Նիկոյանն արեց իր գործը… Ո՞վ պետք է հեռանա

16/09/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ մեկ օր ուշացումով վերջապես ներկայացրեց 138 էջից բաղկացած իր զեկույցը: Նիստից առաջ պատգամավորների սեղանին արդեն դրվել էին զեկույցի օրինակները, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց քվեարկություններն ավարտելուց հետո սկսել դրա ներկայացումը, որին հատկացրեց 90 րոպե ժամանակ: «Ժառանգության» պատգամավորներն ընդվզեցին` հայտարարելով, թե իրենք ընդամենը 20 րոպե առաջ նիստերի դահլիճում են ստացել զեկույցը եւ դեռ չեն հասցրել ծանոթանալ: Ի վերջո զեկույցի ներկայացումը հետաձգվեց 2 ժամով:

Իսկ ընդհանուր առմամբ զեկույցին ծանոթ էին միայն հանձնաժողովի ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների երկուական անդամներն ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Այդ կուսակցությունների մյուս անդամները նույնիսկ չնայեցին իրենց առաջ դրված զեկույցին, իսկ քվեարկությունից հետո լքեցին դահլիճը, եւ զեկույցը ներկայացվեց կիսադատարկ դահլիճում: Հ.Աբրահամյանի գնալուց հետո դահլիճն ընդհանրապես դատարկվեց:

Մոնիտորինգ` ըստ ճաշակի

Իր ծավալուն ելույթի սկզբում Ս.Նիկոյանը հայտարարեց, թե որեւէ մեկը չի կարող հանձնաժողովին մեղադրել որեւէ հարցում, որ չի եղել մի իրադարձություն, որին չանդրադառնան, եւ իրենք աշխատել են բաց, թափանցիկ ու փոխհամաձայնության մթնոլորտում: Հետո հանձնաժողովի նախագահը սկսեց կարդալ զեկույցը, որի առաջին հատվածը կառուցված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների մեջբերումներից, որոնք մեծամասամբ ներկայացվում էին կոնտեքստից կտրված: Այս հատվածում ներկայացված էին 2008-ի նախագահական ընտրություններին նախորդած ու հաջորդած զարգացումների գնահատականները: Ընդ որում, մեջբերումներ կային անգամ Լ.Տեր-Պետրոսյանի` 2007թ. սեպտեմբերի 21-ի ելույթից: Բավականին նրբորեն ընտրվել էին հիմնականում իշխանության հասցեին արված «անառականոց, ավազակախումբ, բանդա, ավազակապետություն» եւ նման այլ որակումները: Եվ զեկույցի համաձայն՝ նման որակումներով առաջին նախագահն ու իր թիմը անհանդուրժողականության ու վախի մթնոլորտ էին սերմանում ժողովրդի մեջ: Բացի այդ, հանձնաժողովականների կարծիքով՝ Լ.Տեր-Պետրոսյանի թիմը հասարակական գիտակցության մեջ խորացրել է «ղարաբաղցիներ-հայաստանցիներ, ղարաբաղյան կլան, ղարաբաղյան խունտա» «հուզական կարծրատիպերը»: Եվ, ի վերջո, հանձնաժողովականների կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի ելույթներից հետո «իշխանություններին սատարող քաղաքական ու հասարակական ուժերի, պետական կառավարման համակարգում աշխատող ծառայողների, խոշոր ու միջին գործարարների մեծագույն հատվածի մոտ ձեւավորվեցին իրենց ապագայի հանդեպ վախի ու անորոշության հավաքական զգացում»: Ակնհայտ էր, որ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթների` «ըստ նպատակահարմարության» սկզբունքով արված մոնիտորինգը եւ ընտրված արտահայտությունները հանձնաժողովին տրամադրվել էին ինչ-որ կառույցի կողմից: Եվ դժվար թե հանձնաժողովի անդամներն իրենք են ուսումնասիրել 2007-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2008-ի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մյուս ներկայացուցիչների բոլոր ելույթները: Հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, թե մեջբերումները վերցրել են ՄԻ պաշտպանի եւ միջազգային կառույցների զեկույցներից, սակայն կոնտեքստից կտրված արտահայտությունների շատ չնչին մասն են հիշատակվել այդ գրություններում։

Հավանաբար «օբյեկտիվ» երեւալու համար զեկույցում նշել էին, թե «նախընտրական լարվածության մեծացմանը նպաստել է նաեւ ընդդիմադիր մյուս թեկնածուների քարոզչությունը»: Սակայն բոլորին է հայտնի, որ նախագահական ընտրությունների ժամանակ, Լ.Տեր-Պետրոսյանից բացի, այլ ընդդիմադիր թեկնածու չկար: Թեեւ ընթացքում էլ պարզ էր ու ընտրություններից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ մյուս բոլոր թեկնածուներն իշխանության դրածոներն են ընդդիմության ձայները փոշիացնելու համար: Ընդդիմություն խաղացին ու որոշակի ձայներ փախցրեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՀՅԴ թեկնածու Վահան Հարությունյանը: Այս երկու թեկնածուները Արտաշես Գեղամյանի, Արամ Հարությունյանի, Տիգրան Կարապետյանի, Վազգեն Մանուկյանի հետ միասին հիմնականում Լ.Տեր-Պետրոսյանին էին քննադատում: Այնպես որ, զեկույցի այս հատվածը հեռու է ճշմարտությունից:

Իսկ հանձնաժողովը, կարծես որպես ի գիտություն, հատուկ ընդգծել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունն ընտրությունների հաջորդ օրը եզրակացրել էր, թե դրանք «անցկացվեցին մեծապես երկրի միջազգային պարտավորություններին համապատասխան, նախորդ ընտրությունների համեմատ կար առաջընթաց» եւ այլն: Բայց, երբ սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքները, դիտորդական խմբի ղեկավար Գերդտ Արենսը փետրվարի 29-ին` մարտի 1-ի նախօրեին ասել էր, թե «մեծամասամբ» բառը փոխարինում է «հիմնականում» բառով, որը նշանակում է, թե 51 տոկոսն է համապատասխանել: Եվ այս երկու գնահատականներն առաջացրել էին հանձնաժողովի տարակուսանքը, ովքեր ի վերջո եզրակացրել են, թե այդ «հակասությունը կարող էր պայմանավորված լինել դիտորդական առաքելությանն ուղղված ընդդիմության ներկայացուցիչների բավականին կոշտ ու սուր գնահատականներով»: Բացի այդ, հանձնաժողովականներն իրենց զեկույցում անուղղակիորեն փորձում են ընդգծել միտքը, թե ընտրությունները չեն կեղծվել, ու Լ.Տեր-Պետրոսյանը պարտություն է կրել: Բավականին միակողմանի զեկույցին հավասարակշռություն տալու համար զեկույցում անհամեմատ մեղմ քննադատություն կար իշխանությունների հասցեին: Անհավասարակշիռ էր նաեւ ԶԼՄ-ների գործունեության գնահատականը` իշխանություններին ուղղված քննադատությունը որակվել էր սեւ քարոզչություն, իսկ հեռուստաալիքներից ընդդիմությանն ուղղված` իսկապես սեւ քարոզչությունը համարել էին միակողմանի լուսաբանում: Հանձնաժողովը նաեւ եզրակացրել էր, թե ընտրություններից հետո 10 օր տեւած հանրահավաքները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ: Մի խոսքով, զեկույցի այս հատվածն ընթերցելիս տպավորություն էր ստացվում, որ դա ամբողջապես կառուցվել է ՀՀ Գլխավոր դատախազության եւ որոշ պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա: Հավանաբար, իզուր չէին այն կարծիքները, թե զեկույցը գրվում է Գլխավոր դատախազությունում: Իսկ զեկույցի հրապարակումից ընդամենը 1 օր առաջ Ս.Նիկոյանին է այցելել ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանը:

Արյունոտ դեպքերի գնահատականը

Թվարկելով, թե Ոստիկանության որ պաշտոնյաները եւ ինչ հիմքերով են ղեկավարել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից ցուցարարներին ծեծելու եւ դուրս հանելու օպերացիան` հանձնաժողովը 15 ամիս հետո վերջապես հանգել է բոլորին հայտնի իրողությանը, թե այդ «միջոցառումը սկսվել է ոչ թե ժամը 7-ին, այլ, ամենայն հավանականությամբ` 6։40-ի սահմաններում»: Չանդրադառնալով, թե ինչ դաժանությամբ էին ծեծում ու քշում ցուցարարներին Ազատության հրապարակից` զեկույցում նշված է, որ «ազատեք հրապարակը» կոչերին ի պատասխան` միջոցառման մասնակիցների մի մասը սկսել է դիմադրել եւ փայտե մահակներով հարվածել Ոստիկանության աշխատակիցներին: Սակայն մինչեւ հիմա իրավապահ մարմինների կողմից դեռ չի ներկայացվել որեւէ տեսանյութ, որով ապացուցվի, որ ոստիկանները ցուցարարներին ցրելուց առաջ նրանց հորդորել են «ազատել հրապարակը»: Հավանաբար հանձնաժողովը հանրությանը կներկայացնի դեռեւս անհայտ այդ ապացույցը: Զեկույցում, այնուամենայնիվ, ոստիկանների գործողությունների որոշ խախտումներ ներկայացվել են, սակայն վերջում եզրակացրել են` «2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ՀՀ Ոստիկանության գործողությունները, ընդհանուր առմամբ, եղել են իրավաչափ եւ համաչափ»: Իսկ ողջ` մարտի 1-2-ի իրադարձությունները որակվել է «ընդհանուր առմամբ իրավաչափ»:

Չկատարված պարտականություններ

2008թ. հունիսի 16-ի որոշումը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առջեւ դրել էր երեք խնդիր` գնահատել տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը, ճշտել զոհվածների մահվան հանգամանքները եւ առաջարկություններ ներկայացնել նման իրադարձությունների կրկնությունը բացառելու համար: Վերը շարադրվածից ամեն ոք կարող է անձամբ հասկանալ, թե հանձնաժողովը որքանով է անաչառ գնահատել մարտյան բռնությունների իրավաչափությունն ու համաչափությունը: Հատկապես, երբ այդ իրադարձություններին ականատես են եղել հազարավոր մարդիկ: Երկրորդ` զոհվածների մահվան հանգամանքները բացահայտելու հետ կապված Ս.Նիկոյանը դեռեւս ամիսներ առաջ է հայտարարել, որ անզոր են այդ հարցում: Զեկույցում նույնպես նշված է, որ իրենք ոչ միայն չեն բացահայտել, այլեւ ցանկության դեպքում անգամ չեն կարող բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, որովհետեւ դա նախաքննական մարմնի պարտականությունն է: Եվ ամենակարեւորը` հանձնաժողովը չկարողացավ բացահայտել, թե ովքեր են կազմակերպել մարտյան իրադարձությունները` ավելի պարզ ասած, ով է եղել հրաման տվողը: Իրավաչափ, բայց ուշացած է գնահատվել արտակարգ դրություն սահմանելու` Ռոբերտ Քոչարյանի հրամանը: Իսկ երրորդ` այդ իրադարձությունների կրկնությունը բացառելուն նվիրված հատվածում նշված են բազմաթիվ` սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական առաջնահերթություններ: Նշված է, որ սոցիալական բեւեռացումը, աղքատության ու կոռուպցիայի բարձր մակարդակը եւ նման այլ երեւույթներն են դարձել հանրահավաքների ու ժողովրդական ընդվզումների պատճառը: Այսինքն հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում ոչ թե կեղծված ընտրությունների, այլ վերը նշված գործոնների պատճառով:

Մի խոսքով, հանձնաժողովը մարտյան դեպքերից 15 ամիս հետո հրապարակած զեկույցում որեւէ բացահայտում չէր արել: Ավելին, չարդարացվեց հանձնաժողովականների տարածած այն կարծիքը, թե այս զեկույցը «տրորելու է շատ պաշտոնյաների ոտքը»: Ավելացնենք, որ Ս.Նիկոյանը երեկ հասցրեց ներկայացնել զեկույցի մի մասը, մյուս մասը կներկայացնի այսօր:

«Հասարակությունը շատ լավ գիտի, թե ովքեր են կազմակերպել Մարտի 1-ը, ովքեր են կանգնած այդ հրեշավոր հանցագործության հետեւում: Որեւէ նոր բան այս հանձնաժողովը չէր կարող ավելացնել, բայց նոր բան կարող ենք համարել այն, որ հաստատվեցին այն կանխատեսումները, թե հանձնաժողովը ստեղծված էր մեկ նպատակով` կոծկել-պարտակել այս հրեշավոր հանցագործության հետքերը, ոչինչ չանել ՀՀ 10 քաղաքացիներին գնդակահարած մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ: Եվ դա փայլուն կերպով արեց հանձնաժողովը»,- զեկույցին այսպիսի մեկնաբանություն տվեց Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հ.Գ. Ավելացնենք նաեւ, որ զեկույցը չեն ստորագրել հանձնաժողովի անդամներից միայն ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւ ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը: Նրանք ներկայացնելու են իրենց հատուկ կարծիքը: ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը եւ Արտյուշա Շահբազյանը թեեւ ներկայացրել են իրենց հատուկ կարծիքը, բայց մյուսների հետ միասին ստորագրել են զեկույցի տակ: ՀՅԴ-ականներն առարկություն են ներկայացրել առ այն, թե համակարծիք չեն, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած գործողությունները իրավաչափ եւ համաչափ են, իսկ քաղաքապետարանին հարող տարածքում ձեռնարկված գործողությունները` իրավաչափ: Սակայն վերջում գոհունակություն ու շնորհակալություն են հայտնել հանձնաժողովին «հագեցած ու արդյունավետ աշխատանքի համար»: Իսկ առարկությունները, հավանաբար, ներկայացրել են այն պատճառով, որ մի քանի ամիս առաջ իրենց ընդդիմություն են հռչակել: