«Ժառանգությունը» ձայնակցում է ՀՀԿ-ին

16/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2009թ. մարտի 11-ին ԱԺ թվով 35 պատգամավորներ («ՀՀԿ», «ԲՀՀ» եւ «ՕԵԿ» խմբակցություններից) դիմել էին Սահմանադրական դատարան` պարզելու ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը: ՍԴ-ն էլ 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 7-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր է ճանաչել ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին» դրույթը` համամասնական ընտրական քվեաթերթիկում որպես թեկնածու չնշված եւ մանդատ ստացած պատգամավորի առնչությամբ: Սա նշանակում է, որ այսուհետ համամասնական կարգով ընտրված այն պատգամավորները, որոնք չեն եղել ցուցակի առաջին եռյակում, եւ որոնք ուզում են դուրս գալ խմբակցությունից, դա կարող են անել` միմիայն իրենց պատգամավորական մանդատը վայր դնելով: «Այս որոշման էությունը նրանում է, որ եթե ցուցակի առաջին եռյակում չընդգրկված պատգամավորը ուզում է դուրս գալ խմբակցությունից, ինքը պետք է կամավոր մանդատը վայր դնի»,- մեզ հետ զրույցում նշեց ՍԴ-ի Իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը` շեշտելով, որ սա չի վերաբերում համամասնական ցուցակի առաջին 3 համարները զբաղեցնող պատգամավորներին: Այսինքն` վերջիններս ցանկության դեպքում կարող են դուրս գալ խմբակցությունից եւ չկորցնել մանդատը: Հետեւաբար «Ժառանգությունից» վերջերս հեռացված Վարդան Խաչատրյանը կարող է դուրս գալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից` պահպանելով մանդատը, քանի որ եղել է «Ժառանգության» համամասնական ցուցակի երրորդ համարը: Իսկ կարո՞ղ են մանդատից զրկվել կուսակցությունից հեռացված եւ ցուցակի առաջին եռյակում չընդգրկված այն պատգամավորները, որոնք չեն ցանկանում դուրս գալ խմբակցությունից: Լ. Հակոբյանը նշեց, որ այս հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ ՍԴ-ի որոշումը նման հարցադրման հետ կապ չունի: Սակայն ԱԺ-ում ոչ պաշտոնապես շրջանառվում է Ռաֆիկ Պետրոսյանի հեղինակած «Կուսակցությունների» ու «Երեւան քաղաքի» մասին օրենքներում, ինչպես նաեւ «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ կատարելու մի նախագիծ, որոնց համաձայն՝ համամասնական կարգով ընտրված պատգամավորը զրկվելու է մանդատից, իսկ Երեւանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվելու են, եթե նրանք հեռացվում կամ դուրս են գալիս կուսակցությունից: «Երբ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը նշված չի եղել քվեաթերթիկում, մանդատը ստացել է կուսակցությանը տրված ձայների շնորհիվ եւ ցանկանում է դուրս գալ խմբակցությունից, ապա դա կարող է անել մանդատը կամավոր վայր դնելուց հետո միայն: Համամասնական ընտրակարգով ընտրված եւ հետագայում կուսակցությունից հեռացված պատգամավորի լիազորությունները դադարում են»,- նշված է Ռ. Պետրոսյանի առաջարկած փոփոխությունների նախագծում: Եվ որպես այս օրինագծի հիմնավորում՝ նշված է հենց ՍԴ-ի հունիսի 30-ի որոշումը: Այն ԱԺ տարբեր պատգամավորներ տարբեր կերպ են մեկնաբանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ի այս որոշման հիման վրա մանդատից կարող է զրկվել, օրինակ, Մյասնիկ Մալխասյանը: «Նախկինում ԱԺ պատգամավորը կարող էր իր ցանկությամբ դուրս գալ կամ դուրս չգալ խմբակցությունից` պահպանելով մանդատը: Եվ երբ պատգամավորը իր ցանկությամբ դուրս էր գալիս խմբակցությունից, ապա, ինչպես նշված է ՍԴ-ի որոշման մեջ, դա նպաստում էր «խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությանը, որը …չի բխում …սահմանադրական սկզբունքներից»: Ուստի ՍԴ-ի որոշմամբ, այսուհետ խմբակցությունից ինքնակամ դուրս եկողը չի կարող համարվել պատգամավոր, հատկապես՝ եթե նրա անունը ներառված չէ համամասնական քվեաթերթիկի առաջին եռյակում: Իսկ այն դեպքում, երբ պատգամավորը ինքնակամ դուրս չի գալիս խմբակցությունից, ԱԺ կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ մասը թույլ է տալիս խմբակցությանը` լուծելու այդ պատգամավորին մանդատից զրկել-չզրկելու հարցը: Այսինքն` խմբակցությունը ձայների պարզ մեծամասնությամբ կարող է որոշում կայացնել պատգամավորին խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում էլ այդ պատգամավորը զրկվում է մանդատից,- ասում է Ս. Սաֆարյանը` ավելացնելով,- «ստացվում է 2 տարբերակ. պատգամավորը ինքն է կամովին դուրս գալիս խմբակցությունից` վայր դնելով մանդատը, կամ էլ խմբակցությունն է հեռացնում նրան ու այդ մասին ԱԺ կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գրավոր տեղեկացնում ԱԺ նախագահին, ով դրա մասին հայտարարում է ԱԺ նիստի ժամանակ, եւ որի արդյունքում այդ պատգամավորը զրկվում է մանդատից»: Այսինքն` «ժառանգությունից» հեռացված Վ. Խաչատրյանը, ինչպես նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը կարող են վայր չդնել մանդատը` եւ նրանց իրենց նախկին խմբակցությունները չեն կարող զրկել մանդատից: Ինչ վերաբերում է կուսակցությունից հեռացված Մ. Արիստակեսյանին, որը շուտով դառնալու է պատգամավոր, ապա Ս. Սաֆարյանը նշեց, որ խմբակցությունից նրան հեռացնելու վերաբերյալ հարցը իրենք դեռ չեն քննարկել: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ասելով, սակայն, համամասնական կարգով ընտրված ու հետագայում կուսակցությունից հեռացված պատգամավորին մանդատից զրկել հնարավոր չէ: «Ձեր հիշատակած ԱԺ կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է. «Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաեւ գործունեության դադարման եւ վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է ԱԺ նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է ԱԺ-ի առաջիկա նիստում»: Այսինքն` սա, նաեւ` ԱԺ կանոնակարգն ու ընդհանրապես մեր օրենսդրությունը պատգամավորին խմբակցությունից հեռացնելու որեւէ մեխանիզմ չի նախատեսում: ՍԴ-ի վճռից հետո էլ կանոնակարգում որեւէ այդ կարգի փոփոխություն չի եղել: Դա ավելի շատ թողնված է պատգամավորի բարոյականությանը»,- նշեց Վ. Դալաքյանը: Նրա ասելով, եթե խմբակցությունը կարողանա իր կազմում գտնվող պատգամավորին հեռացնել, դա որոշակի վտանգներ կպարունակի: «Օրինակ` հնարավոր է՝ խմբակցությունը շեղվել է իր գծից եւ անհատ պատգամավորը դեմ է խմբակցության` այդ շեղված գծի իրականացմանը: Եթե խմբակցության՝ օրենսդրորեն հնարավորություն է տրվելու հեռացնել այդ պատգամավորին, դա կնշանակի քաղաքական հաշվեհարդար իրականացնել նրա նկատմամբ: ՍԴ-ի որոշումը, ըստ որի՝ եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, մանդատից զրկվում է, մեծ հաշվով ընկալելի է, բայց սա էլ նրբերանգներ ունի: Ով ասաց, որ ցուցակի եռյակում չընդգրկված պատգամավորի` տվյալ ցուցակում գտնվելը չի նպաստել նրան, որ ժողովուրդը գնա ու հենց այդ պատգամավորի պատճառով այդ ցուցակին ձայն տա»,- կարծում է Վ. Դալլաքյանը: Ըստ նրա՝ կուսակցությունների բաժանած բուկլետներում ամբողջ ցուցակը նշվում է, եւ շատ հնարավոր է, որ հենց միայն առաջին եռյակում չընդգրկված որեւէ թեկնածուի պատճառով է ընտրողը ձայն տվել որեւէ ցուցակի: «Կամ, ասենք, առաջին եռյակում չէ ու ներկայացնում է Գյումրի քաղաքը, գյումրեցիները գնում ու հենց նրա պատճառով այդ ցուցակին են ձայն տալիս: Այսինքն` այս կարգի խնդիրները կացնային եղանակով լուծելը որոշակի վտանգներ ունի, թեեւ ընդհանուր առմամբ, կարծում եմ` եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, մանդատից պետք է զրկվի: Բայց նմանատիպ խնդիրները ոչ թե պետք է օրենսդրորեն կարգավորվեն, այլ ավանդույթի ուժով, բարոյական հարթությունում»,- եզրափակեց Վ. Դալլաքյանը: