կարող էր հանդիսանալ իբրեւ անբարեխիղճ մրցակից՝ «Ղ-Տելեկոմը», ապա
«ԱրմենՏելի» ներկայացուցիչները մեզ հետ զրույցում դա բացառեցին՝ լուրերն
անվանելով ապատեղեկատվություն: «ԱրմենՏել» ընկերությունը նույնիսկ
ողջունում է մրցակցի՝ «Ղ-Տելեկոմի» մուտքը կապի ոլորտ, համարելով, որ
մրցակցային պայմաններում տնտեսվարող սուբյեկտները շահագրգռված են լինում
էլ ավելի բարելավել կապի որակը եւ ամեն ինչ անել հնարավորինս շատ
բաժանորդներ ձեռք բերելու համար:  

Ինչեւէ, այսօր «ԱրմենՏելն» աշխատանքներ է կատարում իր բաժանորդների համար
քաղաքակիրթ երկրներին հատուկ բջջային կապով ապահովելու ուղղությամբ:
«ԱրմենՏելի» ներկայացուցիչները մեզ վստահեցնում են, որ ընկերությունն
այլեւս որդեգրում է այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը մատչելի
կլինի հայ հասարակության բոլոր խավերի համար: Ընկերությունը խոստանում է
կապի բարձր որակով եւ բազում անակնկալներով բաժանորդների համար լինել
Հայաստանի շարժական կապի լավագույն օպերատորը: