ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 17-ի հրամանագրերով Անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ տարբեր ոլորտի մի շարք գործիչների շնորհվել են պատվավոր եւ զինվորական կոչումներ: Մասնավորապես «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը ստացել են ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում, իսկ հեռուստալրագրող Ցվետանա Բոյանովա Պասկալեւան եւ «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով, ինչի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին: Նույն օրվա այլ հրամանագրերով Ս. Սարգսյանը վաստակավոր բժշկի կոչում է շնորհել եւ Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրել է առողջապահության բնագավառի մի շարք մասնագետների: Ինչ վերաբերում է զինվորականներին, ապա երեկ բարձրացվել են արդեն բարձր կոչումներ ունեցող մի քանի «կարկառուն» զինվորականների կոչումներ: Մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ գեներալ-մայորներ Հայկազ Բաղմանյանին եւ Արշալույս Փայտյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Իսկ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս Պողոսյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի Հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը ստացել են գեներալ-մայորի կոչումներ։ Գեներալի կոչմանը համարժեք եւս մեկ կոչում շնորհվել է ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Եսայանին: Ս. Սարգսյանի հրամանագրով վերջինիս շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Սա ուշագրավ է նրանով, որ Ա. Եսայանը «ընդունված կարգի» համաձայն, որեւէ կլանի չի պատկանում եւ դատախազական համակարգում կրթված կադրի համարում ունի: 38-ամյա Եսայանը իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ առաջիկայում նաեւ դոկտորական ատենախոսություն է պաշտպանելու: Սակայն Եսայանին` արդարադատության երրորդ դասի խորհրդականի աստիճանի շնորհումը հայաստանյան իրողությունների պայմաններում զարմանալի է այլ պատճառով. ըստ դատախազական համակարգին մոտ կանգնած աղբյուրների, Եսայանը հայտնի է նրանով, որ հրաժարվում է «պետպատվերով» գործերից եւ հաճախ այդ պատճառով հակասություններ է ունենում վերադասների հետ: Թե ինչպես է նրա անունը հայտնվել կոչումներ ստացողների ցանկում՝ դժվար է ասել: Այդուհանդերձ, լավ է, որ Եսայանի փոխարեն հերթական կոչումը չեն ստացել կորյունփիլոյանատիպ դատախազները: