Մարտի 1-2 դեպքերի պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցին ծանոթանալուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եկել է հետեւյալ եզրահանգման. «Սկզբից մինչեւ վերջ խնայել են Դատախազությանը»: Ըստ «Ա1+»-ի, Ա. Հարությունյանը գտնում է, որ ամբողջ զեկույցում հարցադրումները ճիշտ են կատարված, սակայն դրանց պատասխաններում, նկարագրական մասում հանձնաժողովը թերացել է: Արմեն Հարությունյանի խոսքերով` «Կոնկրետիկա չկա»: ՄԻ պաշտպանին չի բավարարում այն փաստը, որ հանձնաժողովը բացասական օրինակներ է մեջբերել միայն ընդդիմությունից: «Զեկույցում խոսք չկա նաեւ արտակարգ դրության մասին, որը տարածվել է հիմնականում ընդդիմադիր մամուլի վրա: 10 մահվան դեպքերի վերաբերյալ վերաբերմունքը շատ մեղմ է»,- ասել է Արմեն Հարությունյանը: Նա դրական համարում է այն, որ Ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում տեղ են գտել քաղաքացիների նկատմամբ բռնությունները, այն, որ Ազատության հրապարակում Ոստիկանության հայտնաբերած զենքերը չեն վերագրվել ընդդիմությանը, որ նշվել է, թե Մարտի մեկի պատճառը երկրում մի խմբի արտոնություններ տալն էր, օլիգարխիկ համակարգի ձեւավորումը: «Այդ ամենի պատասխանատուն իշխանություններն են»,- ասել է ՄԻ պաշտպանը, ում կարծիքով՝ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը կարելի է համարել մեկ քայլ առաջ: Նրան սակայն զարմացնում է Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությունը, թե Մարտի 1-ի էջը փակված է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում, որ այն կրկնվի: «Մենք ձեզ հետ ոչ Մարտի 1-ի էջը փակողն ենք եւ ոչ էլ բացողը: Մարտի 1-ը մեր պատմության տխուր էջերից է, որից պետք է դասեր քաղել»,- ասել է Արմեն Հարությունյանը: Ի տարբերություն Նիկոյանի՝ օմբուդսմենը կարծում է, որ Ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից հետո Մարտի 1-ի նոր էջ է բացվում՝ նոր միջոցառումներ են անհրաժեշտ այն վերջնական բացահայտելու համար: Ի դեպ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր ամփոփիչ եզրակացության մեջ նշել էր, որ եթե արտակարգ դրությունն ավելի վաղ հայտարարվեր, ապա Մարտի 1-ի հետեւանքներն այդքան խորը չէին լինի: Հանձնաժողովի այս եզրահանգումը ուղիղ մեղադրանք չէ՞ Ռոբերտ Քոչարյանին, եւ արդյո՞ք մարտի 1-ի համար Քոչարյանի միակ մեղքը արտակարգ դրությունը ուշ հայտարարելն է: «Ա1+»-ի այս հարցին Արմեն Հարությունյանը պատասխանել է. «Ես չէի ցանկանա այդ հարցին պատասխանել, քանի որ այն այլ դաշտ է տանում, սակայն կասեմ` արտակարգ դրությունը պետք էր: Այն ամենից հետո, ինչ կատարվել էր, հնարավոր չէր արտակարգ դրություն չհայտարարել, սակայն այդ արտակարգ դրությունն էլ շարունակեց արատավոր պրակտիկան»: