Ամենացնցող պահը

18/09/2009

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ զարգացման շուրջ Արձանագրությունները, որտեղ բացակայում են ԼՂ-ի կամ Ադրբեջանի մասին հիշատակումները, կարծես թե, խաչ են քաշում այն հայտարարությունների վրա, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում»,- այդ մասին ադրբեջանական «Զերկալո»-ում գրել է Միջազգային հարաբերությունների կովկասյան ամսագրի թղթակից Ալեքսանդր Ջեքսոնը: «Եթե Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չնկատվի 6 շաբաթվա ժամկետից հետո, որը սահմանվել է Արձանագրությունների ներքաղաքական քննարկման համար, ապա Բաքվի ամենաառաջին եւ վնասաբեր պատասխանը կլինի «Նաբուկո» գազատարի անտեսումն ու ՌԴ-ի հետ համագործակցության ամրապնդումը»,- կարծում է Ջեքսոնը: Միաժամանակ, նա նշում է, որ մեծ է ՀՀ-ում եւ Թուրքիայում ներքաղաքական անհանգստությունների հավանականությունը: Սակայն այդ հավանականությունը մեծ է հատկապես ՀՀ-ում, որը պետք է լուծի Թուրքիայի հետ հարաբերությունների եւ ԼՂ-ին հարող տարածքներից զորքերի դուրսբերման հարցերը միաժամանակ: «Լուրջ ներքին դիմադրությունը կարող է կասեցնել բոլոր խաղաղ նախաձեռնությունները մոտ ապագայում: Կասպից ծովից դեպի Արեւմուտք գազային նախագծերը վտանգված են: Տվյալ իրավիճակը կարող է խարխլել Թուրքիայի հեղինակությունը` որպես էներգետիկ օջախի, ինչն էլ ԵՄ-ի համար ամենագրավիչ բնութագրերից է: ՌԴ-ն կորցնում է իր ազդեցության մի մասը ՀՀ-ի վրա, սակայն կարող է ավելի մեծ ազդեցություն շահել ադրբեջանական էներգետիկ արտահանման վրա` այսպիսով փոխելով ողջ նավթային եւ գազային խաղը տարածաշրջանում»,- կարծում է Ա. Ջեքսոնը, ըստ որի՝ «ամենացնցող պահը կարող է լինել այն իրավիճակը, երբ վերջ կդրվի Բաքու-Թբիլիսի-Անկարա դաշինքին»: «Առաջիկա վեց շաբաթները կարող են փոխել այն Կովկասը, որը մենք այսօր գիտենք»,- նշում է հոդվածագիրը: