Մարտի 1-ի էջը մնաց չփակված

16/09/2009

Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, այդ իրադարձություններից 15 ամիս անց, վերջապես հրապարակել է իր ղեկավարած կառույցի զեկույցը: Շուրջ 150 էջանոց այդ փաստաթուղթն իրականում որեւէ նոր բան չի պարունակում եւ հերթական անգամ ու վերջնականապես ապացուցում է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել էր ընդամենը ոճրագործությունը կոծկելու համար: Բավական է նշել միայն, որ 10 քաղաքացիների սպանության պատճառ դարձած իրադարձությունների մասին զեկույցում, գոնե ձեւականորեն, որեւէ պաշտոնյայի, կրակելու հրաման տված որեւէ անձի պատասխանատվության ենթարկելու նույնիսկ կոչ չկա: Փոխարենը՝ զեկույցը հագեցած է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռեւս 2007թ. սեպտեմբերի 21-ին ու դրանից հետո ունեցած ելույթների հատվածական մեջբերումներով, որոնք ներկայացվել են կոնտեքստից կտրված` այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե նա միտումնավոր ատելություն է սերմանել հասարակության մեջ, եւ դրա արդյունքում է տեղի ունեցել Մարտի 1-ը: Իրականում սա նույնպես նորություն չէ. 2008 թ. մարտի 1-ից հետո տեւական ժամանակ իշխանական քարոզչությունը հենց դրանով էր զբաղված: Եթե սա էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նպատակը, ապա ավելի լավ է իշխանություններն ուղղակի ավելացնեին հեռուստատեսային լուրերի պարբերականությունը եւ «հաստատուն խորագրով» վերահեռարձակեին մարտի 1-ից հետո հաստատված արտակարգ դրության ժամանակ եթերից հնչող «գնահատականները»: Ինչ վերաբերում է Ս.Նիկոյանի երեկ հրապարակած զեկույցին, ապա այն, այնուամենայնիվ, մի դրական կողմ ունի: Այս ձեւական հանձնաժողովը կդադարեցնի գործունեությունը, գոնե կավարտվի «մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման» իմիտացիան եւ այլեւս չեն հնչի այն ստանդարտ հայտարարությունները, թե հանձնաժողովն իր աշխատանքով փակելու է Մարտի 1-ի էջը: Իրականում երեկ հրապարակված զեկույցով Սարտի 1-ի էջը հերթական անգամ բացվեց եւ չի փակվի այնքան ժամանակ, մինչեւ չկատարվեն այն աշխատանքները, որոնց համար իբր թե ստեղծվել էր այս հանձնաժողովը, եւ որոնք կատարելու փորձի համար լուծարվեց Փաստահավաք խումբը: