Սալմոնելոզ

16/09/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սալմոնելոզներն առաջանում են սալմոնելային խմբին պատկանող մոտ 2000 տեսակի հարուցիչներից: Նրանց բնորոշ են կլինիկական արտահայտման տարբեր ձեւերը: Սալմոնելոզների խմբին են պատկանում սննդային թունավարակները, որովայնային տիֆը, ինչպես նաեւ՝ բուն սալմոնելոզը: Սալմոնելոզի վարակի նկատմամբ հեշտ ընկալունակ է հատկապես երեխաների օրգանիզմը: Պետք է հիշել, որ այս հիվանդությամբ վարակվում են նույնիսկ նորածինները:

Հիվանդության հարուցիչը սալմոնելան է, որը հայտնաբերել են ամերիկացի գիտնականներ` Սալմոնը եւ Սմիթը` 1885թ.:

Սալմոնելաները շրջակա միջավայրում չափազանց կայուն են. չորացած կղանքային զանգվածում, հողում պահպանվում են տարիներ -10 աստիճան ջերմության պայմաններում` 150 օր, սենյակի փոշում` 80 օր: 500գ սալմոնելաներ պարունակող միսը վարակազերծելու համար պետք է եփել մոտ 3 ժամ:

Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդը եւ մանրէակիրը: Վերջինիս օրգանիզմում հարուցիչը կարող է պահպանվել օրեր եւ ամիսներ` եթե առկա են լյարդի, լեղուղիների, միզուղիների բորբոքային օջախներ` ողջ կյանքի ընթացքում: Վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաեւ ընտանի կենդանիները` կատուն, խոզը, մանր ու խոշոր եղջերավոր անասունները, թռչունները` բադը, սագը, հատկապես` հավը: Վտանգավոր են ոչ միայն միսն ու կաթը, այլեւ թռչունի ձուն: Կենսունակ սալմոնելաներ կարող են լինել ինչպես ձվի կեղեւի վրա, այնպես էլ` նրա պարունակության մեջ:

Վարակը հիմնականում փոխանցվում է սննդի, ջրի եւ շփման միջոցով: Վարակակիր մորից սալմոնելաները նորածնին են անցնում ներարգանդային կյանքում` ընկերքի միջոցով կամ ծննդաբերության ժամանակ:

Մինչեւ 1 տարեկան երեխաները կարող են վարակվել օդակաթիլային ճանապարհով, երբ օդում պարունակվող հարուցիչներն օրգանիզմ են թափանցում ոչ թե բերանի խոռոչով, այլ քիթ-ըմպանով: Օրգանիզմում հարուցիչները խախտում են աղիների լորձաթաղանթի կամ թոքահյուսվածքի ամբողջականությունը, անցնում մոտակա ավշահանգույցները, հետո՝ արյան մեջ, ու այնուհետեւ՝ լյարդ, փայծաղ, ոսկրածուծ, երիկամներ` նրանցում առաջացնելով բորբոքային օջախներ: Հետագայում մանրէներն օրգանիզմից հեռանում են մեզի, լեղու թքի, կրծքի կաթի, կղանքի միջոցով: Այսպիսով ախտահարվում են բազմաթիվ օրգաններ, առաջանում է օրգանիզմի ընդհանուր վարակական հիվանդություն:

Սալմոնելաները տեղակայվում են առկա բորբոքային օջախներում, եւ հիվանդը դառնում է մանրէակիր: Օրգանիզմի դիմադրողականությունը նվազելու դեպքում, արտաքին եւ ներքին տարբեր գործոնների ազդեցության հետեւանքով՝ հարուցիչներն ակտիվանում են, եւ հիվանդությունը սրանում է: Նման գործոններ կարող են լինել սալմոնելոզային բարդությունները, գրիպը, սուր շնչառական հիվանդությունները, սննդի ռեժիմի խանգարումները, վնասվածքները եւ այլն:

Ռախիտը, բնածին եւ ձեռքբերովի իմունային անբավարարությունը, ժամանակից շուտ արհեստական եւ խառը սնունդ տալը, ոչ ճիշտ խնամքը նպաստում են սալմոնելոզի սրացումներին, բուժման ընթացքի ձգձգմանը: Պետք է հիշել, որ հիվանդին, ինչպես նաեւ ապաքինված երեխային նոր սննդատեսակը տրվում է աստիճանաբար: Արգելվում են գրգռող, կծու, թթու սննդատեսակները: Կերակրելը պետք է կազմակերպվի միայն բուժող բժշկի խորհրդով:

Ժամանակին ձեռնարկված լիարժեք ու կոմպլեքսային բուժման դեպքում վաղ մանկական հասակի երեխաների մոտ հիվանդությունն ընթանում է սուր վարակական ձեւով, եւ երեխան 30-45 օրվա ընթացքում ապաքինվում է:

Ոչ լիարժեք բուժման դեպքում հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկական, այսինքն՝ ժամանակին պետք է դիմել բժշկի եւ կատարել անհրաժեշտ բուժում:

Հիվանդության թեթեւ ձեւերի դեպքում բուժումը կարելի է կազմակերպել տնային պայմաններում, իսկ միջին ծանրության եւ ծանր ձեւերով հիվանդներինը` միայն հիվանդանոցում:

Վարակը կանխելու նպատակով անհրաժեշտ է միսը, ձուն, ձուկը, կաթը, ջուրը եւ ջերմային մշակման ենթարկվող այլ սննդատեսակները երեխային տալ միայն եռացնելուց հետո: Ձուն սառնարանում պետք է տեղավորել հոսող ջրի տակ լավ լվանալուց ու չորացնելուց հետո: Արգելվում է օգտագործել ջերմային մշակման չենթարկված ճաշատեսակները: Մթերքները պետք է խնամքով լվանալ: Պետք է պահպանել ինչպես ձեր, այնպես էլ երեխայի հիգիենայի կանոնները: Պետք է ամենուրեք պայքարել կրծողների ու ճանճերի դեմ: