Հին եւ ծանոթ սյուժե

16/09/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Պատմությունը, որ ներկայացնելու ենք ստորեւ, վստահ ենք, ձեզ եւս կզարմացնի նույնքան, որքան մեզ: 19-ամյա Աշոտ Գրիգորյանը երկկողմանի ծնողազուրկ է: Նման ճակատագրով մարդիկ մեր երկրում, որպես կանոն, չեն ունենում օթեւան եւ վարում են թափառաշրջիկ կյանք: Ճիշտ, ինչպես այս պատմության հերոսը: 2004թ. Աշոտ Գրիգորյանն ընդգրկվում է Թուֆենկյան հիմնադրամի բավական պարտավորեցնող՝ «Մենք պարտավոր ենք ապրել» անվանումով ծրագրում: Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում էլ նրան առաջարկվում է Երեւանի Սրբ.Հովհաննես եկեղեցում զբաղվել տարբեր բնույթի կենցաղային աշխատանքներով: Սրբ. Հովհաննես եկեղեցու քահանա տեր Տիրանից տեղեկացա, որ թե՛ իրենք, թե՛ հետագայում նաեւ Սրբ. Սարգիս եկեղեցին, հնարավորությունների չափով օգնել են երիտասարդին` նրան տրամադրելով կացարան, աշխատանք: Սակայն հոգեւորականի հետ զրույցն ավելի տեղին կլինի ընդմիջել` ներկայացնելով արդեն իրավապահների արձանագրությունը. «2004թ. սեպտեմբերից մինչեւ 2005թ. հոկտեմբերը Երեւանի Սրբ. Հովհաննես, իսկ 2005թ. հոկտեմբերից` 2007թ. ապրիլի 30-ը` Սրբ. Սարգիս եկեղեցի ապօրինի մուտք գործելով` Աշոտ Գրիգորյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի գումարների գաղտնի հափշտակում: Մասնավորապես` 2004թ. հոկտեմբերից 2005թ. հոկտեմբերի յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը գողություն կատարելու դիտավորությամբ իր մոտ գտնվող հարմարեցված բանալու գործադրմամբ ապօրինի մուտք է գործել Սրբ. Հովհաննես եկեղեցի եւ գանձանակներից ամեն անգամ հափշտակել 200.000 դրամ` ընդհանուր առմամբ հափշտակելով 2 միլիոն 600.000 դրամ: 2005թ. հոկտեմբերից` 2007թ. ապրիլի 30-ը յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրն իր մոտ գտնվող հատուկ հարմարեցված բանալու գործադրմամբ ամեն անգամ Սրբ. Սարգիս եկեղեցու գանձանակներից հափշտակել է 275.000 դրամ` ընդհանուր առմամբ հափշտակելով 23 միլիոն դրամ: 2007թ. ապրիլի 30-ի գիշերը, ժամը 1:00-ի սահմաններում, գողություն կատարելու նպատակով գանձանակից գաղտնի հափշտակել է 212.000 դրամ եւ 92.812 դրամի համարժեք 260 ԱՄՆ դոլար: Սակայն իր կամքից անկախ` բռնվել է ոստիկանների կողմից եւ հանցանքն ավարտին չի հասցրել»:

Նման պատմությունների պակաս չկա, եւ սա էլ արժանի չէր լինի հրապարակման եւ հատուկ ուշադրության, եթե չունենար շարունակություն:

Երկկողմանի ծնողազուրկ եւ թափառաշրջիկ կյանք վարած այս երիտասարդը սեփական տանիք ունենալու մեծ ցանկություն է ունեցել եւ Սրբ. Սարգիս եւ Սրբ. Հովհաննես եկեղեցիներից հափշտակած գումարներով 2005թ. մայիսի 13-ին 6300 դոլարին համարժեք 2 միլիոն 248.911 դրամով գնել է բնակարան մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու շենքում (բնակարանի հասցեն տպագրելը այս դեպքում նպատակահարմար չենք գտնում: – Լ.Ա.): «88.000 դրամով գնել է տարբեր տեսակի էլեկտրատեխնիկա, 289.500 դրամով` լազերային սկավառակներ եւ տեսաժապավեններ»,- ծանոթանում ենք գործից: Իրավապահներն այնքան մանրակրկիտ են հաշվել եկեղեցիների գանձանակներից հափշտակած փողերը, որ, չգիտես ինչու, չեն արձանագրել, որ այս երիտասարդը գնել է նաեւ «կոնֆետ, չամիչ եւ խնձոր»:

Աշոտ Գրիգորյանը, ինչպես տեղեկանում ենք նրա գործից, եւ ինչպես պատմեց «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակցուհիներից մեկը, վատառողջ էր: Սակայն եկեղեցիների գանձանակներից գողացած գումարից որեւէ դրամ չի ծախսել իր առողջության վրա, թեեւ, փաստորեն, ուներ բավական լուրջ առողջական խնդիրներ: Մասնավորապես` տառապում էր (եւ է՛) ստորին եւ վերին վերջույթների լիմֆոստալ հիվանդությամբ եւ «օրգանական ծագման թեթեւ կոգնիտով եւ աֆեկտիվ խանգարումներ» ձեւակերպմամբ հոգեկան հիվանդությամբ, ինչի հետեւանքով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ հանցանքը կատարելու ժամանակ ճանաչվել է սահմանափակ գործունակ վիճակում: Աշոտ Գրիգորյանն իր համար բնակարան, 88.000 դրամի տեխնիկա եւ բազմաթիվ տեսա եւ ձայնասկավառակներ գնելուց բացի` գողացած գումարը բաշխել է այս կերպ. «Թվով 32 քաղաքացիների, 12 կազմակերպությունների (այդ թվում` չորս եկեղեցիների, չորս գիշերօթիկ դպրոցների, մեկ միաբանության, մեկ մանկական ճամբարի եւ երկու բարեգործական հիմնարկների) նվիրատվություն է կատարել` 10 միլիոն 852.100 դրամի չափով»:

Քանի որ Աշոտ Գրիգորյանը, ինչպես դատական գործում է նշված, «իր կամքից անկախ` բռնվել է ոստիկանների կողմից եւ գործն ավարտին չի հասցրել», դատապարտվել է ազատազրկման:

Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանի 2008թ. օգոստոսի 1-ին կայացրած վճռի համաձայն` Ա. Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` անձնական գույքի կեսի բռնագրավմամբ` բավարարելով Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հայցը` բռնագանձել 25 միլիոն 600.000 դրամ` որպես գույքային վնասի հատուցում: Վերաքննիչ դատարանը 2008թ. նոյեմբերի 19-ին կիսել է 5 տարվա պատիժը` Ա. Գրիգորյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Այսինքն` Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատյան թեմի քաղհայցը` Ա. Գրիգորյանից բռնագանձել 25 միլիոն 600.000 դրամ` որպես գույքային վնասի հատուցում: Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի վճիռը թողել է նույնը, սակայն բավարարել է Արարատյան թեմի հայցը` բռնագրավել 25 միլիոն 600.000 դրամ:

Թեեւ «Թուֆենկյան» հիմնադրամից եւ Սրբ. Հովհաննես եկեղեցուց ասացին, որ երիտասարդը դեռ ազատազրկման մեջ է, մեր հաշվարկներով՝ նա պիտի որ ազատ արձակված լիներ անգամ մինչեւ համաներումը: Ամեն դեպքում, նրա բնակարանի դուռը ոչ ոք չբացեց: Գուցե նա վաճառել է այն` վճարելու Արարատյան թեմին հասցված գույքային վնասի մի մասը: Սակայն իր բնակարանը 25 միլիոն 600.000 դրամով նա երբեւէ չէր կարողանա վաճառել: Այն գնել էր, հիշենք, 2 միլիոն 248.911 դրամով, իսկ 10 միլիոն 852.000 դրամի բարեգործությունը, որ կատարել էր երկկողմանի ծնողազուրկ եւ թափառաշրջիկ կյանք վարող այս մարդը, ետ ստանալ ոչ միայն չէր կարող, այլեւ թերեւս չէր էլ փորձի:

Հետաքրքիր է, որ Սրբ. Հովհաննես եկեղեցու քահանան, որ չգիտեր անգամ, որ երիտասարդը գանձանակներից հափշտակած դրամով այդքան մարդու եւ կազմակերպությունների է օգնել, ասաց. «Ի՜նչ լավ է, որ գրում եք այդ տղայի մասին: Երկկողմանի ծնողազուրկ է: Թող նրան ազատ արձակեն: Մեղք է…»:

Նման մարդկանց հանդեպ մեր դատարանները, սակայն, ամենեւին ներողամիտ չեն: Օրենքի ողջ խստությունը հենց նրանց համար է…