Թուրքական խաղեր

16/09/2009

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ կուսակցությունների հետ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն մտահոգություն է հայտնել, թե Հայաստանը սահմանի բացումից հետո էլ օրակարգում է պահելու ցեղասպանության ճանաչման հարցը: «Չեմ կարծում, թե Երեւանը սահմանի բացումից հետո էլ չի բարձրացնի ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասել է Դավուդօղլուն: «Արձանագրությունների շուրջ քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, դրանից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների վավերացմանը»,- հավելել է նա: Ի դեպ, Դավուդօղլուն հանդիպել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որտեղ ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը պահանջել է արձանագրության մեջ ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դավլեթ Բախչելին հրաժարվել է հանդիպել Դավուդօղլուի հետ: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ գործընթացը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ: Դա մեզ ձեռնտու չէ: Այս գործընթացը պետք է դուրս գա հայկական կողմի վերահսկողությունից»,- նշել է թուրք մեկ այլ քաղաքական գործիչ: Նրանք նաեւ ասել են, թե սահմանի բացումն առանց Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կխարխլի Թուրքիայի ազգային շահերը: «Մենք որեւիցե քայլ չենք ձեռնարկի, որը կվշտացնի մեր ադրբեջանցի եղբայրներին»,- ի պատասխան ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` վստահեցնելով, թե ադրբեջանցիներն անմիջապես տեղեկացվում են հայ-թուրքական բանակցային ընթացքի մասին: