Հայ Ազգային կոնգրեսը ՀՀ նախագահի աշխատակազմից սեպտեմբերի 17-ին նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների հետ կայանալիք հանդիպման հրավերը չի ստացել: Այս մասին երեկ ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին անդամակցող մյուս կուսակցություններին, ապա, ըստ Լ. Զուրաբյանի` նրանք պետք է ստացած լինեն այդ հրավերը: Երեկ կեսօրին դեռեւս հրավեր չէին ստացել նաեւ ՀՀՇ-ն եւ ՀԺԿ-ն: ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը, սակայն, «Ազատությանն» ասել է, թե` անկախ դրանից, իրենք չէին մասնակցի այդ միջոցառմանը, քանի որ դեռեւս 20 քաղբանտարկյալներ գտնվում են անազատության մեջ: Ի դեպ, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ հավաստիացրել է, որ բոլոր հրավիրյալներին նամակ ուղարկվում է, եւ կոնկրետ ՀՀՇ-ի կամ ՀԺԿ-ի դեպքում հրավեր-նամակների ուղարկման գործընթացը ընթացքի մեջ է: Նա հերքել է ընդդիմադիրների պնդումը, թե նրանց առաջարկվել է նախագահականից վերցնել իրենց հրավերները: Հավելենք, որ երեկ ավելի ուշ ՀՀՇ-ն եւ ՀԺԿ-ն ՀՀ նախագահականից գրավոր հրավերներ ստացան: Ինչ վերաբերում է այս օրերին ակտիվ ակցիաներ կազմակերպող ՀՅԴ-ին, ապա նրանք անպայման մասնակցելու են այսօրվա քննարկմանը: