Դերասանուհի եւ ռեժիսոր Իրինա Բրուքը Երեւան է ժամանել իր թատերախմբի հետ եւ Շեքսպիրյան թատերական փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին ցուցադրել է իր երկու բեմադրությունները` «Երազին սպասելիս»` ըստ Շեքսպիրի պիեսի, ու «Ինչ-որ տեղ Լամանչում»` ըստ Սերվանտեսի «Դոն Քիշոտի»:
Հմայիչ ու էլեգանտ Իրինա Բրուքը տարբեր կուլտուրաների ծնունդ է, նա ռուսական արմատներ ունի, ծնվել է Փարիզում, սովորել Նյու Յորքում, այնուհետեւ աշխատել է Բրոդվեյի թատրոններում, ֆրանսիական, անգլիական ու ճապոնական թատերախմբերի հետ բեմադրություններ է արել: «Դաստիարակությամբ ես անգլուհի եմ, ոգով` ռուս, իսկ կյանքի պայծառ ընկալմամբ` ֆրանսուհի»,- ասում է նա: Հայաստանում գտնվելով` նա այդ շարքին նաեւ ավելացրեց «Կարծես զգացողությամբ էլ հայ եմ» բառերը: «Մեկ-մեկ էլ ինձ թվում է, որ նույնիսկ Շեքսպիրն էր հայ»,- կատակով ասաց նա:
Հանդիպելով հայ լրագրողների հետ` Իրինա Բրուքը նշեց, որ թատրոնն իր կյանքում կանխորոշված է եղել, քանի որ իր հայրը` հանրահայտ թատրոնի ռեժիսոր եւ թատերական արվեստին նվիրված գրքերի հեղինակ Պիտեր Բրուքն ու մայրը` դերասանուհի Նատաշա Պարրին առանց թատրոնի իրենց կյանքը չէին պատկերացնում: «Սկզբում որոշել էի դերասանուհի դառնալ, բայց քանի որ շատ ամաչկոտ աղջիկ էի ու վախենում էի իմ էմոցիաները բեմից ազատ փոխանցել, որոշեցի ինքս բեմադրություններ անել ու օգնել մյուսներին` ազատ զգալ իրենց բեմի վրա»,- ասաց նա:
1990-ականներին նա բեմադրեց իր առաջին ներկայացումը՝ ըստ Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի, որը պատմում էր հայազգի գաղթականների մասին: Այդ ներկայացումը Ֆրանսիայում արժանացավ «Մոլիեր» թատերական մրցանակի: Իրինա Բրուքը Երեւան է եկել իր անունը կրող փոքր ու անկախ թատրոնի կազմի հետ, որի յուրաքանչյուր անդամ շատ արիտիստիկ ու էմոցիոնալ ձեւով խոսեց իր ու թատրոնի մասին: Կանգնելով ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժորժ Սմեսովի թիկունքում` նրանք փոքր թատերական ինտերմեդիա ներկայացրեցին: Դերասաններից մեկը լրագրողներին խնդրեց օգնել իր զավակի համար հայկական տարազ գնել: Լրագրողները խորհուրդ տվեցին` Վերնիսաժ այցելել: «Մերսի»,- ասաց նա: Անկաշկանդ ու թատերային կերպով մեկ այլ դերասան ասաց, որ Հայաստան այցելելով` այդքան էլ իրեն հիասթափված չի զգում: Թատրոնի հնչյունային ռեժիսորն էլ նկատեց, որ իր գործը միշտ ստվերում մնալն ու հետեւելն է, որպեսզի դերասանները շատ «վոդկա» չխմեն ու իրենց դերերից ժամանակից շուտ դուրս չգան: Թատրոնի բոլոր անդամները նշեցին, որ իրենց ղեկավարը օժտված է կարեւոր հատկությամբ. կարողանում է ամենքից «կորզել ու քամել» լավագույնը։ «Ինչ-որ տեղ Լամանչում» բեմադրությունը պատրաստելիս, Իրինա Բրուքն, օրինակ, դերասանների իմպրովիզացիաները ձայնագրում էր տեսախցիկով, իսկ հետո, երբ դրանք հաջող էին ստացվում, ընդգրկում էր ներկայացման վերջնական տարբերակում։ Այդ ներկայացման մեջ ուրախ շատախոս Սանչո Պանսան (դերակատար՝ Ժիրայր Փափազյան) վերածվել է անհաջողակ դերասանի ու կինոյի սիրահարի, որը ապրելով Նյու Յորքում՝ երազում է Կալիֆոռնիա հասնել ու «Օսկար» ստանալ։
«Մեր թատրոնը փոքր ընտանիք է, որի անդամները իրար հարգում ու օգնում են: Ես շատ ուրախ եմ, որ արդեն 2 տարի է՝ աշխատում եմ Իրինա Բրուքի հետ»,- նկատեց դերասանուհի ու ֆլամենկոյի պարուհի Լորի Բաղդասարյանը: Ի դեպ` այդ թատերախմբում հայազգի դերասանները շատ են: «Հայերն իմ թալիսմանն են դարձել ու հաջողություն են բերում»,- ժպտում է Իրինա Բրուքը` նկատի ունենալով երիտասարդ դերասան Հովնաթան Ավետիքյանին (Սերժ Ավետիքյանի որդուն) եւ վաղուց արդեն Ֆրանսիայում հաջող կարիերա անող դերասան Ժիրայր Փափազյանին: Ֆրանսիական թատրոնի մեջ հայերի ներգրավված լինելու փաստի ու նմանօրինակ համագործակցության շնորհիվ հայաստանյան թատրոնների աշխուժացման մասին էլ մենք զրուցեցինք Ժ.Փափազյանի հետ, ով ինտեգրված լինելով փարիզյան թատերական կյանքում` Ֆրանսիայի ու Հայաստանի թատրոնները միացնող յուրատեսակ «կամուրջ» է դարձել: Մանավանդ, որ նա Երեւանի Թատերական ինստիտուտի շրջանավարտ է ու լավ գիտե դերասաններին պատրաստելու մեր մոտեցման մասին:
– Պարոն Փափազյան, համաձա՞յն եք, որ հայաստանյան թատրոններին այժմ շատ անհրաժեշտ է այլ թատերական ուղղությունների հոսքի մեջ մտնել ու, «խառնվելով» դրանց հետ, փորձել նոր մոտեցմամբ աշխատել:
– Ես կարող եմ օգտակար լինել ու հուշել հայ թատրոններին, թե ինչպիսի դերասանական դպրոցներ կան Ֆրանսիայում, որտեղ հայ դերասանները կարող են սովորել ու իրենց որակավորումը բարձրացնել: Ֆրանսիայում հազարավոր թատրոնների տեսակներ ու աշխատանքային սկզբունքներ կան: Այնտեղ չկա մեր «շկոլան», ինչպես Հայաստանում: Իրինա Բրուքն, օրինակ, բոլորովին մի թատերական «շկոլա» է ներկայացնում, Մնուշկինան` բոլորովին այլ: Եվ նրանց միջեւ վիթխարի տարբերություններ կան: Ֆրանսիայում ընդհանրապես թատերախմբերն անընդհատ իրար հետ մրցակցում են, նույնիսկ պատրաստ են իրար գլուխ ջարդել: Եթե իմ խորհուրդն եք հարցնում, կարող եմ ասել, որ Ֆրանսիայում Արիանա Մնուշկինայի մեծ թատերախումբը կա, որտեղ ոչ կանոնավոր կերպով (ասենք, 2 կամ 4 տարին մեկ) ընդունելություն է կազմակերպվում: Նույնն էլ արվում է «Teatru du Soleil» թատրոնում: Կա նաեւ «Լը Քոք» դերասանական դպրոցը, որը միայն դերասանների ստաժիրովկայով է զբաղվում ու դերասաններին ֆիզիկական հմտություններ է սովորեցնում: Եվ եթե ես Հայաստանի հետ մնայուն կապ ունենամ, կկարողանամ նախօրոք տեղեկացնել ընդունելությունների մասին ու օգնել ամեն բան ճիշտ կազմակերպել: Հասկանալի է, որ բեմադրիչների համար ավելի հեշտ պիտի լինի: Եվ քանի որ լեզվի խնդիր չկա, նրանք կարող են սուսուփուս բեմադրության ընթացքին հետեւել եւ հարկ եղած դեպքում թարգմանչին դիմել: Իսկ դերասանները անպայման պետք է ֆրանսախոս լինեն: Եվ հետո, մի մոռացեք, որ դերասանական արվեստ ուսանելը թանկ գործ է, եւ անպայման պետք է Հայաստանում աջակիցներ գտնվեն:
– Դուք Հայաստան եք եկել Հայաստանի Մշակույթի նախարարության հրավերով: Այդ մասին խոսե՞լ եք նախարարի կամ փոխնախարարի հետ:
– Առայժմ ոչ, սակայն դա վատ միտք չէ, եւ հարկ եղած պահին ես անպայման այդ մասին կխոսեմ: Սակայն կարծում եմ, որ Հայաստանը հիմա ոչ այնքան դերասանների, որքան թատրոնի կառավարիչների պատրաստման մասին պետք է մտածի: Հայաստանում հիմա ադմինիստրատիվ մենեջմենթ չկա, ինչն էլ շատ է խանգարում զարգացնել թատրոնը: Թատրոնի ադմինիստրատիվ «լեզուն» վերջիվերջո սովորել է պետք, ընդունել է հարկավոր, որ թատրոնն առաջին հերթին կազմակերպություն է: Իմ ասելիքը միայն Հայաստանին չի վերաբերում, մենեջմենթի պակասը զգացվում է նաեւ Ֆրանսիայում, Իտալիայում, Եգիպտոսում (որտեղ ծնվել եմ ու լավ գիտեմ այնտեղի թատրոնների աշխատանքի մասին): Իսկ Ֆրանսիայում շատ են լինում դեպքեր, երբ սրտնեղած կարող եմ ասել` այ մարդիկ, գոնե մի քիչ կազմակերպված եղեք:
Եվ ես խորհուրդ կտամ թատրոնի մենեջերներ պատրաստելու համար հայացքը ոչ թե Ֆրանսիա, այլ Ամերիկա ուղղել։ 10 տարի Ամերիկայում ապրելու ու աշխատելու առիթ եմ ունեցել եւ հիմա կարող եմ վստահությամբ ասել, որ միակ բանը, որ ես հարգում եւ որով հիանում եմ Ամերիկայում՝ դա ամերիկացիների կազմակերպչական պրոֆեսիոնալիզմն է։ Մենք՝ արտիստներս, հաճախ ենք զգում լուրջ, փորձառու, հետեւողական ու բեմադրությունների գովազդը գրագետ անող թատերական կազմակերպիչների կարիքը։