Աջափնյակ համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց շենքերի ճակատագրով

27/08/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

2000 թվականի կառավարության որոշումով նախատեսվում էր Երեւանում քանդել
4-րդ (ամենաբարձր) կարգի վթարային 36 շենք, որոնցից 28-ն Աջափնյակում են:

4-ն արդեն քանդվել են։ Եվս 4-ը որոշված է քանդել մոտ ապագայում։  

Սակայն այդ ծրագիրը բնակիչներին հայտնի է դարձել միայն վերջերս:

Բնակիչներին կամ դրամական փոխհատուցում կտրվի, կամ նոր բնակարան։ Սակայն
ոչ բոլոր շենքերի բնակիչներին է հայտնի եղել, որ իրենց շենքերը 4-րդ կարգի
վթարային են ու քանդման ենթակա։ Շատերը դեմ են առաջարկված պայմաններին։

Գաղտնիք չէ, որ շենքերը վատ վիճակում են: 60-ական թվերին կառուցված
Աջափնյակ թաղամասը համարվում էր խորհրդային շրջանի ամենաանհաջող
ճարտարապետական նախագծերից։ 4 հարկանի շենքերը, որ կոչվում էին խրուշչովկա
(այն ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի անունով), կառուցվել էին
բնակարանի կարիք ունեցողներին արագ բնակեցնելու համար եւ մի շարք
թերություններ ունեին (կավային գրունտ, հիմքը ջրերի հոսքի նկատմամբ
անպաշտպան եւ այլն), որոնց պատճառով 20-25 տարի անց այդ շենքերի մեծ մասը
դարձան վթարային։  

Խորհրդային տարիներին իշխանությունները նախատեսել էին վերակառուցել
Աջափնյակը։ Մի քանի շենքեր քանդեցին եւ բնակիչներին նոր բնակարաններ
հատկացրին։ Մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող Աջափնյակի վթարային
շենքերը քանդելու եւ բնակիչներին վերաբնակեցնելու նախագիծը կանգնեցվեց
Խորհրդային Միության փլուզման պատճառով։  

Կառավարությունը կրկին անդրադարձավ Աջափնյակի վթարային շենքերին
90-ականների վերջերին։ Որոշվեց 4-րդ կարգի վթարային շենքերը քանդել, իսկ
3-րդ կարգիններն ամրացնել ու դարձնել 2-րդ կարգի։ Հայսեյսմիկշին ՓԲԸ եւ
Սեյսմիկ ծառայության ազգային կենտրոնի հետազոտություններով՝ կրկին պարզվել
է շենքերի վթարայնության աստիճանը։ Վերջին երկու տարիներին Աջափնյակում
ամրացվել եւ ամրացվում է 15 շենք, եւս երկուսը կամրացվեն։ Արդեն քանդվել է
4 շենք։ Ամբողջ Երեւանում պետությունն այս տարի 10 շենքերի ամրացման վրա
ծախսել է 580 միլիոն դրամ (1,3 միլիոն դոլար)։

Ծայրաստիճան վթարային շենքերի բնակիչներն անակնկալի չեկան, երբ տեղեկացան,
որ իրենց շենքերը քանդելու են։ Շինարարների 23 շենքի առաջին երեք մուտքերի
եւ Շինարարների 14-ի վերջին երեք մուտքերի ճաքած պատերից ու ձեւախեղված
հարկաբաժիններից պարզ երեւում են, որ շենքերը վթարային են, որոնք փոքրիկ
ցնցումի դեպքում կփլվեն։  

«Էս շենքը էն Սովետի ժամանակ պիտի քանդեին,- ասում է Շինարարների 23-ի
բնակիչ Ասյա Հովսեփյանը,- մի գեղեցիկ օր քաղաքապետարանից եկան, մեր
փաստաթղթերը վերցրին ու գնացին։ Հիմա չգիտենք, թե ինչ է լինելու։ Ասել են՝
բնակարան կտանք»։  

Այս երկու շենքերի բնակիչների համար քաղաքապետարանը որոշել է Աջափնյակում,
Արզումանյան փողոցի վրա շենք կառուցել։ Սակայն բնակիչները դեռեւս անտեղյակ
են։  

Քանդման ենթակա են Արզումանյան 8ա շենքի վերջին երեք մուտքերը եւ
Շինարարների 35-ի առաջին մուտքը։ Այս շենքերի բնակիչներին քաղաքապետարանն
առաջարկում է կամ բնակարան 6-րդ զանգվածում, կամ բնակարանի շուկայական
միջին արժեքին համապատասխան դրամ։ Երկու տարբերակին էլ դեմ են
բնակիչները.«40 տարի ապրում ենք ստեղ, հիմա ուզում են հանեն-քշեն,- ասում
է Շինարարների 35-ի բնակիչ Վարդանը,- Մասիվ են ասում։ Ժողովուրդը ոչ մի
տեղ էլ չի ուզում գնա։ Մենակ մի դեպքում դուս կգանք, թող ստեղ տուն
սարքեն, տան»։  

Պաշտոնյաներն այցելել են նաեւ Շինարարների 24-ի 4-6-րդ մուտքերի
բնակիչներին ու նույն պայմաններն առաջարկել։ Բնակիչներն անակնկալի են
եկել։ Թելլի Պողոսյանի ընտանիքն անտեղյակ լինելով, որ շենքը 4-րդ կարգի
վթարային է եւ քանդման ենթակա, հինգ ամիս առաջ այստեղ գնել է երկու
սենյականոց բնակարան 15.000 դոլարով։ Վերանորոգման վրա արդեն ծախսել է
4000 դոլար, եւ հանկարծ տեղեկացրել են, որ շենքը քանդվելու է։
Վերանորոգումը դադարեցրել են եւ երկու փոքր երեխաների հետ կիսավեր տան մեջ
սպասում են, թե ինչ կլինի իրենց հետ. «Առաջարկեցին կամ Մասիվ, կամ 20.000
դոլար (որոշված է բնակիչներին վճարել տվյալ պահին գործող շուկայականի
միջին գնով.-Վ.Ի.)։ Չեմ հասկանում, թե կադաստրը խի՞ ա առքուվաճառք արել,
որ քանդելու էին»։

Նույն շենքի բնակիչ Հովիկ Սարգսյանն անցյալ տարի է գնել բնակարանը ու
արդեն վերանորոգումն ավարտել, երբ տեղեկացրել են, թե շենքը քանդելու են.
«Ես համաձայն չեմ, որ տունը քանդեն, վերջին վարյանտ, եթե պիտի քանդվի՝ թող
25.000 տան,- ասում է նա ու ցույց տալիս մի քանի օր առաջ խոհանոցում
տեղադրված նոր կահույքը,- ես էս թաղամասից եմ եղել, ստեղ էլ որոշել եմ
տուն առնեմ։ Ասում են՝ Մասիվ։ Մասիվում էն վախտով 4 սենյակ կառնեի, խի՞ էի
ստեղ առնում (համեմատած քաղաքի մյուս արվարձաններին, Աջափնյակում
բնակարանները թանկ են)»։

Քաղաքապետարանի Անշարժ գույքի վարչության պետ Գագիկ Մազմանյանը նույնպես
տարակուսում է, թե ինչու է կադաստրը առքուվաճառք ձեւակերպել այն շենքում,
որը քանդման ենթակա է.«Հանելուկ է, ճիշտ է ասում բնակիչը, տենց բան պիտի
չլիներ։ Ոնց որ մարդուն քաշես»։

Համայնքապետարանը նույնպես շահագրգռված չի, որ շենքերը քանդվեն.«Ավելի լավ
ա՝ ամրացվեն, մեր բնակիչները չեն ուզում տեղափոխվել, կամ գումարը կարող ա
պակաս դուրս գա, կամ նոր տրված բնակարանի տեղը էն չլինի,- ասում է
Աջափնյակ համայնքի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Արամ Արամյանը,-
մենք էլ ենք դեմ, որ քանդվեն, բայց մյուս կողմից էլ, որ փրկել հնարավոր
չի, պիտի քանդվի։ Հինգ բալ երկրաշարժ եղավ՝ մարդիկ տակը կմնան»։  

Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն ընդունում է իրենց սխալը, որ նախապես չեն
տեղեկացնում, թե որ շենքերն են քանդվելու, որ բնակիչները վերանորոգումներ
չանեն եւ մարդիկ այդտեղ բնակարան չգնեն։ Այսուհանդերձ, ոչ բոլոր շենքերի
հարցն է որոշված, թե երբ կքանդվեն կամ կքանդվե՞ն արդյոք (այդպիսիներից է
նաեւ Շինարարների 24-ը)։ Շենքերի ճակատագիրը կախված է բյուջեի
հնարավորություններից ու ամրության նոր ուսումնասիրությունից (քաղաքապետը
մեկ ամիս առաջ կրկին հանձնարարել է հետազոտել շենքերի վթարայնության
աստիճանները)։ Շենքեր կան, որ նախապես որակվել են 4-րդ կարգ, հետագայում
կրկին ուսումնասիրություն է արվել եւ դարձել 3-րդ կարգ, ու քանդվելու
փոխարեն ամրացվել է։ Նաեւ ժամանակին մի շարք չորրորդ կարգի վթարային
շենքերի բնակիչներ կաշառքով իրենց շենքերը «դարձրել են» երրորդ կարգի, որ
կարողանան վաճառել:

Մի բան հստակ է, որ եթե շենքը 4-րդ կարգի վթարային է, ապա ամրացման ենթակա
չէ եւ անպայման պիտի քանդվի.«Եթե մասնագիտական եզրակացությունը որոշում է,
որ շենքը 4-րդ կարգի է եւ պետք է քանդվի, ոչ ոք իրավունք չունի
խոչընդոտել. ոչ բնակիչը, ոչ քաղաքապետարանը»,- ասում է Մազմանյանը։ 4-րդ
կարգի վթարային շենքն ամրացնելը որեւէ կերպ չի արդարացվում եւ շահավետ չի։

Բնակիչները վախենում են, որ իրենց տներից դուրս կգցեն եւ կարծում են, որ
սա մի ծրագիր է, որ շենքի տարածքը յուրացնեն բիզնեսմենները ու շենքեր
կառուցեն իրենց շահի համար.«Բուզանդի վրա՝ բնակիչը տան մեջ, բուլդոզերը
դրած պատը քանդում էին։ Դրանց դեմ ո՞նց պայքարես։ Տեսա՞ր Ուզբեկստանում
ոնց դրին գնդակահարին ժողովրդին»,- ասում է Շինարարների 24-ի մի բնակիչ։

Վարդանյանը վստահեցնում է, որ չի կրկնվի կենտրոնի պատմությունը (որտեղ
օլիգարխները տիրացել են կենտրոնի մի քանի թաղամասերի եւ քանդում են
շենքերը), քանի որ սկզբունքորեն տարբեր իրավիճակներ են. «Ճիշտ է, հայերի
մեջ կասկած է մտել, շատ բաներ ենք տեսնում արդարությունից դուրս, բայց
այժմ այնպես կլինի, որ բնակիչները գոհ կմնան։ Արզումանյան 43-ում
նախատեսված շենքը կառուցվելու է բյուջեով 2 շենքերի բնակիչների համար։
Մրցույթ է հայտարարվելու, թե ով կկառուցի։ Շինարարը լավագույն դեպքում
շահույթ կստանա կառուցելու համար։ Մյուս շենքերի բնակիչների հետ զրույցի
հիման վրա այնպես կարվի, որ նրանք չտուժեն։ Մարդիկ կան, որ ուզում են
գումարը։ Էնպես չի լինի, որ 1000 դոլարի տատանման պատճառով մարդը
չկարողանա բնակարան գնել։ Բացի այդ, քաղաքապետարանը 6-րդ զանգվածում
նախկին վարժարանի շենք է ձեռք բերել։ Դա կվերակառուցվի ժամանակակից
բնակարանների։ Կան քաղաքացիներ, որ կցանկանան տեղափոխվել այնտեղ։ Կտեսնեք,
բնակիչները շահած դուրս կգան»։  

Նա չի բացառում, որ կարող է նաեւ վթարային մյուս շենքերի բնակիչների
ցանկությունը հաշվի առնելով՝ եւս մի նոր շենք կառուցվի Աջափնյակում։

Շենքերը քանդելու համար նույնպես մրցույթ է հայտարարվում, եւ հաղթող
շինարարական կազմակերպությունն իրավունք է ստանում շենքի տարածքը տնօրինել
(50 կամ 99 տարով)։ Վարդանյանը վստահեցնում է, որ շենքերի քանդման պատճառը
վթարային լինելն է եւ ոչ թե ինչ-որ մարդկանց տարածք հատկացնելը, ինչպես
կարծում են բնակիչները։ Իսկ քանդվածի տեղը բնական է որ շենքեր
կառուցվեն.«Շինարարներին առաջարկվում է՝ եկեք ձեր միջոցներով քանդեք, իսկ
տարածքը կտրվի ձեր տնօրինությանը։ Եթե շենքը քանդում են, մարդկանց
բնակարանով ապահովում են, իրենց ուզած տեղում տուն տալիս, հետո էդ տեղում
մեկը շենք է սարքում, ի՞նչն է վատ»,- ասում է նա։