Կյանքի օրոք տպած Սեմյուել Բեքեթի էսսեիստիկայի ամենանշանակալից ժողովածուն նա անվանել էր Disjecta: Այդ բառը փոխառնված է Հորացիոսի բանաստեղծություններից մեկից (ըստ ուրիշ տվյալների՝ Օվիդիոսի «Մետամորֆոզների» վեցերորդ գրքից), որտեղ այն հանդիպում է հետեւյալ նախադասության մեջ «Disjecta membra poetae» («Բանաստեղծի տարանջատ անդամները»): Բեքեթը, որ անողոք էր իր ստեղծագործության հանդեպ, միշտ քամահրանքով էր արտահայտվում իր քննադատական աշխատանքների մասին եւ միայն մահվանից մի քանի տարի առաջ համաձայնվեց միավորել դրանք առանձին գրքում:
Վերջերս ռուսական «Տեքստ» հրատարակչությունը լույս ընծայեց Սեմյուել Բեքեթի «Բեկորներ» գիրքը, որի թարգմանիչն, ի դեպ, նշում է, որ որոշ բեկորներ սկահակներից թանկ են:
1930 թվականին Դուբլինի Թրինիթի քոլեջում դասախոսելիս Բեքեթը այսպիսի մի գրառում է արել. «Մտքի ազատությունը կարող է ի հայտ գալ միայն հատվածական վիճակից դեպի ամբողջականը բանականության ընդունակությամբ: Ի վերջո` պայծառատեսության ողբերգությունը: Ռասինն ապրում էր այն ժամանակ, երբ արվեստագետը կարող էր իրեն թույլ տալ արվեստագետ լինել: Նա արտահայտում էր իր համոզմունքները արվեստի միջոցով»: Այս վերջին խոսքերը Բեքեթը կարող էր ասել ինքն իր մասին:
1
Պիեռ Տալ-Կոտ
Բեքեթ – Ամբողջական օբյեկտը, չբավող մասերի միակցմամբ, մասնակի օբյեկտի փոխարեն: Աստիճանի հարցը:
Դյուտյուի – Ավելին, ողջամտության բռնապետության տապալումը: Աշխարհը որպես շարժման հոսք, որպես կենդանի ժամանակի հյուսվածք` ճիգը, արարումը, ազատագրումը, նկարը, արվեստագետը: Մեզ վերադարձնում են, մեզ ներկայացնում են ընկալման թռչող պահը, նրան սնած միջավայրի զուգակցմամբ:
Բեքեթ – Համենայն դեպս, բնական փորձն առավել ճշգրիտ արտահայտելու մոլեգին փորձ` ինչպես այն բացահայտվում է զգոն հորձանուտ զգացողությամբ մարդուն: Կարեւոր չէ, թե դրան հասնում ես վարպետությա՞ն, թե՞ խոնարհության միջոցով, արդյունքը միշտ մեկն է` բազմապատկումը բնության մեջ:
Դյուտյուի – Բայց այն, ինչ բացահայտում է, ցուցադրում է, հաղորդում է այդ նկարիչը, բնության մեջ գոյություն չունի: Ի՞նչ կապ կա այդ նկարներից մեկի եւ որոշակի տարիքում, տարվա որոշակի եղանակին, որոշակի ժամին տեսած բնանկարի միջեւ: Արդյո՞ք մենք չենք գտնվում միանգամայն այլ հարթության վրա:
Բեքեթ – Բնություն ասելով՝ ես այստեղ նկատի ունեմ, ինչպես ռեալիստներից ամենամիամիտը, ընկալողի եւ ընկալվողի միակցումը, եւ ոչ թե տվյալ մեծությունը, ոչ փորձը: Ես սոսկ ուզում եմ ասել, որ այդ նկարի մտահղացումն ու կատարումը համընկնում են ողջ նախկին գեղանկարչության ավանդույթին, եւ այդ պատճառով այստեղ առկա է միայն փոխզիջման սահմաններն ընդլայնելու ձգտումը:
Դյուտյուի – Բայց դուք տեսադաշտից դուրս եք թողնում վիթխարի տարբերությունը` Տալ-Կոտի ընկալման նշանակալիությունը եւ դրա նշանակալիությունը, որպես այդպիսին, նրա նախորդների ճնշող մեծամասնության համար, նկարիչներ, որոնք ընկալում են աշխարհը ճանապարհային խառնվածքի մեջ ընկած մարդու ստրկամտությամբ, որ փոքր-ինչ բարելավում են դիտարկումների արդյունքը Էվկլիդեսյան երկրաչափության շողոքորթ վրձնախաղով: Աշխարհի ընկալումը Տալ-Կոտի համար նույնական է անշահագրգռվածությանը, գեցեցկությանը կամ ճշմարտությանը, բնության այդ երկու բռնակալներին ծառայելու հրաժարանքին: Ես փոխզիջում տեսնում եմ նախկին գեղանկարչության մեջ, բայց պատրաստ չեմ ընդունելու այն, ինչը որ դուք ողբում եք որոշակի շրջանի Մատիսի եւ ժամանակակից Տալ-Կոտի մեջ:
Բեքեթ – Ես չեմ ողբում: Ես համաձայն եմ, որ ձեր հիշատակած Մատիսը, ճիշտ նույնպես եւ Տալ-Կոտի ֆրանցիսկյան օրգիաները անանց արժեք ունեն, սակայն արժեք, շատ մոտ նրանց, որ արդեն կուտակվել են դարերի ընթացքում: Իտալացի նկարիչների դեպքում հարկ է խոսել ոչ այն մասին, որ նրանք նայում էին աշխարհին շինարարական կապալառուի աչքերով` դա, ի վերջո, սոսկ աշխարհին նայելու եղանակներից մեկն է, այլ այն մասին, որ նրանք հնարավորի սահմաններից անդին քայլ իսկ չարեցին, թող որ նշանակալիորեն ընդլայնելով հնարավորի սահմանները: Միակ բանը, որ հաջողվեց փոփոխել հեղափոխականներ Մատիսին եւ Տալ-Կոտին` որոշակի կարգն է իրականանալիի մակերեւույթի վրա:
Դյուտյուի – Այլ ի՞նչ մակերեւույթ է հասանելի ստեղծագործողի համար:
Բեքեթ – Տրամաբանորեն դատելով, ոչ մի: Սակայն ես խոսում եմ այն արվեստի մասին, որը զզվանքով շրջվում է դրանից, որը հոգնել է չնչին սխրագործություններից, հոգնել է ձեւանալուց, թե ինքը կարող է, հոգնել է կարողանալուց, հոգնել է միեւնույն հին բանը փոքր-ինչ ավելի լավ անելուց, տաղտկալի ճանապարհով փոքր-ինչ առաջ գնալով:
Դյուտյուի – Իսկ դրա փոխարեն ի՞նչ է նա գերադասում:
Բեքեթ – Այն բանի գիտակցությունը, որ արտահայտելու բան չկա, ոչնչով չես կարող, եւ ոչ էլ` ոչնչից, արտահայտելու ուժ չկա, արտահայտելու ցանկություն չկա, արտահայտելու պարտավորությամբ հանդերձ:
Դյուտյուի – Սակայն այդ անտանելիորեն կողմնակալ հայացքն իրերին՝ ամենեւին չի օգնում մեզ ըմբռնելու Տալ-Կոտին:
Բեքեթ – …
Դյուտյուի – Այսօր, թերեւս, բավական է:
2
Անդրե Մասոն
Բեքեթ – Ավելի շուտ դժվարությունների որոնումներում, քան նրա ճանկերում: Տագնապը մարդու, որ կորցրել է թշնամուն:
Դյուտյուի – Երեւի այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է խոսում այսօր դատարկության պատկերման մասին` «ահի մեջ եւ սարսուռով»: Մի ժամանակ նա կամենում էր առասպելաբանություն ստեղծել, ավելի ուշ նրան գրավում էր մարդը` ոչ թե պարզապես Տիեզերքում, այլեւ հասարակության մեջ, իսկ այժմ` «ներքին դատարկությունը, ըստ չինական գեղագիտության, գեղանկարչական ակտի նախապայմանը»: Թվում է, թե Մասոնը ապրող որեւէ նկարչից առավել է տառապում կանգ առնելու ցանկությունից, այսինքն՝ լուծման ենթակա խնդրի ելման պայմանները սահմանելուց, ի վերջո, հենց խնդիրը պարզաբանելուց:
Բեքեթ – Թեպետ ես քաջատեղյակ չեմ այն խնդիրներին, որոնք նա դնում էր իր առջեւ անցյալում, եւ որոնք, գուցե այն պատճառով, որ լուծելի են, կամ ինչ-որ այլ պատճառով, կորցրել են նրա համար օրինաչափականությունը, ես զգում եմ դրանց ներկայությունը ինչ-որ տեղ հենց կողքիս նրա սարսափից ընդարմացած կտավներով, ես տեսնում եմ բացառապես նրա համար հիվանդագին գիտելիքի սպիները: Երկու հինավուրց հիվանդությունները, որոնք, անտարակույս, հարկ է դիտարկել զատ-զատ` հիվանդությունն այն ցանկությունից, թե ինչ անել, եւ հիվանդությունը այդ անել կարողանալու ցանկությունից:
Դյուտյուի – Սակայն Մասոնը նպատակադրվեց փոխակերպել այդ, ձեր ասած, հիվանդությունները` ոչնչի: Նա կամենում է ազատվել տարածության լծից, որպեսզի աչքը նրա կարողանա «խայտալ օպտիկական ֆոկուսից ազատ, անդադար արարման մեջ թրթռացող դաշտերում»: Միաժամանակ նա պահանջում է վերականգնել «միգամածի» իրավունքները: Երեւի թե, տարօրինակ է այդպիսի բան լսելը մի մարդուց, ով իր խառնվածքով ավելի շատ հակված է կրակին, քան տամկությանը: Դուք, իհարկե, կպատասխանեք, որ այդ ամենը միեւնույն հին երգն է, եւս մի օգնության ճիչի մասին: Օբյեկտը` մթին է այն թե թափանցիկ` միեւնույն է, կմնա լիիշխան: Բայց ինչպե՞ս կարելի է սպասել, որ Մասոնը նկարի դատարկությունը:
Բեքեթ – Մենք դա չենք էլ սպասում: Ի՞նչ օգուտ մի անհիմն դիրքից մյուսին անցնելուց, միշտ արդարացում փնտրել միեւնույն հարթության վրա՞: Մեր առջեւ մի արվեստագետ է, ով տառացիորեն խոցված է արտահայտչականության դաժան երկընտրանքով: Եվ, այդուհանդերձ, նա շարունակում է գալարվել: Դատարկությունը, որի մասին նա խոսում է, դա, հավանաբար, անտանելի ներկայության ջնջումն է, անտանելի այն պատճառով, որ այն դյուրընկալ չէ ոչ պաղատանքներին, ոչ հրամաններին: Եվ եթե այն այդպես էլ չի սահմանում այդ անօգության տառապանքը` ըստ էության եւ հանուն հենց իրեն, թեպետ, գուցե թե, երբեմն, օգտագործում է այն որպես համեմունք առ այն «սխրանքը», որի իրագործմանն այն սպառնում է, եւ դա, անշուշտ, նաեւ այն պատճառով է, որ այն իր մեջ բովանդակում է սահմանման անհնարինությունը: Նորիցնոր, նրբաճաշակորեն տրամաբանական դիրք: Ամեն դեպքում այն հազիվ թե խառնես դատարկության հետ:
Դյուտյուի – Մասոնը շատ է խոսում թափանցիկության մասին` «անցքերի, ամրափոսերի, անհայտ թափանցումների» մասին, ուր նա կարող էր խայտալ իր հաճույքի համար, ազատության մեջ: Չհրաժարվելով օբյեկտներից, նողկալի կամ հիասքանչ, որը մեր հանապազօրյա հացն է, եւ գինին, եւ թույնը, նա ձգտում է կտրել-անցնել այդ միջնորմների միջով` դեպի գոյություն ունեցողի անընդհատականությունը, որը չկա ամենօրյա փորձում: Դրանում նա մոտենում է Մատիսին (կարիք չկա ասելու, առաջին շրջանի Մատիսին) եւ Տալ-Կոտին, բայց այն էական տարբերությամբ, որ Մասոնը ստիպված է լինում մարտնչել սեփական վարպետության դեմ, որն առանձնանում է հարստությամբ, ճշգրտությամբ, եւ վեհ դասական նկարելաեղանակի թանձրությամբ եւ համամասնությամբ: Կամ, գուցե թե, ավելի ճիշտ, իր վարպետության ոգով, քանի որ նա ապացուցեց, որ ունակ է, անհրաժեշտության դեպքում, շատ մեծ տեխնիկական բազմազանության:
Բեքեթ – Այն, ինչ դուք ասացիք, անշուշտ, լուսաբանում է դրամատիկ վիճակը, որի մեջ գտնվում էր այդ նկարիչը: Թույլ տվեք ինձ հիշատակել նրա մտահոգությունը ազատության հմայքներով: «Աստղերն, իհարկե, հիասքանչ են, ինչպես նկատել է Ֆրեյդը Կանտի Աստծո գոյության տիեզերաբանական ապացուցումն ընթերցելիս: Ինձ միշտ անհնար է թվում, որ այդպիսի մտքերով նա երբեւէ կանի ինչ-որ բան, որ կտարբերվի այն բանից, որ արդեն արել են լավագույններից լավագույնները, ներառյալ՝ հենց ինքը: Եվ, թերեւս, անհեթեթ է ենթադրել, թե նա ինչ-որ այլ բան է ցանկանում: Նրա ապշեցուցիչ խելացի դիտողությունները տարածության մասին շնչում են միեւնույն սեփականատիրությամբ, ինչ եւ Լեոնարդոյի նոթատետրերը, ով խոսելով disfazione-ի (լուծում, քայքայում, վերացում) մասին, գիտի, որ ինքը ոչ մի դրվագ բաց չի թողնի: Այդ պատճառով, կներեք, եթե ես դարձյալ, ինչպես եւ այն օրը, երբ մենք խոսում էինք այդքան Մասոնից տարբեր Տալ-Կոտի մասին, կխորասուզվեմ արվեստի մասին երազանքի մեջ, որը չի վրդովվում իր անհաղթահարելի չքավորությունից եւ չափազանց հպարտ է ընծայման եւ ունենալու ֆարսի համար:
Դյուտյուի – Ինքը՝ Մասոնը, նշելով, որ արեւմտյան հեռանկարը ավելին չէ, քան թակարդների շարան՝ օբյեկտների որսման համար, ազդարարում է, որ դրանց տիրապետումն իրեն չի հետաքրքրում: Նա շնորհավորում է Բոննարին այն բանի համար, որ նա վերջին աշխատանքներում «դուրս է եկել, բոլոր հնարավոր ձեւերով, սեփականատիրության սահմաններից անդին, լքել է դիտարկվող դաշտը, հասել է մի վայր, ուր ամենայն տիրապետություն չքանում է»: Ես համաձայն եմ, որ Բոննարին վիթխարի տարածություններ են առանձնացնում այն անինչ արվեստից, «հիրավի անպտուղ, որեւէ պատկերի անընդունակ», որին ձգտում եք դուք եւ որին, ով գիտե, ձգտում է, գուցե եւ անգիտակցաբար, Մասոնը: Բայց մենք իրո՞ք պետք է ողբանք այն գեղանկարչությունը, որն ընդունում է «գարնան արարվածներն ու ստեղծածները, շլացուցիչ իրենց փափագի եւ հաստատակողականության մեջ, ինչ խոսք՝ վաղանցիկ, բայց անմահ իրենց կրկնողության մեջ». հարկ չէ՞ արդյոք պահպանել այդ գեղանկարչությունը` ոչ այն բանի համար, որպեսզի դրանից օգուտ քաղես, ոչ այն բանի համար, որպեսզի դրանից հաճույք ստանաս, այլ թեկուզ այն բանի համար, որ շարունակվի այն, ինչ աշխարհում ընդունելի է եւ լուսաշող: Արդյո՞ք մենք պետք է ողբանք այն գեղանկարչությունը, որն, ընդմեջ ժամանակի ստեղծածների, անցողիկ է եւ մեզ այլուրեք գրավող, եւ որը միտված է առ հարատեւություն եւ բազմապատկում:
Բեքեթ – (Հեկեկալով հեռանում է):
3
Բրամ վան Վելդե
Բեքեթ – Ֆրանսիացի, կրակեք առաջինը:
Դյուտյուի – Խոսելով Տալ-Կոտի եւ Մասոնի մասին, դուք հիշատակեցիք այլ կարգի արվեստը, որը ոչ միայն տարբեր է նրանց արվեստից, այլեւ այն ամենից, որ ստեղծված է եղել նրանցից առաջ: Ես ճի՞շտ եմ հասկանում, այս համընդգրկուն ընդհանրացումն անելիս, դուք նկատի ունեիք վան Վելդեի՞ն:
Բեքեթ – Այո: Ես կարծում եմ, որ նա առաջինն ընդունեց որոշակի իրադրությունը եւ հանդգնեց որոշակի գործողության:
Դյուտյուի – Արդյո՞ք կարելի է ձեզ խնդրել եւս մեկ անգամ սահմանել, որքան հնարավոր է պարզ, այն իրավիճակը եւ այն գործողությունը, որի մասին դուք խոսում էիք այդ նկարչի կապակցությամբ:
Բեքեթ – Մարդու վիճակը, ով անօգնական է, գործելու անընդունակ է, դիտարկվող դեպքում անունակ է նկարելու, քանզի նա պարտավոր է նկարել: Մարդու գործողությունը, ով, լինելով անօգնական, գործելու անունակ` գործում է, դիտարկվող դեպքում նկարում է, քանզի նա պարտ է նկարել:
Դյուտյուի – Ինչո՞ւ է նա պարտավոր նկարել:
Բեքեթ – Քանի որ նկարելու բան չկա, եւ ոչնչով կարող ես նկարել:
Դյուտյուի – Եվ դուք պնդում եք, որ ի հետեւանս դրա` նոր կարգի արվե՞ստ է ծագում:
Բեքեթ – Բոլոր նրանց մեջ, ում մենք մեծ նկարիչ ենք կոչում, ես չեմ կարող մտաբերել ոչ մեկին, ով առաջին հերթին մտահոգված չլինի իր արտահայտչական ունակություններով` իր վրձնի արտահայտչական ունակություններով, ողջ մարդկության: Գեղանկարչության նախապայմանն այն է, որ արարողի ոլորտը` հնարավորի ոլորտն է: Արտահայտել մեծը, արտահայտել փոքրը, մեծն արտահայտելու ընդունակությունը, փոքրն արտահայտելու ընդունակությունը` ամեն ինչ լուծվում է հնարավորինս շատ բան արտահայտելու տագնապալից ձգտման մեջ, կամ հնարավորինս ճշմարտացի, կամ հնարավորինս նրբագեղ, ուժի եւ ընդունակության չափով: Ինչը…
Դյուտյուի – Մի րոպե: Արդյո՞ք դուք չեք ուզում ասել, որ վան Վելդեի գեղանկարչությունը ոչինչ չի արտահայտում:
Բեքեթ – (Երկու շաբաթ անց) Այո:
Դյուտյուի – Արդյո՞ք դուք գիտակցում եք այդ պնդման անհեթեթությունը:
Բեքեթ – Հուսով եմ, այո:
Դյուտյուի – Ձեր խոսքերը հանգում են հետեւյալին` արտահայտման այն ձեւը, որ գեղանկարչություն է կոչվում, քանի որ անհայտ պատճառներով մենք ստիպված ենք խոսել գեղանկարչության մասին, պետք է սպասեր վան Վելդեին, որպեսզի նկարիչներն ազատվեին այն մոլորությունից, որի հմայքների ներքո աշխատում էին այդքան երկար, լարված եւ խիզախորեն, հատկապես, որ գեղանկարչության նպատակը գույների միջոցով արտահայտելն է:
Բեքեթ – Ոմանք նախկինում էլ կասկածում էին, թե արվեստը բաղկացած է արտահայտությունից: Սակայն գեղանկարչությունը առարկայից ազատելու բազմաթիվ փորձերը ավարտվում էին միայն նկարիչների խաղացանկի ընդլայնմամբ: Ես համարձակվում եմ պնդել, որ վան Վելդեն առաջին նկարիչն է, ում նկարչությունը ազատված է, եթե կամենաք, որեւէ առարկայից, իդեալական կամ նյութական, եւ նա առաջինն է, ում ձեռքերը կապված չեն այն մաքսիմով, թե իբր արտահայտումն անհնարին գործողություն է:
Դյուտյուի – Բայց արդյո՞ք չի կարելի ենթադրել (թեպետ եւ այս խոսքերը բխում են մի մարդուց, ով հանդուրժում է ձեր ֆանտաստիկ տեսությունը), որ նրա նկարչության առարկան արտահայտում է արտահայտության անհնարինությունը:
Բեքեթ – Չկա ավելի սրամիտ միջոց, քան նրան լռիկ եւ առանց իրարանցման սուրբ Ղուկասի գիրկը նետելը: Բայց եկեք գեթ մեկ անգամ անխոհեմ վարվենք` եւ չսկսենք փախուստի դիմել: Բոլորն իմաստուն վարվեցին, բոլորը փախուստի դիմեցին` ծայրահեղ աղքատությանը բոլորը գերադասեցին սովորական աղքատությունը, գերադասեցին կարիքավոր առաքինի մայրերին, որ իրենց քաղցող փսլնքոտ երեխաների համար հաց են գողանում: Չբավարարվածության զգացողության (երբ մեզ չի բավում աշխարհը, չես բավում դու) եւ այդ արժանահարգ ապրանքների բացակայության միջեւ` ոչ միայն քանակային է: Առաջինը` ճակատագիր է, երկրորդը` ոչ:
Դյուտյուի – Սակայն դուք արդեն խոսել եք վան Վելդեի ճակատագրի մասին:
Բեքեթ – Ես չպետք է դա անեի:
Դյուտյուի – Դուք գերադասում եք առավել մաքուր հայացքը` այսինքն՝ ահա վերջապես մի արվեստագետ, ով չի նկարում, այլ ձեւացնում է, թե նկարում է: Դե, դե, թանկագին ընկեր, ինչ-որ կապակցված բան ասեք, իսկ հետո գնացեք:
Բեքեթ – Գուցե ավելի լավ է ես գնա՞մ:
Դյուտյուի – Ոչ: Դուք արդեն սկսել եք: Դե ուրեմն վերջակետ դրեք: Նորից սկսեք եւ կանգ մի առեք, մինչեւ որ ավարտեք: Ջանացեք չմոռանալ, որ խոսքը ձեր մասին չէ, եւ ոչ էլ` սուֆիստ Ալ-Խակեի, այլ բավական կոնկրետ վան Վելդե անվամբ հոլանդացու մասին, որ մինչեւ այժմ սխալաբար կոչվել է artiste peintre (գեղանկարիչ):
Բեքեթ – Իսկ ինչ, եթե ես սկզբում ասեմ այն մասին, թե ինչպես է ինձ դուր գալիս երեւակայել նրան, այն մասին, որ իմ երեւակայության մեջ անում է նա, իսկ հետո կասեմ, որ, հավանաբար, նա բացարձակապես այլ է եւ միանգամայն այլ բա՞ն է անում: Արդյո՞ք դա հիանալի ելք չի լինի մեր բոլոր վշտերի համար: Նա երջանիկ է, դուք երջանիկ եք, ես երջանիկ եմ, բոլոր երեքը երջանկությունից պղպջում են:
Դյուտյուի – Վարվեք, ինչպես կամենում եք: Բայց վերջ տվեք դրան:
Բեքեթ – Բազում միջոցներ կան ջանալու պարապ տեղն ասելու այն բաները, որ ես զուր ջանում եմ ասել։ Դրանցից ես փորձել եմ, ինչպես դուք գիտեք, մարդկանց ներկայությամբ եւ մենության մեջ, ճնշման ներքո, փոքրոգությունից, մտային թուլությունից, երկու թե երեք հարյուրը: «տիրապետում-աղքատություն», թերեւս, ամենատաղտկալին չեղավ: Եվ, այդուհանդերձ, մենք հետզհետե դրանից հոգնում ենք, ճիշտ չէ՞: Միտքն այն մասին, որ արվեստը միշտ բուրժուական է եղել, թեպետ եւ այն կարող է բթացնել մեր ցավը սոցիալ-առաջադիմականների ձեռքբերումների հանդիման, ի վերջո, հազիվ թե հետաքրքրություն է ներկայացնում: Նկարչի եւ նրա առարկայի միջեւ հարաբերությունների վերլուծությունը, նրա թեմայի, հարաբերությունների, միշտ անհրաժեշտ ընկալվող, նույնպես այդքան արդյունավետ չեղավ` հնարավոր է, այն պատճառով, որ թաղվել է առարկայի բնույթի երկարատեւ քննարկման մեջ: Ակնհայտ է, որ արվեստագետի համար, ով տանջվում է արտահայտման կոչումով, ամեն բան դատապարտված է թեմա դառնալու, ներառելով (այդպես է, որոշակի առումով, Մասոնի դեպքում) թեմայի որոնումները, իսկ միասնականությունը սեփական կնոջ հետ վերածվում են Կանդինսկու հոգեւոր փորձարարությունների: Չկա առավել հագեցած գեղանկարչություն, քան Մոնդրիանի արվեստը: Սակայն, եթե թեման դառնում է վերաբերմունքի անկայուն տարր, ապա արվեստագետը, այսինքն՝ երկրորդ տարրը, հազիվ թե կարող է ավելի կայուն լինել, հաշվի առնելով նրա հնարքների ու մեթոդի լաբիրինթոսը: Առարկությունները արվեստին ուղղված այդպիսի դուալիստական հայացքի դեմ համոզիչ չեն: Մեզ հարկ է կարգել երկու, թող որ անհուսալի, հասկացություններ` հիվանդությունը, ափսեի վրայի մրգերից մինչեւ վուլգար մաթեմատիկան ու ինքնակարեկցանքը, եւ դրա վերացման միջոցը: Այն ամենը, ինչ պետք է մեզ մտահոգի` հենց վերաբերմունքի սուր, հարաճուն տագնապն է, որի վրա հանց ստվեր սողում է սնանկության գիտակցման, անհամապատասխանության սեւ ստվերը, կյանքն այն ամենի հաշվին, ինչը դա, այդ վերաբերմունքը, ժխտում է, այն ամենը, ինչի վրա մենք աչք ենք փակում: Գեղանկարչության պատմությունը` դե, դեռ ինչքան պնդել այդ մասին` նրա կործանման զգացողությունից փախչելու ջանքերի պատմությունն է, առավել արժանահավատ, առավել լի, առավել համատեղելի հարաբերությունները պատկերողի եւ պատկերվողի միջեւ, յուրահատուկ ֆոտոտրոպիզմի հակազդեցության միջոցով, որի բնույթի առթիվ մինչեւ այսօր վիճում են ամենագիտուն մարդիկ, եւ այնպիսի պյութագորական սարսափով, որ կարծես թե «պի» թվի իռացիոնալությունը աստվածության անարգանք լինի, չխոսելով նրա ստեղծածների մասին: Ես պնդում եմ, քանի որ ինձ պատին են դեմ տվել, որ վան Վելդեն ձեռնպահ մնաց գեղագիտական ավտոմատիզմից, առաջինն ընդունեց այն իրականությունը, որում բացակայում են հարաբերությունները, բացակայում են նրա տարրերը, առկա են անհասանելի տարրերը, առաջինն ընդունեց, որ արվեստագետ լինելը նշանակում է անհաջողության մատնվել, կործանվել այնպես, ինչպես ոչ ոք չի համարձակվում կործանվել, որ նրա աշխարհը` անհաջողություն է, եւ, որ դրանից խուսափելը դասալքություն է, տնայնագործի արհեստ, հմուտ տնավարություն, կյանք: Ոչ, ոչ, թույլ տվեք ինձ այս հոգոցը եւս հանել: Ես գիտեմ, որ այժմ, որպեսզի մեր մղձավանջային մտադրությունն ընդունելի ավարտին հասցնենք, միայն մի բան է պետք, եւ հատկապես` այդ խոնարհությունից, ճանաչումից, անհաջողությանը հավատարմությունից նոր թեմա եւ առարկա արարել, նոր հարաբերությունների տարր, իսկ գործողությունից, որը նա՝ արվեստագետը, լինելով գործելու անընդունակ, գործելու պարտական, իրագործում է` արտահայտման նոր գործողություն արարել, թող որ վերջինս վկայի միայն ինքն իր մասին, իր անհնարինության մասին, իր անխուսափելիության մասին: Ես գիտեմ, որ այդ անելու իմ անկարությունը ինձ դնում է, դե նաեւ, երեւի թե, ինչ-որ երանելու, այսպես կոչված, հոգեբույժներին հայտնի, աննախանձելի վիճակի մեջ: Քանզի ի՞նչ կա այս գունավոր մակերեւույթի վրա այն ամենից, ինչը նախկինում չկար: Չգիտեմ, թե դա ինչ բան է, չէ՞ որ ես նախկինում նման բան չեմ տեսել: Սակայն, թվում է, որ ասվածը ոչ մի կապ չունի արվեստի հետ, եթե, իհարկե, հիշողությունն ինձ չի դավաճանում (Պատրաստվում է հեռանալ):
Դյուտյուի – Դուք ոչինչ չմոռացա՞ք:
Բեքեթ – Դե, իհարկե, սա բավական է:
Դյուտյուի – Ես կարծում եմ, որ ձեր պատասխանը պետք է երկու մաս բովանդակի: Առաջինում դուք պատրաստվում էիք խոսել այն մասին, թե դուք ինչ եք մտածում: Դա, ես պատրաստ եմ համաձայնվելու, դուք արեցիք: Երկրորդում…
Բեքեթ – (Հիշելով, ջերմորեն) Այո, այո, ես սխալվում եմ, ես սխալվում եմ:
Ընծայաբերում Ջեք Բ. Յեյթսին
Մեծ, մենավոր արվեստ, անկրկնելի կերպով ներթափանցված միայն իրենով, նրա ակունքը թաքնված է հոգու ամենաթաքնաթաքուր գաղտնարաններում, ոչ մի լույսի ներքո բացատրման չտրվող:
Այնչափ կատարյալ տարօրինակություն, որ դիմակայում է այն սրբազան սեփականությանը, ազգային կամ ցանկացած այլ, մասնակից դարձնելու տափակ փորձերին:
Ի՞նչն է պակաս դյութիչ, քան այդ անընդօրինակելի ձեռքը, որ դողում է դրված նպատակից կամ սեփական անհետաձգելիությունից:
Իսկ սիրալիր փնտրվող երաշխավորումների կապակցությամբ (Էնսորն ու Մունքը շտապում են նախաբեմ) հարկ է ասել դե թեկուզ այն, որ դրանցից քիչ օգուտ կա:
Արվեստագետ, ով բախտախաղի է դնում իր էությունը, սերում է ոչ մի տեղից, նա բարեկամներ չունի:
Մեկնություննե՞րը: Այդչափ լարված հապշտապությամբ լեցուն պատկերներում, առիթ չկա, տեղ չկա ցավազրկիչ մեկնաբանությունների համար: Այդ ամենը չկա մոլեգին կարիքում, որ պատկերները դուրս է բերում տեսանելիի հորիզոններից անդին: Այդ ամենը չկա վիթխարի ներքին իրականության մեջ` որտեղ կենդանի եւ մեռյալ տեսիլքները, բնությունն ու դատարկությունը, այն ամենն, ինչ հավերժորեն կա եւ ինչը որ երբեք չի լինի, միաձուլվում է միակ վկայության ակնհայտության մեջ: Այդ ամենը չկա, վերջապես, վարպետության մեջ, որը սարսռալով խոնարհվում է անհասանելիի առջեւ:
Ոչ: Պարզապես գլուխ հակենք` զարմանքի մեջ:
Անրի Հայդեն
Գեղանկարչության կես դարը, օրինակելի անկախությամբ եւ լրջությամբ լեցուն` ահա թե ինչ է առաջարկում մեզ Հայդենի հետահայաց ցուցադրումը Լիոն քաղաքի նրբագեղ արվեստների նրբագեղ Թանգարանում:
Այդ մեծ եւ մենավոր գեղանկարչությունից մեզ այսօր պատիվ է վիճակվել ներկայացնելու վերջերս գուաշով արված նկարաշարը: Դրանց գեղեցկությունը ծնել է մի նկարիչ, ով, քչերի նման, ողջ իր կյանքը դիմակայել է երկու մեծ գայթակղությունների` իրականության գայթակղությանը եւ ստի գայթակղությանը:
Բրամ վան Վելդե
«Կյանքը,- գրում է Պիեռ Շնայդերը Կորբիերի մասին հիասքանչ էսսեում` ուղղագրական սխալ է մահվան տեքստում»: Բարեբախտաբար, նրանում կան եւ առավել լուրջ սխալներ: Մեր առջեւ դրանց փայլարե բեկորներն են: Ապաշավանքը դեն է նետված: Կենաց ու մահվան նկարներ: Այրիչ սոդայի սիրահարներ, ձեռնպահ մնացեք:
Ավիգդոր Արիխաին
Դարձյալ անմատչելին պաշարման մեջ: Ոչ իրեն ծարավի աչքի եւ ձեռքի տենդ: Անդադար փոխվող աչք ձեռքով, որը անդադար փոխում է աչքը: Հետ ու առաջ տարուբերվող հայացք, դեպի անտեսանելին եւ անիրագործելին սուրացող: Տարածությանը զինադադար է հայտարարված: Մենք տեսնում ենք այն բանի հետքերը, ինչը նշանակում է լինել եւ լինել ինչ-որ բանի դեմ հանդիման: Խոր հետքեր: