Պուգաչովայի համերգն աննախադեպ է լինելու

16/09/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ռուսաստանյան շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի համաշխարհային տուրնեն սեպտեմբերի 25-ին իր շարունակությունը կունենա արդեն Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Այս համերգը հայ հասարակության համար մեծ իրադարձություն է լինելու, քանի որ տեսնելու ենք մի միջոցառում, որի վրա ամիսներ շարունակ ահռելի աշխատանք են կատարել պրոֆեսիոնալ տեխնիկական եւ ստեղծագործական բազմաթիվ խմբեր: Համերգի կազմակերպիչները վստահեցնում են, որ Ա. Պուգաչովայի յուրաքանչյուր երգի կատարում մատուցվելու է մինի ներկայացումով, քանի որ բեմական էսթետիկայի վրա աշխատում են թատերական եւ պարային ռուսական պրոֆեսիոնալ խմբեր: Կազմակերպիչները վստահեցնում են, որ նման մասշտաբի համերգ Երեւանում դեռ չի եղել: Համերգի դեկորացիաների հեղինակ Բորիս Կրասնովը հատուկ այս տուրի համար ստեղծել է շատ թանկ արժողությամբ, մոտ 60 տոննա քաշ ունեցող պրոյեկցիոն էկրաններ: Սեպտեմբերի 20-ին Հայաստան կժամանեն ռուս մասնագետները` համալիրի բեմական, ձայնային, լուսային սարքերը դեմոնտաժելու եւ հատուկ սարքավորումներ տեղադրելու համար: Կազմակերպիչները վստահեցնում են, որ էկրանը հատակից ձգվելու է դեպի առաստաղ, իսկ բեմը համերգի ընթացքում պտտվելու է: Ա. Պուգաչովայի երկու ժամ տեւողությամբ համերգի համար ՌԴ-ից կժամանեն բազմաթիվ լրագրողներ եւ ստեղծագործական խմբեր: Իսկ ինքը` Պուգաչովան, Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի անձնական ինքնաթիռով: Համերգի կազմակերպիչներն են «Ֆորպոստ» եւ «Արտաս» ընկերությունները, որոնց ներկայացուցիչներն այս օրերի ընթացքում զարմանալու շատ առիթներ են ունեցել Հայաստանում տիրող վատ սովորություններից: Այս համերգի տեխնիկական պահանջները բավական խիստ են: ՀՀ-ում, պարզվում է, նման հսկայածավալ շոու կազմակերպելը բավական բարդ է: Պատճառների մասին մենք զրուցեցինք համերգի կազմակերպիչ, «Ֆորպոստ» պրոդյուսերական ընկերության նախագահ Զառա Մխեյանի հետ:

– Տեղեկություններ կան, որ Ա. Պուգաչովայի համերգը Հայաստանում կազմակերպելու համար կազմակերպիչները ստիպված են եղել կրկնակի ադմինիստրատիվ եւ տեխնիկական ռեսուրսներ օգտագործել:

– Սովորաբար մինչ Պուգաչովայի համերգը, Բորիս Կրասնովի տեխնիկական անձնակազմը եւ երգչուհու համերգների տնօրինությունը նախապես գնում է այն քաղաքները, որտեղ հնարավոր է՝ տեխնիկական խնդիրներ լինեն, որպեսզի հարթեն տեխնիկայի դեմոնտաժի հետ կապված դժվարությունները: Այն երկրներում, քաղաքներում, որտեղ չեն կարողանում այդ ամենն ապահովել, պարզապես համերգը տեղի չի ունենում: 3 ամիս առաջ խումբը եկավ Հայաստան, քննարկեցինք տեխնիկական հարցերը, եւ որոշվեց, որ 5 օր շարունակ համալիրում տեխնիկական աշխատանքներ կկատարվեն. էկրանները, կուլիսները, բեմն ամբողջությամբ կմոնտաժվի եւ կհավաքվի նրանց պահանջած դեկորացիան: Միակ խնդիրն այն է, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում համերգային դահլիճներում կամ մարզադահլիճներում պարտադիր պետք է լինի ինտերկոմ կապ, որն ապահովում է ամբողջ տեխանձնակազմի, երաժիշտների եւ աշխատանքային խմբերի միջեւ հատուկ կապը, ինչը, թերեւս, Մարզահամերգային համալիրում բացակայում է: Մենք այդ կապը բերում ենք Ռուսաստանից, որովհետեւ այն պարտադիր է եւ Պուգաչովայի նման մեգաաստղերն առանց ինտերկոմ կապի չեն աշխատում: Մեզ մոտ, ցավոք, շատ մեծ խնդիրներ կան այդ առումով, որովհետեւ տեխնիկական խնդիրներով զբաղվող մասնագետներ անգամ չունենք, եւ մենք ստիպված եղանք ինժեներներին Ռուսաստանից հրավիրել:

– Դա չի՞ զարմացնում ռուս մասնագետներին:

– Իհարկե, առավելեւս, երբ նրանք իմանում են, որ վերջերս Մարզահամերգային համալիրը կապիտալ վերանորոգման է ենթարկվել, եւ ինտերկոմ կապի անհրաժեշտության մասին իրենք չեն մտածել: Շատ զարմանալի է, որ նույնիսկ Տաշքենդի նման փոքր քաղաքում ինտերկոմ կապը կա, եւ միակ քաղաքը, որտեղ չկա` Երեւանն է:

– Շարքային հանդիսատեսը ինտերկոմ կապի կարեւորության մասին պատկերացում չունի, բայց պարզ է, որ երեւանյան համերգները կազմակերպվում են «տնավարի»:

– Երեւանյան համերգների 99%-ը ֆոնոգրամա է. հայ երգիչ-երգչուհիները ոչ մի խնդիր չեն ունենում, որովհետեւ համերգի ժամանակ երաժիշտներ չեն աշխատում, իսկ, եթե անգամ բեմի վրա երաժիշտներ են աշխատում, ապա դա բուտաֆորիկ բնույթ է կրում: Դրա համար էլ իրենց պետք չէ ինտերկոմ կապը, ինչը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Հայաստանյան երգիչներին դա ընդհանրապես պետք չէ, որովհետեւ պլյուսը միացնում եւ ֆոնոգրամայի տակ երգում են:

– Բայց չէ՞ որ Մշակույթի նախարարի հրամանով արգելվել է ֆոնոգրամայի տակ երգելը, հետեւաբար մեր երգիչ-երգչուհիների մոտ վաղուց արդեն ինտերկոմ կապի եւ շատ այլ անհարմարավետությունների մասին խոսելու պահանջ պետք է լիներ:

– Այդ դպրոցը, պրոֆեսիոնալիզմը, որակը չկա Հայաստանում, որպեսզի իրենք կարողանան դրան ձգտել, կամ դա իրենց պետք լինի: Նույնիսկ մոնիտորների որակի մասին խոսելն ավելորդ է, այսինքն` շատ տեխնիկական խնդիրներ կան, որոնց պատճառով մեր համերգների ձայնային որակը շատ վատն է: Սա այն համերգն է լինելու, որի ժամանակ առջեւի տրիբունաները եւ վերջին սեկտորները բարձրակարգ, որակյալ հնչողություն լսելու հնարավորություն են ունենալու: Մեծ գումարներ են ծախսվում բարձր որակ ապահովելու համար:

– Մենք տեղեկություններ ունեինք, որ Ա. Պուգաչովայի համերգին մասնակցելու համար կազմակերպիչներին զանգահարում են բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչներ եւ տոմսեր են պահանջում, ինչն իսկապես ամոթալի երեւույթ է եւ պաշտոնական դիրքի չարաշահում է: Օրինակ` լուր էինք հրապարակել, որ կազմակերպիչներին զանգահարել են նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ Արթուր Բաղդասարյանի համար տոմսեր էին պահանջել: Բայց «Օրինաց երկրից» փորձում են դա հերքել: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ի՞նչն են ուզում հերքել: Դա իսկապես եղել է, եւ այդ մասին ինձ տեղեկացրել են իմ աշխատակիցները: Կարդալով ձեր տպագրած այդ լուրը՝ իսկապես զարմացել էի, թե ինչպես եք այդ մասին իմացել: Մեր ընկերությունը Ռուսաստանում, արտասահմանում, Ուկրաինայում եւ շատ այլ երկրներում համերգներ է կազմակերպում: Ոչ միայն մենահամերգներ ենք կազմակերպում, այլ նաեւ կորպորատիվ-կրեատիվ երեկոներ, միջոցառումներ: Եվ որեւէ երկրում այդքան դժվարությունների չենք հանդիպել, որքան Հայաստանում: Զարմանում եմ, թե մարդկանց մոտ բնավորության ինչ հատկանիշներ են ի հայտ եկել: Յուրաքանչյուր փոքրիկ հարցի համար ստիպված ես կռիվ տալ ու նյարդեր քայքայել: Ես հիմա կոնկրետ մարդկանց եւ գերատեսչությունների անուններ չեմ նշի, բայց այդ ամենի մասին կխոսեմ համերգից հետո: Կարող եմ առայժմ ասել, որ նախարարություններից, պատգամավորներից շատերն են նման հեռախոսազանգեր հնչեցրել: Շատ դեպքերում էլ պաշտոնյաների օգնականներն են զանգահարում եւ իրենց ղեկավարի անունից տոմս խնդրում: Հետագայում պարզվում է, որ ղեկավարը տեղյակ էլ չէ այդ արարքից, պարզապես շահարկվում է նրա դիրքը: Նրանց թվում է, թե այդ անուններից մենք պետք է վախենանք կամ պարտավորվածություններ ունենանք: Հարցն այն է, որ սա բարեգործական համերգ չէ, այլ բիզնես-նախագիծ է, որի համար մեծ գումարներ են ներդրվել, եւ ամբողջ ծախսը կատարում է մեր ընկերությունը: Շատերը զանգահարում եւ տոմսեր են խնդրում, ընդ որում, մարդիկ, ովքեր վճարունակ են: Սոցհարցում է արվել, որի արդյունքներով պարզվել է, որ համերգի ամենաէժան գներ ունեցող տոմսերը վաճառված են եւ գնորդները հիմնականում ինտելիգենտ խավի ներկայացուցիչներն են: Միջին գին սահմանած տոմսերը վաճառված չեն, հավանաբար Հայաստանում միջին խավ գոյություն չունի, իսկ թանկ տոմսերը, որոնք պետք է գնեն վճարունակ մարդիկ` նրանք էլ ցանկանում են ձրի տոմս ձեռք բերել: Նման մասշտաբի միջոցառում կազմակերպելու համար մշտապես պահանջվում է տարբեր ենթակառուցվածքների աջակցությունը: Մենք աշխատում ենք որոշ կառույցների հետ, եւ նրանք ուղղակի պարտավոր են այդ պայմանագրերը կնքել, աշխատել մեզ հետ, բայց նրանք նույնպես տոմսեր են պահանջում: Բիզնեսմեններից մի քանիսի հետ նույնիսկ ստիպված եմ եղել կոպիտ խոսել, ասելով` ես ձեզ զանգահարում եւ ձեր արտադրանքից ձրի ուզո՞ւմ եմ: Տոմսի վաճառքն էլ մեր բիզնեսն է: Դրա համար էլ Երեւանում չի կարող զարգանալ շոու-բիզնեսը եւ համերգային գործունեությունը, որովհետեւ նման խոչընդոտները թույլ չեն տալիս մանր եւ միջին բիզնեսը զարգացնել: Էլ չեմ խոսում հարկային համակարգի մասին: Այն ենթակառուցվածքները, որոնք պարտավոր են պրոֆեսիոնալ համերգ կազմակերպելուն աջակցել` խանգարում են:

– Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաները ձրի տոմս են ուզում, ուրեմն` կարելի է ենթադրել, որ Ա. Պուգաչովայի համերգի տոմսերի արժեքը «աստղաբաշխական» թվերի են հասնում:

– Ամենեւին… Տոմսերի արժեքը 5000-120.000 դրամի է հասնում: Միջին գները 15.000-30.000 դրամ են կազմում: Հիմնականում վաճառվել են մինչեւ 20.000 դրամ արժողության տոմսերը եւ վաճառքում դեռ կան 20.000, 25.000 եւ 30.000 արժողությամբ տոմսերը: Մեր համալիրում այլ լուրջ խնդիր էլ կա: Կան որոշակի մարդկանց խմբեր, որոնք մշտապես համերգային տարածք ձրի ներխուժելու հնարավորություն են ունեցել: Դա լինում է հսկիչների, անվտանգության աշխատակիցների միջոցով: Օրինակ` ժամանակին, երբ «Վիագրա» խմբի համերգը Հայաստանում կազմակերպեցինք, եւ դահլիճում պետք է լիներ 7800 մարդ, բայց ներխուժեցին 12.000-ը: Ես վստահեցնում եմ, որ Պուգաչովայի համերգին անգամ մեկ հոգի չի կարող առանց տոմսի մուտք գործել, որովհետեւ մենք պայմանագրեր ունենք անվտանգության ծառայությունների հետ: Բացի նրանցից, լինելու են նաեւ մեր հսկիչները, եւ համալիրի բոլոր մուտքերը փակվելու են, իսկ բանալիները հանձնվելու են մեզ:

– Բա որ տանիքի՞ց ներխուժեն…

– Բոլոր անցքերը փակելու ենք:

– Դուք աշխատել եք Դիմա Բիլանի, Ավրաամ Ռուսոյի, Քրիստինա Օրբակայտեի, «Վիագրա», «Տատու», «Ջիպսի Կինգս» խմբերի հետ, իսկ ի՞նչ կասեք հայաստանյան շոու-բիզնեսի մասին:

– Այն, ինչ կա այստեղ, շոու-բիզնես չէ, որովհետեւ շոու-բիզնես ունենալու համար նախ պետք են շատ լուրջ մասնագետներ` պրոդյուսերներ, մենեջերներ, իմիջմեյքերներ, ստիլիստներ եւ այլն: Մեզ մոտ չկան այդ մասնագիտությունները, ինստիտուտները, եւ չկան այդ մարդիկ: Առաջին եթերը կամ առաջին ալբոմն ունենալուց առաջ երգիչը պետք է երկու տարի քրտնաջան աշխատանք կատարի: Պետք է մշակվի նախագիծը, մարքեթինգ պետք է արվի, որը լուրջ մենեջմենթ է, պետք է երգչին պատրաստել պրոֆեսիոնալ մակարդակի` ձայնը, բեմական վարպետությունը` շնչելը, արտաշնչելը, կեցվածքը: Այս աշխատանքները պետք է կազմակերպի պրոդյուսերը` համապատասխան մասնագետների միջոցով, նաեւ երաժիշտների հետ երգացանկը պետք է մշակի, ստուդիայի հետ ձայնագրման աշխատանքները կազմակերպի, մի 2-3 երգ գրելուց հետո պետք է սոցհարցում կազմակերպի, այնուհետեւ երգչի ճանապարհը բացի: Հայաստանյան հեռուստաալիքներում երեւացող այդ բազմաքանակ երգիչ-երգչուհիների իմաստը չեմ հասկանում, որովհետեւ նախ՝ մենք չունենք այն շուկան, որտեղ կարող են այդքան երգիչներ աշխատել: Այդ պահանջարկը չկա, հետեւաբար ինչի՞ համար եւ ի՞նչ են երգում` աբսուրդ է: Ի վերջո, հայ երգչի պահանջարկը միայն Հայաստանում չպիտի լինի, այլ նաեւ պետք է դուրս գա համաշխարհային շուկա:

– Չե՞ք կարծում, որ Հայաստանում լսարանն էլ նման որակի հարցում պահանջատեր չէ:

– Աբսուրդ է, երբ ասում են, թե ռաբիսն է զարգացած Հայաստանում: Ռաբիս երգիչներն են դահլիճներ լցնում եւ ասում են` ժողովուրդը դա է ցանկանում: Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը դա է ուզում լսել: Հատո՞ւկ են դա անում: Ժողովուրդը դեգրադացվել է, բավական չէ` դեռ մի բան էլ պրոդյուսերներն են դեգրադացնում: Շոու-բիզնեսն այնպիսի մի երեւույթ է, որ պրոդյուսերներն իրենք կարող են որակ եւ ճաշակ թելադրել եւ մշակույթը զարգացնել: Այդ երգիչներն այսօր կարող են երգել ռեստորանում, իսկ վաղը բարձրանալ բեմ… դա ոչ շոու-բիզնես է, ոչ էլ` նախագիծ: Ի դեպ, դա նաեւ պետական խնդիր է: Մոսկվայի հեռուստաալիքներում եւ ռադիոալիքներում գործում է գեղարվեստական խորհուրդ, որի հաստատումից է կախված տվյալ տեսահոլովակի կամ երգի եթեր հեռարձակումը: Դրա արդյունքում ստեղծվում է պրոֆեսիոնալ «պրոդուկտ»: Կարող է երգիչը ձայնային դիապազոն չունենալ, բայց լավ երգել, լավ էներգետիկա, բեմական կերպար, խարիզմա ունենալ, գրագետ լինել եւ գեղեցիկ երգ մատուցել: Ի վերջո, աստղը նաեւ պետք է հետեւի իր մենյուին, սպորտդահլիճ գնա, պարել սովորի, կուլտուրա, ինտելեկտ, խոսելու կարողություն ունենա: