Երկուսուկես ամիս ընդմիջումից հետո Մատենադարանին հարող տարածքում երեկ տեղի ունեցավ ՀԱԿ հանրահավաքը: Հիշեցնենք, որ քաղաքապետարանն այս անգամ արտոնել էր թե՛ հանրահավաքը, թե՛ դրան հաջորդող երթը:
Քաղաքում ոստիկաններն առանձնապես չէին խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, բայց որոշակի խոչընդոտներ էին հարուցել մարզերից եկող մարդկանց համար: Բոլոր դեպքերում, երեկվա հանրահավաքն ու երթն անցան առանց որեւէ լուրջ միջադեպերի: Մատենադարանի հարթակում են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները: Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն իր բացման խոսքում շնորհավորեց քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նախ տեղեկացրեց, որ հանրահավաքում այս անգամ պետք է խոսեր նաեւ Խաչատուր Սուքիասյանը, սակայն նրան հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Չի բացառվում, որ ՀՔԾ-ն Խ.Սուքիասյանին հատուկ է այդ ժամին հրավիրել հարցաքննության, որպեսզի նա չկարողանա մասնակցել հանրահավաքին: Նա Դատախազության շենքից դուրս է եկել միայն 22:10-ին, երբ արդեն ավարտվել էր թե՛ հանրահավաքը, թե՛ երթը:
Իսկ ընդդիմադիր գործիչներն իրենց ելույթներում, ինչպես ենթադրվում էր, հիմնականում անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Ելույթները, սակայն, շատ չէին, խոսեցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը եւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Փոխարենը բավականին ծավալուն ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լ.Զուրաբյանը նախ շնորհակալություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին եւ ասաց, թե քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին հենց նրանց պայքարի շնորհիվ, եւ նրանց հետեւողականության շնորհիվ կազատվեն դեռեւս բանտերում գտնվող մյուս քաղբանտարկյալները: Հետո հայտնեց, որ վերջերս Լոս Անջելես կատարած այցի ժամանակ հասկացել է, որ տեղի մեծ հայ համայնքը կանգնած է շարժման, պայքար մղող ժողովրդի կողքին: Տեղեկացրեց, որ ամերիկահայերին մտահոգում է հարցը, թե ՀԱԿ-ը ե՞րբ է անցնելու վճռական գործողությունների: «Ընդդիմությունը պետք է շատ հստակ հաշվարկի իր քայլերը եւ վճռական գրոհի անցնի այն ժամանակ, երբ հայ հասարակության եւ միջազգային հանրության համար պարզ կլինի այս ռեժիմի սնանկությունը: Սա նյարդերի նրբագույն պայքար է: Եվ, ինչպես միշտ նման դեպքերում, հաղթելու է նա, ում նյարդերն ավելի պինդ են լինելու: Ճիշտ է, մեր նյարդերն ավելի պինդ են, բայց մենք ունենք եւս մեկ առավելություն` մեր թիկունքում կանգնած է հայ ժողովուրդը: Ուստի մեր երկրի համար բախտորոշ այս ճակատամարտում հաղթելու ենք հենց մենք»,- իր ելույթում ասաց Լ.Զուրաբյանը:
«Ում ներվերն են ամուր, ում ներվերվ` թույլ, չգիտեմ: Բայց ես ինքս արդեն չեմ դիմանում սրանց: Հասկանում եմ, որ իսկապես հասել է պահը, լցվել է համբերության բաժակը, որ այս ժողովուրդը սպասելու տեղ ու համբերելու ժամանակ չունի: Որ այս իշխանությունների հեռանալու իրական ժամանակն է, որովհետեւ հակառակ դեպքում մենք կորցնում ենք երկիրը»,- իր հերթին հայտարարեց Ա.Սարգսյանը:
Ա.Սարգսյանը նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված` Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկումներին: Նրա կարծիքով՝ նման քննարկումները պետք է անցկացվեն ոչ թե համալիրում, այլ հրապարակներում` ժողովրդի հետ: Նա նաեւ ավելացրեց, թե հեռու չէ այն ժամանակը, երբ ընդդիմության հանրահավաքները կդառնան շուրջօրյա: «Հավատացնում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք մեր հավաքներով այս իշխանություններին կհեռացնենք: Կան կուսակցություններ, որոնք նստացույցեր ու հացադուլներ են անում: Բա էն ժամանակ երբ ասվում էր, չէ, որ էս իշխանությունների պարագայում երկիրը հասնելու է սովի, որ 21-րդ դարում չի կարելի փակ սահմաններ ունենալ, ինչո՞ւ չէիք լսում: Այո, 21-րդ դարին բնորոշ չէ փակ սահմաններ ունենալը, բայց կասեմ ավելին` 21-րդ դարին նույնչափ բնորոշ չէ քաղբանտարկյալներ ունենալը»,- ավելացրեց Ա.Սարգսյանը:
Ս.Դեմիրճյանն իր ելույթում հայտարարեց, թե կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա չպետք է լինի ի հաշիվ մեր ազգային արժանապատվության: Անընդունելի համարեց նախաստորագրված արձանագրություններով նախատեսված հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ստեղծումը: «Հայտնի է, որ հարցը թաղելու համար պետք է ստեղծել հանձնաժողով: Դրա լավագույն օրինակն է Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: Հանձնաժողով, որը այդպես էլ չպատասխանեց հիմնական հարցին` ովքե՞ր են պատասխանատու մարդկանց սպանությունների համար: Հանձնաժողով, որը ըստ էության կոծկեց հանցագործությունը եւ չփակեց մարտի 1-ի էջը: Եվ չի էլ կարող փակվել այդ էջը, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել իրական մեղավորները: Շատ են խոսում նաեւ սահմանի բացման մասին, ինչ օգուտներ կտան եւ այլն: Իհարկե, սահմանը պետք է բացվի, սակայն ակնհայտ է նաեւ մեկ բան` մեր երկիրը զարգացման հեռանկար չի ունենա թե՛ բաց, թե՛ փակ սահմանների դեպքում, քանի դեռ գործում է այս կրիմինալ-օլիգարխիկ համակարգը»,- հայտարարեց Ս.Դեմիրճյանը:
Լ.Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում կարճ անդրադարձավ Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, քաղբանտարկյալներին, մարտյան չբացահայտված դեպքերին ու երկար խոսեց հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման մասին: Ներկայացնելով կարգավորման ներկա տարբերակները, դրանցում առկա մտահոգությունները` ՀՀ առաջին նախագահը հայտարարեց, թե ԼՂՀ խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնումը, լեգիտիմ իշխանության ձեւավորումը: Լ.Տեր-Պետրոսյանն ավելացրեց` թող սխալ կարծիք չստեղծվի, թե Կոնգրեսը սպասում է, որ Ս.Սարգսյանը հայ-թուրքական հարաբերություններում ձախողվի, որ ժողովրդի ընդվզման անխուսափելի ալիքի վրա իշխանության գա: «ՀԱԿ-ին Ղարաբաղի կորստյան գնով ձեռք բերված իշխանություն պետք չէ: Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: