Թե որքան արդյունավետ են ՀՀ նախագահի հանդիպումները կուսակցությունների ղեկավարների հետ, կարելի է չափել նախորդ երկու հանդիպումների արդյունքներով: Եթե չլիներ այս երրորդ նախաձեռնությունը` հրավիրել ՀՀ-ում գործող, պարզվում է, 64 կուսակցություններին` քննելու հայ-թուրքական հարաբերությունների ձեւաչափը, նախ` ոչ ոք գլխի չէր ընկնի, որ Հայաստանում գործում է այդքան կուսակցություն, եւ երկրորդ` նախորդ երկու հանդիպումների մասին կհիշեին միայն նրանք, ովքեր սովորություն ունեն մտապահել հատկապես անկարեւոր իրադարձությունները: Այս հանդիպումները գործնական լուրջ նշանակություն ունենալ պարզապես չեն կարող այն պատճառով, որ հայ-թուրքական համաձայնագրերի տեքստերը, առհասարակ` Մադրիդյան սկզբունքներն ամրագրելիս դրանց հեղինակների, խմբագիրների եւ անգամ սրբագրիչների մտքով պարզապես չի էլ անցել` հետաքրքրվել` ինչ կարծիքի են մեր կուսակցություններն այդ մասին: Հավատալ, թե գոնե Սերժ Սարգսյանին է հետաքրքիր կուսակցական հայ գործիչների կարծիքը, եւս լուրջ չէ, թեեւ մինչեւ հանդիպումն էլ բոլորը, ովքեր չեն ծուլացել, մամուլով եւ հեռուստատեսությամբ այդ թեմայով խոսել են:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի հատկապես մի միտք առանձնացրեցինք. «Համարում եմ, որ գործընթացը պետք է հրապարակայնացնել, որովհետեւ այն լարվածությունը, որ կա մեր (հայ եւ թուրք ժողովուրդների.- Լ. Ա.) միջեւ, մտացածին չէ, իրավիճակային չէ, այդ լարվածությունը, այսպես ասած, վերնախավերի պատերազմ չէ: գԱյդ լարվածությունը, թշնամությունը հետեւանք է մեր պատմության ամենամռայլ էջի` ցեղասպանության, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունումգ »: Ըստ Սերժ Սարգսյանի` երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ոչ միայն նախագահների քաղաքական կամքը, այլեւ հասարակությունների: Հակառակ դեպքում, եթե կարգավորումը մտնի փակուղի, նշեց Սերժ Սարգսյանը, երկու ժողովուրդների թշնամանքը, հակասությունները խորանալու են: Որքան հասկացանք նրա ելույթի այս հատվածից, նախագահը կարեւորեց հասարակության կարծիքը:
Թույլ տվեք չհավատալ: Ամենաանկարեւոր, անարժեք բանը մեր երկրում հենց հասարակության կարծիքն է: Հասարակության կարծիքը հարգելու համար նախ պետք է հարգել հասարակությանը: Հարգո՞ւմ են իշխանությունները հասարակությանը: Ընտրությունների ընթացքն ու արդյունքները միայն բավարար են արձանագրելու, որ ոչ: Մեր երկրի իշխանությունների վերաբերմունքը հասարակության հանդեպ հիշեցնում է 17-18-րդ դարերի եվրոպացի ազնվականների վերաբերմունքն իրենց ծառաների հանդեպ. ծառաների ներկայությամբ նրանք փոխում էին իրենց հագուստը, զբաղվում այնպիսի գործողություններով, որոնցով սովորաբար զբաղվում են առանց ականատեսների:
Ակնհայտ է, որ հասարակական կարծիքի կարեւորությանը հղում անելով կամ հիսունից ավելի մարդ-կուսակցությունների ղեկավարներին հավաքելով նույն ժամին, նույն տեղում` նախագահը փորձում է լեգիտիմացնել այն վճիռը, որը կայացնելու է վաղը-մյուս օրը` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այն, որ չկա կոնկրետ, մշակված ծրագիր, քայլերի գրագետ հաջորդականություն` ինչ է լինելու հետո, երբ սահմանը բացվի կամ չբացվի, վկայում է նաեւ այս միջոցառումը: Նման հանդիպումները, երբ հոգնած դեմքերով եւ հասարակության կողմից անդառնալիորեն մոռացված կամ լրիվ անծանոթ մարդկանց կարծիքն է կարեւորում երկրի առաջին դեմքը, մատնում է նաեւ նրա անվստահությունը: Սակայն վերադառնանք հասարակությանը, ում կարծիքն, ինչպես նշվեց, կարեւոր է: Հայ եւ թուրք հասարակությունները վաղուց արդեն թշնամանք չունեն միմյանց հանդեպ: Այո, հայերս սպասում ենք, որ մի օր Թուրքիան կընդունի, որ 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին եւ ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլեւ Թուրքիայի Հանրապետությունում ցեղասպանություն է կատարվել` սպանվել է մոտ երկու միլիոն հայ: Միայն ի՜նչ արժեր Օրհան Փամուկի գործոնը, Թուրքիայում իրականացված ստորագրահավաքը, ուր հազարավոր թուրքեր պատրաստ էին ներողություն խնդրել հայերից: Հիշենք Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրք առաջադեմ հասարակության արձագանքը, երկու երկրների շարքային քաղաքացիների տնտեսական համագործակցությունը, այն առավելությունը, որ հայերի համար ունի Անթալիան Սեւանի հանդեպ: Սրանք արդեն իսկ վկայությունն են, որ երկու հասարակությունների միջեւ թշնամանք չկա: Եվ արտաքուստ այդ թշնամանքը չկար նաեւ ՀՀ նախագահի նստավայրում միմյանց շփոթված ժպտացող Թուրքիայի նախագահ Գյուլի եւ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ: Գուցե սխալվում ենք, սակայն տպավորությունն այնպիսին է, որ թշնամանքն ու հակասությունները, որոնց մասին խոսում է ՀՀ նախագահը, հենց երկու երկրների վերնախավերի միջեւ է: Այսինքն` այն մարդկանց, ովքեր ունեն կոնկրետ շահեր` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական: Հիշո՞ւմ եք Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքը. Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մեր զինվորներն ու գերմանացի զինվորները մարտի ընթացքում ծարավում են, կարճ ժամանակով զինադադար են հայտարարում եւ նույն ջրհորից ջուր խմում` այդ ընթացքում հասցնելով բարեկամանալ: Կարճ ժամանակ անց, հրամանատարի հրամանով եւ, առհասարակ, իրավիճակի բերումով` նրանք արդեն պետք է միմյանց սպանեն: Այսինքն` հասարակ մարդիկ, շարքային քաղաքացիները ատելու, թշնամանալու ներքին ցանկություն չունեն եւ, բացի դա, չունեն լծակներ` թշնամանքը կոնկրետ գործողություն դարձնելու: Ինչը չես ասի վերնախավի մասին:
Հակասություններ եւ բացահայտ թշնամանք մեր հասարակությունն ունի երկրի ներսում իշխանությունների վարած ներքին, արդեն նաեւ` արտաքին քաղաքականության հանդեպ: Ամենաթողության ու հասարակության բոլոր անդամների բարոյական ոչնչացմանն ուղղված գործողություններում (միայն ընտրությունները բավական են) իր անմիջական պատասխանատվությունն ունի հասարակության կարծիքը հրապարակային ելույթներում կարեւորող երկրի նախագահը: Այն, որ ՀՀ իշխանությունները հասարակության կարծիքը չեն կարեւորում, վկայում է նաեւ ԱԺ մարտի մեկի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Այնպես որ, պետք չեն հասարակության հասցեին նման հաճոյախոսություններ: Կարծիքի կարեւորության մասին հաճոյախոսություններն ավելի հաճելի են այն կուսակցապետերին, ովքեր իրենց ազատ, չծանրաբեռնված գրաֆիկից հինգ ժամ շարունակ հնարավորություն ունեցան մի քանի մետր հեռավորությունից տեսնել Սերժ Սարգսյանին եւ նրա հետ նույն սյուժեում հայտնվել: