Կունենա՞նք Սեւան…

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է, Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության,
վերարտադրության եւ օգտագործման համալիր ծրագրի համաձայն՝ 30 տարվա
ընթացքում Սեւանա լճի ջրի ծավալը պետք է ավելանա շուրջ 8,8 մլրդ խմ, որը
հավասարազոր է լճի մակարդակի 6,5 մ բարձրացման: Տարեկան կտրվածքով
նախատեսված բարձրացումը կկազմի 22 սմ: 2002-2004թթ. լճի մակարդակը
նախատեսվածից ավելի է բարձրացել՝ տարեկան միջինը՝ 44 սմ: Կանխատեսումների
համաձայն՝ լճի մակարդակը 2005-ին կբարձրանա եւս 35 սմ-ով, եւ 2006թ. մենք
կունենանք մոտավորապես լճի մակարդակի ընդհանուր 1,68 սմ բարձրացում:
Բնապահպանության նախարարը քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ ներկայումս
Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով շուրջ 410 հա տարածք է մնացել
ջրի տակ, որից 215 հա-ն անտառածածկ է: Նախնական հաշվարկներով՝ լճի
մակարդակի նախատեսված 6 մ բարձրացման դեպքում ջրի տակ է մնալու 4427 հա
ընդհանուր մակերեսով տարածք, անտառային հատվածը կկազմի 3130 հա, ջրի տակ
կմնա նաեւ 30 կմ ճանապարհ:

Մինչ քննարկումն ընթանում էր ըստ օրակարգի, այսինքն՝ նախարարության
պատվիրված զեկուցումներով հանդես էին գալիս բնապահպանները՝ ահազանգելով,
թե ջրի մակարդակի աննախադեպ բարձրացումն ինչ վտանգ է պարունակում Սեւանի
էկոլոգիական հավասարակշռության, ջրային հաշվեկշռի կամ ափամերձ անտառների
համար, ունկնդիր բնապահպաններն ուղղակի զարմացած իրար էին հարցնում, թե
ինչ նպատակ է հետապնդում այս քննարկումը:  

Թեեւ բնապահպանության նախարարը միանշանակ պնդում էր, որ քննարկման նպատակն
ընդամենը «Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված գործընթացը
կառավարելի ու կանխատեսելի դարձնելն է», այնուամենայնիվ, մասնակիցներից
շատերն էին մտահոգ եւ այդ օրվա քննարկումը համարում էին հայրենի
օլիգարխների՝ Սեւանի հանդեպ ունեցած ցանկությունների տրամաբանական
շարունակությունը:

«Բոլորովին տրամաբանական չի քննարկում անել, թե Սեւանն արագ է բարձրանում.
սա բնություն է՝ մի տարի ջրառատ կլինի, մյուս տարի երաշտ կլինի՝ ոչ մի
մետր չի բարձրանա, մեր նպատակը Սեւանը փրկելն է (կունենա՞նք Սեւան՝
կունենանք Հայաստան), եւ ջրի տակ մնացած մի քանի մետր ճանապարհ, մի քանի
մետր անտառ, սոճի ու չիչխան՝ ծիծաղ է առաջացնում: Եթե Բնապահպանության
նախարարությունը մեր օգնության կարիքն է զգում, որպեսզի մենք խթանենք
կառավարությանը՝ ավելի հետեւողականորեն համալիր ծրագիրն իրագործել եւ
կապիտալ հատկացումներ անել, մենք պատրաստ ենք օգնել, որովհետեւ եթե մենք
այսօր նայում ենք համալիր ծրագրի կատարման տեմպերին, այն շատ դանդաղ է
կատարվում, իսկ Սեւանի ջրի մակարդակի բարձրացումն առաջ է ընկնում, մինչդեռ
մենք այսօր պետք է խոսեինք արդեն Եղվարդի ջրամբարի նախագծային
աշխատանքներն ավարտելու ու կառուցման մասին, բոլոր բնակավայրերում
մաքրիչ-զտիչ կայաններ կառուցելու մասին, որպեսզի Սեւանը կեղտաջրերով
չլցվի»,- ասում էր ԱԺ Բնապահպանական հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ՝
«Անապատացման դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի եվրասիական հանձնաժողովի
մշտական անդամ Գագիկ Թադեւոսյանը:

«Այն խնդիրները, որ այսօր բարձրացվեցին, ոչ մեկիս համար նորություն չէին:
Եթե խնդիրն այն է, որ անտառներ ու ճանապարհներ են ջրի տակ մնում, դա դեռ
անցած տարվանից էինք մենք ահազանգում, որ Սեւանի ափերի նախապատրաստական
աշխատանքներ են անհրաժեշտ»,- ասում էր «Հանուն հասարակության կայուն
զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Տիկին Դանիելյանը նաեւ զարմացել
էր՝ տեղեկանալով ջրի տակ մնացած 215 հա անտառի մասին: «Վերջերս մի
ռադիոհաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես եւ Կենսառեսուրսների
կառավարման գործակալության պետ Ա. Զիրոյանը, ես բարձրացրի այդ խնդիրը, իսկ
պրն Զիրոյանը պատասխանեց, որ արդեն 200 հա անտառածածկ տարածք է մաքրվել,
մինչդեռ այսօր տեղեկանում եմ, որ 10 հա է ընդամենը մաքրվել»:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց Կարինե Դանիելյանը, դեռեւս մեկ տարի առաջ
«Հանուն հասարակության կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունն
առաջարկել է կառավարությանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի
շրջանակներում իրականացնել նաեւ Սեւանի ափերի նախապատրաստական
աշխատանքները: Առաջարկը մերժվել է: Ֆինանսների փոխնախարար Տ. Խաչատրյանը՝
ի պատասխան Կ. Դանիելյանի հարցադրման՝ պատասխանել է, որ կազմակերպությունը
«լավ չի հիմնավորել խնդրի տնտեսական նշանակությունն ու հետագա դրական
ազդեցությունը»: «Եթե մենք պնդում ենք, թե առանց Սեւանի Հայաստան
գոյություն ունենալ չի կարող, դրանից ավելի ի՞նչ հիմնավորումներ ու
ապացույցներ էին պետք»,- զարմացած է Կ.Դանիելյանը: