Ծրագիրն անվանվել է «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն»,
իրականացվել է երեք ուղղություններով եւ հուլիսի 30-ին արդեն ավարտվել է:
Առաջին ուղղությունը Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի (ԱԶԿ) ստեղծումն էր,
որը պիտի խորհրդատվական ծառայություններ տրամադրեր ֆերմերային մեծ
տնտեսությունների եւ ագրովերամշակող ձեռնարկությունների ղեկավարներին:
Խորհրդատվությունը հավանաբար տրամադրվել է, որովհետեւ այդպես է ասում
Ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար Լեւոն Աղամյանը: Ազգային ժողովի
Վերահսկիչ պալատը (ՎՊ) ուսումնասիրել է վարկային այս ծրագիրն իրականացնող
գրասենյակի աշխատանքները եւ հայտնաբերել է խոշոր թերացումներ:
«ԱԶԿ-ն 2003թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ սեփականաշնորհվել է,
սակայն չի լուծվել վարկային միջոցների հաշվին ձեռքբերված մոտ 23,7 հազար
դոլար արժողությամբ գույքի հարցը»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ: Պարոն
Աղամյանը համաձայն չէ ՎՊ այս եզրակացության հետ:
«Հիմնարկը սեփականաշնորհվել է կոլեկտիվին, համակարգիչները 1 տարի հետո
բարոյապես մաշվել են եւ ենթակա են դուրսգրման, իսկ մեքենաներն անցել են
Գյուղնախարարությանը,- ասաց Լեւոն Աղամյանը: -Հետո դա ի՞նչ խնդիր է, որ
հայոց հարց եք սարքել»:
Բայց չէ՞ որ այս տրամաբանությամբ ամեն մի վարկային ծրագիր իրականացնող
գրասենյակ կարող է համակարգիչներ ու կահույք ձեռք բերել բավական խոշոր
գումարով ու 1 տարի հետո բարոյական մաշվածության պատճառով այդ գույքը
դուրս գրել: Սակայն այս ծրագրի ամենահետաքրքիր ուղղությունը
«Վարկավորումն» է, որի նպատակն էր բանկերի միջոցով ենթավարկեր տրամադրել
ֆերմերներին եւ վերամշակող գործարաններին: Այս մասով հատկացվել է մոտ 7,5
մլն դոլար, եւ այդ ամբողջ գումարը տեղաբաշխվել է 8 առեւտրային բանկերի
միջոցով: Ուշագրավ է, որ այդ 8 բանկերից 5-ը՝ «Կրեդիտ սերվիս»,
«Կրեդիտ-Երեւան», «Տրաստբանկ» եւ այլն, գտնվում են անվճարունակության կամ
լուծարային գործընթացում, եւ պարտքը ՀՀ կառավարությանը, ՎՊ հաշվետվության
տվյալներով, կազմում է մոտ 2,2 մլն դոլար: Վարկային միջոցների վերադարձն
ապահովելու նպատակով՝ Ֆինանսների նախարարությունը մի շարք բանկերի հետ
կնքել է պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրեր, այսինքն՝
ենթավարկառուների պարտավորությունները բանկերից անցել են նույն
նախարարությանը: ՎՊ տվյալներով՝ երկու բանկի հետ այդ պայմանագիրը չի
կնքվել, եւ գումարների վերադարձելիության հավանականությունը խիստ ցածր է:
Ըստ ՎՊ-ի, ցածր է նաեւ Ֆիննախին անցած մյուս վարկերի վերադարձելիությունը:
Այստեղ էլ ՎՊ-ի հետ համաձայն չէ արդեն Ֆինանսների նախարարությունը:
«Վերահսկիչ Պալատը սխալ գիտի. նախ՝ մենք բոլոր բանկերի հետ ունենք ցեսիայի
պայմանագիր, եւ հետո՝ կառավարությունը վարկը բանկերին տվել է 7 տոկոսով,-
ասում է ՀՀ Ֆինանսների նախարարության Իրավաբանական վարչության պետ Արա
Մուրադյանը: -Բանկերը ենթավարկառուներին տրամադրել են 14-16 տոկոսով: Այս
տոկոսադրույքով որոշ գումար արդեն վերադարձվել է, մյուս մասն էլ դեռ
կվերադարձվի: Եթե ինչ-որ մաս, այնուամենայնիվ, չկարողանանք վերականգնել,
միեւնույն է, դա կփոխհատուցվի բանկերի հասանելիք 7-8 տոկոսադրույքից: Ինձ
թվում է՝ կորուստը շատ չի լինի: Հնարավոր է անհույս համարել միայն այն
գումարները, որը բանկը ստացել է մինչեւ լուծարվելը»:
Հիշեցնենք, որ «Վարկավորում» բաղադրիչով տրամադրված այդ 7,5 մլն դոլարը
համաչափորեն չի տեղաբաշխվել մարզերի միջեւ: Եթե Արմավիրի մարզին հասել է
ամբողջ գումարի 35 տոկոսը, ապա Վայոց ձորի մարզին՝ ընդամենը 0,4 տոկոսը:
Այստեղ էլ հավանաբար մարզպետների գործոնն է դեր խաղացել:
Ծրագրի երրորդ ուղղությունը հնչեղ է՝ «Խորհրդատվություն»: Այստեղ
նախատեսված 767 հազար դոլարի փոխարեն ծախսվել է 860 հազար դոլար: Ըստ
Լեւոն Աղամյանի՝ ցանկացած վարկային ծրագրի իրականացման ժամանակ գումարի 10
տոկոսը հատկացվում է արտասահմանյան խորհրդատվությանը: Այդպես էլ արվել է,
բայց չի բացատրվում, թե ինչո՞ւ է նախատեսվածից մոտ 100 հազար դոլար ավելի
ծախսվել: Միայն հիշեցնենք, որ վարկային ցանկացած ծրագրի իրականացման
ժամանակ խորհրդատվական ծառայությունը միշտ արժանացել է բուռն
քննարկումների:
Այս տարի հուլիսի 20-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան
Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) գրասենյակի ներկայացուցիչ Ռոջեր
Ռոբինսոնը ստորագրեցին «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ
առեւտրային գործունեության» 20 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը,
որը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի նույն՝ «Գյուղատնտեսության
բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակը (ԾԻԳ)՝ Լեւոն
Աղամյանի ղեկավարությամբ: