«Գործը կհաջողի միայն այն դեպքում, եթե լուրջ մոտենաս։ Առանց գործի՝ առաջնորդների խոսակցությունը անիմաստ է»,- երեկ ասում էր Սինգապուրի նախկին վարչապետ, «Սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն (Lee Kuan Yew)։
84-ամյա այս մարդու խրոխտ եւ ինքնավստահ ձայնով արտասանած խոսքերին լռությամբ, գլխի շարժումով կամ ժպիտով համաձայնություն էին արտահայտում մեր կառավարության անդամները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ այլք, այդ թվում՝ 50-ից ավելի հայազգի գործարարներ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Մարդն իր ապրածով ապացուցել է, որ մի բան հասկանում է տնտեսությունից ու կյանքից առհասարակ։ 1959թ., երբ Լի Կուան Յուն ստանձնեց վարչապետի պաշտոնը, Սինգապուրն աղքատ, հետամնաց երկիր էր։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը 400 դոլար։ 1990թ., երբ նա թողեց վարչապետի պաշտոնը, մեկ շնչին արդեն բաժին էր ընկնում 12.200 դոլար։ Իսկ 2008թ. տվյալներով, մեկ ՀՆԱ-ից մեկ սինգապուրցուն բաժին է ընկնում ավելի քան 51 հազար դոլար։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 5500 դոլար է։ Ավելի վառ համեմատության համար նշենք, որ Սինգապուրի տարածքը 700 ք/կմ-ից էլ քիչ է։ Փոքր, խիտ բնակեցված, բնական ռեսուրսներով աղքատ երկիրն այսօր իր բարեկեցությամբ աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Եվ բնական է, որ Լի Կուան Յուն պետք է հպարտությամբ խոսի այս ամենի մասին, ինքնավստահությամբ, անգամ՝ դասախոսական նրբերանգներով։ Որովհետեւ նրան եւ նրա վարչակազմին ոչ միայն հաջողվել է տնտեսապես զարգացնել երկիրը, այլեւ մշակույթ ձեւավորել, կրթել մարդկանց, բառի բուն իմաստով «զրոյից» հասարակություն կառուցել։ 84-ամյա Լի Կուան Յուն ժպիտով պատմում էր հայ պաշտոնյաներին ու գործարարներին, որ սինգապուրցիներն անգամ զուգարանից օգտվել չգիտեին, փոսի մեջ էին հոգում իրենց բնական կարիքները։ «Հեշտ չէր։ Երբ մարդկանց տեղափոխեցինք բարձրահարկ շենքեր, շատերը իրենց հավերին ու խոզերին բարձրացնում էին 10-րդ հարկ։ 4-5 տարի պահանջվեց, մինչեւ սովորեցին, որ այդպես չի կարելի անել»,- ասում է նա։ Սա էլ դեռ ամենը չէ։ Ասում է՝ չինացիները (որոնք կազմում են Սինգապուրի բնակչության 70%-ից ավելին) թքելու նկատմամբ առանձնակի սեր ունեն. հաճախ են թքում, ամեն տեղ՝ անգամ թատրոնից դուրս գալիս։ Դրա համար զարմանալի չէ, որ Սինգապուրում գետնին թքելու համար 1500 ֆրանկ տուգանք է սահմանված։ Հիմա չեն թքում։ Նախկին վարչապետն ասում է, որ միայն տնտեսական ցուցանիշներով «առաջին աշխարհի» երկրներին հասնելը շատ քիչ է. հարկավոր է ունենալ կիրթ հասարակություն։ Ու հենց դրա համար նա որոշել է կոտրել այն ավանդույթը, որ խելացի տղամարդը ամուսնանում է գեղեցիկ, բայց տգետ կնոջ հետ։ Արդյունքում՝ դիպլոմ ունեցող կանանց հետ ամուսնացող տղամարդիկ պետության կողմից պարգեւատրվում են, իսկ դիպլոմ չունեցող կանայք երկրորդ երեխան ունենալու դեպքում տուգանք են վճարում։ Ավելին, Լի Կուան Յուն գտնում է, որ երեխաներին լավ կրթություն կարելի է տալ այն դեպքում, երբ նրանց թիվը երկուսից շատ չէ։ Արդյունքում, Ոստիկանությունը ամեն երեկո զանգահարում է արդեն երկու երեխա ունեցող ընտանիքներին եւ հիշեցնում, որ հարկավոր է հակաբեղմնավորիչներ ընդունել։ Մեզանից շատերը լսելով այս տարօրինակ քայլերի մասին՝ կասեն՝ լրիվ ցնդած են։ Բայց արի ու տես, որ «ցնդած» գործելաոճով այս մարդիկ հասել են այն մակարդակին, որ իրենց օրինակ են բերում, դասեր քաղում, փորձում նմանվել։ Մեր պաշտոնյաներն էլ բացառություն չեն. ամեն առիթով հիշատակում են սինգապուրյան մոդելը, որը համարվում է ամենաքիչ կոռումպացվածը, ամենահարմարը՝ բիզնես անելու համար, եւ այլն։ Իրականում մեր պաշտոնյաների համար սինգապուրյան մոդելը ավելի հոգեհարազատ է այն առումով, որ այդ երկրում ժողովրդավարական ազատությունները «համեմատաբար» սահմանափակված են: Ինչեւէ:
Թվում է՝ ոչ մի լուրջ պատճառ չկա, որ մենք էլ չկարողանանք կրկնել Սինգապուրի հաջողությունները։ Ավելին, մեր «բազան» անհամեմատելի է։ Օրինակ՝ եթե սինգապուրցիները միայն 20-րդ դարի վերջում են հարմարվել բնակարաններին ու դադարել թատրոնների դիմաց թքել, մենք դեռ Ուրարտուում կոյուղու համակարգ ենք ունեցել, իսկ Արտաշես արքայի ժամանակ՝ թատրոն։ Եվ եթե սինգապուրցիները օրենքների միջոցով են փորձում ստիպել կանանց կրթություն ստանալ, տղամարդկանց էլ՝ ամուսնանալ կրթված կանանց հետ, Հայաստանում տասնամյակների խորքից է գալիս «օժիտի համար ստացած դիպլոմի» գաղափարը։ Եվ վերջապես, ինչպես նույն պաշտոնյաներն են սիրում ասել, երեւի նաեւ ինքնամխիթարանքի համար, մենք հայ ենք, աշխարհի ամենախելացի ու ճարպիկ ազգը։ Ուրեմն՝ ոչ մի պատճառ չկա, որ տարիներ անց ազգերը չխոսեն «հայաստանյան հրաշքի» մասին, ներառեն դասագրքերում ու օրինակ վերցնեն։ Ոչինչ չի խանգարում, որ հասնենք նման հաջողությունների։ Բայցգ չենք հասնի։ Այդ կարծիքին է, չզարմանաք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Երեկ Լի Կուան Յուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա ասաց. «Այն մակարդակին, որին հասել է Սինգապուրը, մենք չենք կարող հասնել»։ Բայց հուսահատվել պետք չէ, քանի որ վարչապետը խորիմաստ ժպիտով շարունակեց. «Որովհետեւ մենք պետք է հասնենք մե՛ր, հայկական հաջողություններին»։ Պա՞րզ է։ Մենք ունենալու ենք մե՛ր, ուրույն, սեփական հրաշքը, որի փառքին ապագայում միգուցե նախանձեն անգամ սինգապուրցիները։ Այդուհանդերձ, Տ. Սարգսյանը խոստովանեց, որ Սինգապուրի կողմից փորձարկված շատ քայլեր իր համար ուսանելի են։
Իրոք, Սինգապուրի ուղիով մենք դժվար թե շարժվենք։ Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ «Կոռուպցիայի դեմն առնելու համար պետք է սկսել առաջնորդից,- ասում է Լի Կուան Յուն, հետո շարունակում,- Եթե գույք ունես, որը չես կարող քեզ թույլ տալ քո աշխատավարձի կամ բիզնեսի հաշվին, ի սկզբանե ենթադրվում է, որ ձեռք ես բերել կոռուպցիայի ճանապարհով: Դու ինքդ ես պարտավոր դատարանում ապացուցել, որ օրինական ճանապարհով ես ձեռք բերել»։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ մոտ քանի պետական պաշտոնյա կդատվի, եթե նման օրենք լինի։
Երկրորդ պատճառը։ Իր հոդվածներից մեկում Լի Կուան Յուն խոստովանել է. «Մենք շատ սխալներ ենք թույլ տվել»։ Կոնկրետ օրինակներ է նշել։ Այսինքն՝ մարդիկ ընդունել են իրենց սխալները, դասեր քաղել։ Իսկ մերոնք անսխալական են։ Համենայնդեպս՝ իրենք դրանում համոզված են։ «Ես զգում էի, որ մարդկանց վստահությունը որոշիչ դեր ունի Սինգապուրի գոյատեւման պայքարում»,- իր ելույթներից մեկում ասել է նախկին վարչապետը։ Երեկ նա նույնպես շեշտեց այս հանգամանքը, ու հպարտությամբ նշեց, որ իրենք վայելել ու վայելում են ժողովրդի վստահությունը։ Մերոնք էլ են խոսում վստահության մասին, բայց՝ միայն այդքանը, բայց վստահության ամենակոնկրետ արտահայտությունը` ընտրությունները, կեղծվում են։ Եվս մի հանգամանք։ Լի Կուան Յուն դեմ է օգնության միջոցով ոտքի կանգնելուն։ «Ես միշտ համոզված եմ եղել, որ մեր մարդիկ ոչ մի դեպքում չպետք է իրենց մեջ զարգացնեն ինչ-որ մեկի օգնությունը հուսալու սովորույթը։ Աշխարհը պարտավոր չէ մեզ կերակրել։ Մենք չենք կարող կերակրվել մուրացկանությամբ։ Մենք պետք է հույսներս դնենք միայն ինքներս մեր վրա»,- մի առիթով գրել է նա։ Երեկ ֆորումի մասնակիցներից մեկը հարցրեց՝ կարո՞ղ է արդյոք օգնություն ստացող երկիրը մրցունակ լինել (նկատի ունենալով այն, որ Հայաստանը հարյուրավոր միլիոնների օգնություն է ստանում)։ «Ես չեմ հավատում օգնությանը։ Սակայն, եթե ձեզ, օրինակ, Սփյուռքից օգնություն են ուղարկում, դա կարող է օգնել արագացնել առաջընթացը»,- թերեւս քաղաքավարությունից դրդված, պատասխանեց Լի Կուան Յուն: Իսկ մենք՝ պետական մակարդակով, հույսներս դրել ենք տարբեր տեղերից ստացվող օգնությունների վրա ու գլուխ ենք գովում, երբ միջազգային որեւէ կազմակերպություն Հայաստանին օգնություն է ուղարկում՝ դասելով աֆրիկյան ամենահետամնաց երկրների հետ նույն շարքին։ Օգնություն ենք ստանում, որ կառուցենք մե՛ր, հայկական, շա՜տ հայկական աշխարհը։