Շաբաթվա սկզբին նշվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պաշտոնական տարեդարձը: Ճգնաժամն, իհարկե, մի քանի ամիս շուտ էր սկսվել, եւ այդ մասին նույնիսկ մեր ղեկավարությունն էր տեղյակ: Տեղյակ էր, բայց ոչինչ չէր ձեռնարկում: Ավելին` խորհրդարանում կառավարությանն ուղղված հարցին պատասխանելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին խուրհուրդ տվեց չխոսել ճգնաժամի հնարավոր հետեւանքների մասին: Ակնհայտ էր, որ մեր իշխանությունները հակաճգնաժամային ծրագիր չեն պատրաստվում մշակել: Հավանաբար, կարելի էր նման ենթադրություն անել: Որովհետեւ մեր տնտեսությունը փոքր է: Հատկապես իրական հատվածը: Արտադրության մեջ էլ գերիշխողը գյուղմթերքների մշակումն է: Սննդամթերքը միշտ էլ սպառվելու է՝ անկախ ճգնաժամի առկայության կամ բացակայության փաստից: Բայց հենց անցած աշնանից նկատելի էր, որ վերջին տարիներին սովորական դարձած երկնիշ տնտեսական աճն այլեւս անհնար է ապահովել: Կամ` նկարել: Արտերկրից (հիմնականում՝ Ռուսաստանից) ստացվող տրանսֆերների հաշվին ապրող երկրում ճգնաժամն ուրույն դրսեւորում ունեցավ: Տարեվերջին նախ Ռուսաստանից վերադարձավ արտագնա աշխատուժը: Վերադարձավ շատ ավելի համեստ դրամով, քան նախորդ տարիներին: Արտաքին ապրանքաշրջանառության տվյալներից ակնհայտ էր, որ տնտեսությունն էապես կրճատվում է: Այս ոլորտի վերջին պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ մեկ երրորդով: Ճգնաժամի տարեդարձը մենք դիմավորեցինք անսպասելի ծանր ցուցանիշներով: Արտահանումը նախորդ տարվա ընդամենը 55 տոկոսն է կազմում: Իսկ ներմուծումը` 70 տոկոսը: Հիմա առանձին երկրներում արդեն տնտեսական աճ է արձանագրվել եւ արդեն խոսվում է հետեւանքների հաղթահարման մասին: Մեր մոտ պատկերը հակառակն է: Կառավարությունը 2010թ. չափազանց համեստ պետբյուջե է նախատեսում, որն իր իրական ծավալով այս տարվա բյուջեից փոքր է լինելու: Բյուջեի եկամտային հատվածը նախորդ տարվա համեմատ պաշտոնապես 13.3 տոկոսով կրճատվել է: Հետեւաբար, փորձագետների կարծիքով, այս տարվա կատարողականը հարցականի տակ է: Համարյա պաշտոնապես խոսվում է, որ այս ֆինանսական տարին մենք կփակենք երկնիշ, մինչեւ 20 տոկոսի հասնող տնտեսական անկումով: Մակրոտնտեսական բոլոր ցուցանիշներն այդ տխուր հնարավորության օգտին են: Հունվար-հուլիս ամփոփված տվյալներով իրական գներով
ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կրճատվել է 18 տոկոսով: Սա պաշտոնական թիվ է: Ճգնաժամի տարեդարձի օրերին արժեզրկման հերթական փուլն է ապրում ազգային դրամը: Երեկ այն առաջին անգամ դուրս սողաց պաշտոնապես հայտարարված 460-480 միջանցքից: Եվ որքան կշարունակվի արժեզրկումը՝ դժվար է կանխատեսել: ԿԲ-ն ընդամենը մեկ օր չմասնակցեց տարադրամային շուկայի գործընթացներին, եւ դրամն արժեզրկվեց: Պատկերն ավելի տխուր են դարձնում Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները: Ճգնաժամն այս երկրում կարգին հիմնավորվել է: Գործազրկության ցուցանիշն այս երկրում 10 տոկոս է կազմում: Այն պաշտոնապես ավելի բարձր է, քան Հայաստանում: Դժվար չէ ենթադրելը, որ ՌԴ իշխանությունները կշարունակեն կոշտացնել օտարերկրյա աշխատուժի դեմ տարվող պայքարը: Հետեւաբար՝ եկող տարի էլ մեր արտագնա աշխատուժին չի հաջողվի աշխատանք գտնել Ռուսաստանում: Մեր երկիրը գնալով պակաս հետաքրքիր է դառնում օտարերկրյա ներդրողների համար: Նախորդ տարվա համեմատ ներդրումները կրճատվել են 40 տոկոսով: Միակ ֆինանսական աղբյուրը մնում են արտաքին պարտքերը: Այս ոլորտում մեր իշխանությունները գերազանցեցին թե՛ հասարակական, թե՛ հենց իրենց սպասելիքները: Տնտեսական ճգնաժամի մեկ տարում երկրի արտաքին պարտքի կրկնակի ծավալով պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Դա, իհարկե, առժամանակ հնարավորություն կտա կատարել բյուջետային պարտավորությունները եւ դրամական հոսքեր ուղղորդել տնտեսության առանձին ոլորտներ: Տարիներ շարունակ շինարարությունը տնտեսական ցուցանիշների աճ է ապահովում: Ապահովում էր էականորեն աղճատելով տնտեսության պատկերն ու աշխատուժի շուկան: Եթե 90-ական թվականներին ակտիվ աշխատուժը էներգետիկի մասնագիտություն էր յուրացնում, ապա 2000-ականներին մղվեց շինարարության ոլորտ: Հիմա կառավարությունը փորձում է արհեստականորեն պահպանել այս ոլորտը: Ուղղակի վարկավորումների ճանապարհով: Տարօրինակորեն ոչինչ չի արվում այս ոլորտի խնդիրները մասնավոր կապիտալի միջոցով կարգավորելու ուղղությամբ: Հսկայական ծավալի անավարտ շինարարությունների ֆոնին նոր շինարարությունների թույլատրություններ են տրվում: Ոչ մի երաշխիք չկա, որ ոլորտ նոր-նոր մտնող սեփականատերերը եւս ինչ-որ պահի կդադարեցնեն շինարարությունն ու կփորձեն ավարտել վարկավորման ճանապարհով հանրային փողեր ներգրավել: Միայն այս փաստը բավական է ենթադրելու համար, որ մեր իշխանությունները համաշխարհային ճգնաժամի տարեդարձը դիմավորեցին ճիշտ նույն մակարդակում, ինչ սկիզբը: Այսինքն՝ հնարավոր չէ նկատել, թե ինչ հակաճգնաժամային քաղաքականություն է վարում կառավարությունը: Երեւի դրա բացակայության պատճառով: