«Հայ-թուրքական հարաբերությունների մասով Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ավելի ճկուն է ու մոտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը»,- երեկ նման հայտարարություն է արել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ` թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ասում, որ թուրքերի հետ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց նրա վարած քաղաքականությունը հենց դա էր հուշում: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, ապա, ըստ Ս. Գրիգորյանի` նախագահի պաշտոնից Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո որակական փոփոխություն է տեղի ունեցել: Ս. Գրիգորյանի խոսքով` եթե ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ Ղարաբաղը բանակցային կողմ է եւ պետք է ինքնորոշվի, ապա Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ԼՂՀ-ն դուրս է մղվել բանակցություններից, իսկ ԼՂՀ հիմնախնդիրը մեխանիկորեն դարձել է տարածքային վեճ: «Հիմա գործող նախագահը սկսում է դանդաղ, բայց հեռանալ այդ սխալ քաղաքականությունից: Այսօրվա նոր իրավիճակում Սերժ Սարգսյանը վերադառնում է այդ տիպի քաղաքականությանը, երբ Ղարաբաղը դիտվում է որպես ինքնորոշվող միավոր»,- նշել է ընդդիմադիր Ս. Գրիգորյանը: