Նախօրեի երեկոյան ԱՄՆ-ը Չեխիային եւ Լեհաստանին պաշտոնապես տեղեկացրել է, որ հրաժարվում է այդ երկրում հակահրթիռային պաշտպանության ռադար եւ 10 հրթիռ տեղադրելու մտադրությունից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ուղերձում հայտարարել է, որ դա ամենեւին չի նշանակում հրաժարում հակահրթիռային համակարգից: Ըստ նրա, ծրագրվածի փոխարեն ստեղծվելու է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների պաշտպանությունը ապահովող նոր համակարգ, որը կլինի ավելի արդյունավետ, արդիական, ճկուն եւ հզոր: «Մենք շարունակելու ենք համագործակցել մեր բարեկամների եւ դաշնակիցների հետ: Ես խոսել եմ Չեխիայի եւ Լեհաստանի վարչապետների հետ ու վերահաստատել, որ մենք ունենք խորը եւ սերտ կապեր»,- ասել է Օբաման, ում ելույթին հետեւել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի պարզաբանումը: Նա` մանրամասներ չհաղորդելով նոր ծրագրի մասին` հայտարարել է, որ այն ենթադրում է Եվրոպայում «ՍՄ-3» հրթիռների տեղակայում: Գեյթսն ասել է միայն, որ այդ տարբերակն արդեն քննարկվում է նույն Չեխիայի եւ Լեհաստանի հետ: ԱՄՆ-ի այս քայլը ողջունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Դա պատասխանատու մոտեցում է խնդրին, եւ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ այս ոլորտում»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Ի դեպ, չնայած դեռեւս կոնկրետ տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ կարող են տեղակայվել այդ նոր պաշտպանական համակարգի տարրերը, սակայն Ադրբեջանում կրկին սկսել են քննարկել Գաբալայի կայանի համատեղ շահագործման հնարավորությունը: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկեն Գաբալայի ռադարի տարբերակը, ապա այն կծառայի որպես ընդարձակ համակարգի մի մաս: «Կան այլընտրանքային` ավելի էժան տարբերակներ, որոնք չեն հարուցում Ռուսաստանի վրդովմունքը: Դրանք ենթադրում են Գաբալայի միացումը մի համակարգի, որի մաս կկազմեն, օրինակ, Արմավիրում ռուսների տեղակայած կայանը, ամերիկյան նավերի վրա գործող եւ Թուրքիայի տարածքում գտնվող ամերիկյան սարքավորումները»,- ասել է Մուսաբեկովը: Նրա խոսքերով` այսօր այդ ամենի քննարկումը սոսկ տեսական բնույթ է կրում, բայց եթե Ադրբեջանը իրոք ընդգրկվի այդ ծրագրում, ապա ֆինանսական փոխհատուցման կարիք չունենալով` իրավունք կունենա դրա դիմաց ակնկալել հակաօդային պաշտպանություն եւ, ինչո՞ւ ոչ` քաղաքական աջակցություն, մասնավորապես, ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում: Զուգահեռաբար, արդեն քննարկվում է նաեւ այդ կայանները Թուրքիայում տեղակայելու հնարավորությունը: «ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը տեղակայվելու է Կովկասին մոտ տարածքում»,- երեկ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ խորհրդի փոխնախագահ Ջեյմս Քարթրայթը: Հավանաբար, նաեւ դրա հիման վրա, երեկ թուրքական «Hurriyet»-ը գրել է, որ Պենտագոնի նոր ծրագրի հիմնասյուներից մեկը կարող է դառնալ Թուրքիան։