Հարկային փոփոխությունների «տարած-հետ բերած» փաթեթի հեղինակները վերջապես հասան իրենց նպատակին։ ԱԺ-ում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ընդ որում՝ բավականին արագ։ Դե, հարմար առիթ էր, նստաշրջանի առաջին օրն էր, պատգամավորների մեծ մասը ներկա էր (նման բան մեր խորհրդարանում հաճախ չի պատահում)։
Ինչպես սիրում է ասել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, մի զարկով երկու նապաստակ սպանեցին։ Իսկ ԱԺ-ում փոփոխված փաթեթը ներկայացրել է նրա տեղակալը՝ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, հավաստիացնելով, որ կատարվել են «սկզբունքային փոփոխություններ»: Որպես հիմնական փոխզիջում՝ ներկայացվում է այն դրույթը, որ հարկային ներկայացուցիչը իրավասու է ներկա լինել միայն արտադրանքի առաքման ժամանակ` պատրաստի արտադրանքի բաց թողնվող ֆիզիկական ծավալները, իրացման գները եւ միայն իրացման հետ կապված փաստաթղթերը ստուգելու համար: «Մենք զերծ ենք մնալու արտադրություն ներգործելուց: Հարկային ներկայացուցչին հասու չի լինելու արտադրական գաղտնիքներ եւ ոչ էլ արտադրական պրոցեսներ»,- ասել է փոխնախարարը։ Կառավարությունը մեղմացրել է փաթեթի պայմանները նաեւ այն ընկերությունների համար, որոնց մոտ կարող է հարկային ներկայացուցիչը ներկա գտնվել: Մասնավորապես, հանվել են նախկին տարբերակում տեղ գտած կազմակերպությունները, որոնց մոտ կա 500-ից ավելի աշխատող, եւ որոնք ունեն 50 մլն ու ավելի դրամ հարկային վնաս: Փաստորեն, հարկային ներկայացուցիչներ կնշանակվեն ենթաակցիզային ապրանքներ արտադրող եւ ներմուծողների մոտ, ինչպես նաեւ այն ընկերություններում, որտեղ նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, 3 ամսվա ընթացքում ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, կամ՝ հաշվետու տարվա ընթացքում 3 անգամ էական շեղումներ են հայտնաբերվել հաշվետվությունների տվյալների եւ չափագրումների արդյունքների միջեւ։
Դժվար է ասել՝ Սուրեն Կարայանի խո՞սքն է համոզիչ եղել, փոխզիջումնե՞րն են «գործարար պատգամավորների» սրտով եղել, թե՞ ամառային արձակուրդների ընթացքում ինչ-ինչ գործոններ են ազդել, փաստն այն է, որ փաթեթին կողմ են քվեարկել 73 պատգամավորներ։ Այդ թվում՝ գործարար պատգամավորներ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը, Սամվել Ալեքսանյանն ու Աշոտ Տոնոյանը։ ՀՀԿ անդամ հանդիսացող գործարար պատգամավորներից փաթեթին դեմ է քվեարկել միայն «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը։
Այն, որ փաթեթն ընդունվելու էր, պարզորոշ դարձավ մեկ շաբաթ առաջ, երբ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին ասաց. «Ես այսօր կարող եմ ասել, որ մենք այդ փաստաթուղթը շատ հանգիստ կարող ենք ընդունել, առանց մտահոգությունների։ Հարկային տեսուչը կարող է վերահսկել ընդամենը 3 գործոն՝ ի՞նչ քանակությամբ ապրանք է բաց թողնվում, ո՞ւմ է բաց թողնվում եւ ի՞նչ գնով»։ Հիշեցնենք նաեւ, որ Վ. Այվազյանը նույն ասուլիսի ժամանակ կարծիք էր հայտնել, որ հարկային գործակալների ներմուծումը՝ որպես վարչարարության էլեմենտ, առաջ է բերելու բյուջետային մոտ 30 մլրդ-ի լրացուցիչ մուտքեր։ Երեկ փորձեցինք նրանից ճշտել՝ ի՞նչ հաշվարկների հիման վրա է ստացվել այդ թիվը։ Պրն Այվազյանը մեզ փոխանցեց, որ այդ հաշվարկներն իրականացրել է կառավարությունը։ Այսինքն՝ կառավարությունը դա ներկայացրել է որպես հիմնավորում, թե ինչու է փաթեթի ընդունումն անհրաժեշտ։ 30 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքը մեր տնտեսության համար շատ մեծ թիվ է։ Իսկ դա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակով խոստովանում են՝ խոշոր բիզնեսում առկա է շատ մեծ ստվեր։
Խոշոր բիզնեսի մեծ մասն, իր հերթին, պատկանում է գործարար պատգամավորներին կամ նրանց մերձավորներին։ Իսկ հարկային փաթեթին ընդդիմացող գործարար պատգամավորներին, որքան էլ նրանք փորձեն հակառակը համոզել, առաջին հերթին վախեցնում էր ոչ թե արտադրական գաղտնիքների, այլ՝ շրջանառության իրական ծավալների բացահայտումը։ Իսկ հարկայինը վերահսկելու է հենց դա՝ իրացումն ու շրջանառությունը։
«Եթե հարկային փաթեթն արմատապես փոփոխված չլինի, «գործարար ծագում ունեցող պատգամավորները» կշարունակեն պայքարը դրա դեմ»,- մի քանի օր առաջ իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Սակայն ստացվում է, որ անհանգստության բուն պատճառը՝ եկամուտների վերահսկումը, իրականում մնացել է, սակայն փաթեթը հաստատվել է։ Գործարար պատգամավորները կամ, ինչպես Արսեն Ղազարյանն է ասել, «գործարար ծագում ունեցող պատգամավորները» դեմ են գնացել իրենց իսկ շահերին։ Այն պարզ պատճառով, որ իրենք գործարար են, այն էլ՝ խոշոր։ Իսկ խոշոր գործարարները Հայաստանի ամենավերահսկելի խավն են, որովհետեւ բոլորի վրա հատորներով կոմպրոմատ կա։ Ի դեպ, «գործարար ծագում ունեցող պատգամավոր» ձեւակերպումն առաջին անգամ էր հնչում։ «Գործարար ծագում ունեցող պատգամավորը», ըստ տրամաբանության, երեւի նախ կայացել է որպես բիզնեսմեն, հետո մտել խորհրդարան՝ բիզնեսը պաշտպանելու, սեփական ամբիցիաները բավարարելու կամ մեկ այլ «ազնիվ» մղումով։ Նույն տրամաբանությամբ, պատգամավորների այն մասին, ովքեր որպես բիզնեսմեն հաջողությունների են հասել մանդատ ստանալուց հետո, կարելի է անվանել «պատգամավորական ծագում ունեցող գործարարներ»։ Կա նաեւ երրորդ խումբը, որոնց կարելի է անվանել «գործարար դառնալու ուղղությամբ աշխատող պատգամավորներ»։ Խնդիրը, սակայն, ոչ թե ձեւակերպումներն են, այլ այն, որ այս 3 կատեգորիաները կազմում են մեր խորհրդարանի 90%-ը։
Եվ քանի դեռ այդպես է, մեր երկրում կարող է հաստատվել ցանկացած օրենք՝ կապ չունի` «ցանկացած ծագում ունեցող»։