Թուրքական կարծիք

18/09/2009

«Hurriyet» թուրքական պարբերականի հեղինակ Սեմիհ Իդիզն իր վերլուծական հոդվածում փորձել է համեմատել Հայաստանում եւ Թուրքիայում առկա դիրքորոշումները՝ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների լույսի ներքո: Իդիզը նշում է, որ երկու երկրներում ծայրահեղ ազգայնականները խոսում են նույն տոնայնությամբ` «մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղից» եւ «փաստաթուղթը մեր երկրի համար միայն զիջումներ է պարունակում»: «Այդ տարօրինակ դիխոտոմիան, որը ցույց է տալիս երկու ազգերում էլ առկա մազոխիստիկ միտումները, ապացուցում է, որ երկու երկրներում քննադատներին գրեթե չի հետաքրքրում Արձանագրությունների իրական տեքստը»,- գրել է Իդիզը: Անդրադառնալով Թուրքիայում առկա զարգացումներին` հոդվածագիրը գրել է, որ Էրդողանի կառավարությունը ոչ միայն պետք է փորձի համոզել ընդդիմությանը, այլեւ պետք է ապացուցի սեփական` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչներին, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա գործընթացը ոչ թե միակողմանի զիջում է, այլ շահավետ համաձայնագիր երկու երկրների եւ ամբողջ տարածաշրջանի համար»: Ըստ Իդիզի, եթե Արձանագրությունները չվավերացվեն Հայաստանի կամ Թուրքիայի խորհրդարանի կողմից, դա կնշանակի, որ ծայրահեղ ազգայնական շարժումների ներկայացուցիչները «փչացրեցին» բանակցությունների ընթացքը: «Ձախողումն այս գործընթացում ծանր հետեւանքներ կունենա երկու երկրների եւ երկու ազգերի համար եւ կնշանակի, որ պատմական հնարավորությունը բաց է թողնված»,- եզրափակում է Իդիզը: