Անսպասելի սպասողականություն

18/09/2009

Շուրջ երեք ամսվա ամառային դադարից հետո երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որին հաջորդել է երթը` Երեւանի Կենտրոնով: Հանրահավաքում սովորականից ավելի ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով անցած ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր կարեւոր իրադարձություններին, բնականաբար` առավելապես հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումներին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես միշտ, հագեցած է եղել փաստարկված գնահատականներով ու մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի լուծման ոչ հայանպաստ զարգացումների մասին մտահոգություններով ու կանխատեսումներով, որոնք կանխելու միակ տարբերակը, ըստ Տեր-Պետրոսյանի, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Սակայն Լ.Տեր-Պետրոսյանը երեկ խոստովանել է նաեւ, որ առանց այլ քաղաքական ուժերի աջակցության՝ ՀԱԿ-ը միայնակ չի կարող հասնել դրան: «Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց, Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»,- իր ելույթի վերջում հայտարարել է Լ.Տեր- Պետրոսյանը: Անշուշտ, այս հայտարարությունը առաջիկայում դառնալու է քաղաքական քննարկումների հիմնական թեման` իշխանությունները դա որակելու են որպես պարտություն, ընդդիմությունը` որպես մարտավարական դադար կամ մեկ այլ իմաստուն քայլ: Անկախ այդ գնահատականներից, սակայն, արդեն կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է որոշակիորեն նոր փուլ: Մինչեւ երեկ, քաղաքական զարգացումները, նաեւ դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը պայմանավորվում էին նաեւ «հաջորդ հանրահավաքի» վճռական, շրջադարձային, հուժկու, բեկումնային լինելու մասին խոստումների սպասումով: Երեկվանից հետո արդեն ՀԱԿ-ն է հայտնվում սպասողի դերում,,,