Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավում արդեն քննարկում են այն պատմաբանների անունները, ովքեր կարող են ընդգրկվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված արձանագրություններով նախատեսված հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովում: Այդ պատմաբանների մեծ մասի անունները հանրությանը հայտնի են. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, պատմական գիտությունների դոկտորներ Լավրենտի Բարսեղյան, Գեւորգ Խուդինյան, Արմեն Այվազյան: Այդ հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաեւ Կտրիճ Սարդարյանը, Հակոբ Չաքրյանը եւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ենթահանձնաժողովի ստեղծման մասին դեռ տեղեկություններ չունի, բայց չի բացառել, որ կարող է իր մասնակցությունն ունենալ այդ հանձնաժողովի աշխատանքներում: