Ճապոնիայի երկարակյացները

23/09/2009

Արեւելքի այս երկրում` Ճապոնիայում, ներկայումս 100 տարեկանից բարձր մոտ 36.280 մարդ է ապրում, մեծամասնությունը` կանայք: Այս թվերը վկայում են այն մասին, որ այսօրվա դրությամբ Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը` մարդկանց կյանքի տեւողությամբ` միջինը 82 տարեկան: Ո՞րն է այս ամենի գաղտնիքը: Մասնագետները գտնում են, որ դրանում իրենց մեծ դերն ունեն սննդակարգն ու ճապոնացիների յուրահատուկ աշխարհընկալումը` նրանք կարողանում են արագ հարմարվել շրջապատին ու դառնալ իրավիճակի մի մասնիկը:

Երկարակյացներ են համարվում հատկապես Օկինավա կղզու բնակիչները. Ճապոնիայի երկարակյացների մոտ 20 տոկոսն ապրում է Խաղաղ օվկիանոսում գտնվող այս փոքրիկ հողակտորի վրա: Այստեղի բնակիչներն ընդունում են բուսակերության տարբերակը եւ գտնում են, որ պետք է ուտել շատ քիչ չափաբաժիններով ու ճաշի սեղանից վեր կենալ կիսաքաղցած` այնպիսի տպավորությամբ, որ կարծես այդ սնունդը օժտված է ինչ-որ բուժական հատկություններով: Ու նաեւ խմել որքան հնարավոր է թեյ, ուտել վարունգ, խնձոր, նարինջ, անյուղ յոգուրտ: Իսկ սննդի մեջ պետք է խիստ չափավորել բրինձը, մակարոնեղենն ու կարտոֆիլը: Այս ամենի հետ մեկտեղ, երկար ապրելու համար, չի կարելի նստակյաց կյանք վարել: Օկինավայում գեր մարդ չկա: