Սոցիալապես անապահով խավը

11/09/2009

Սեպտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ռուսաստանի փոփ երգի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի համերգը: Աննախադեպ այս շոուն երգչուհու վերջին համերգային շրջայցի շրջանակներում է լինելու: Մինչ այդ, սակայն, հայտնի երգչուհու համերգի կազմակերպիչները Հայաստանում տիրող «բարքերից» զարմանալու ցնցող առիթներ են ունենում: Այն, որ մեր համերգասրահների տեխնիկական վիճակը որեւէ կերպ չի համապատասխանում միջազգային չափանիշներին` այլեւս նորություն չէ: Բայց այն, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները կարող են կազմակերպիչներից «ձրի» տոմս «ուզել»` դա իսկապես ոչ միայն զարմանալու, այլեւ` ամաչելու առիթ է: Ա. Պուգաչովայի համերգի կազմակերպիչների հետ ադմինիստրատիվ եւ տեխնիկական աշխատանքներին մասնակցող մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ համերգի կազմակերպիչներին են զանգահարել «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անունից տոմսեր են պահանջել: Իսկ, երբ կազմակերպիչը զարմանալով հարցրել է՝ բայց ո՞վ է Արթուր Բաղդասարյանը, վերջինս պատասխանել է. «Ո՞նց թե, չգիտե՞ք Արթուր Բաղդասարյանն ով է, նա «ՕԵԿ» նախագահն է, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը»: Այս պատասխանից հետո ազգությամբ ռուս կազմակերպիչը զարմացած պատասխանել է` «Հետո՞ ինչ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, սա բիզնես նախագիծ է, գնացե՛ք տոմսերը գնեք»: Մեր տեղեկություններով` Ա. Պուգաչովայի համերգի կազմակերպիչները, ովքեր Ռուսաստանում բավական ճանաչված մարդիկ են` նմանատիպ հեռախոսազանգերից այնքան ապշած են, որ փորձում են ճշտել, թե արդյո՞ք Հայաստանում պաշտոն զբաղեցնող մարդկանց այսօրինակ վարքագիծն «ավանդույթ» է, թե՞, այնուամենայնիվ, ոմանք այս համերգին մասնակցելու համար պատրաստ են վճարել: Այս միջադեպից հետո համերգի տեխնիկական հարցերով զբաղվող հայաստանցիներն Ա. Բաղդասարյանի փոխարեն ամաչել են: Ոմանք նույնիսկ հեգնելով առաջարկել են դրամահավաք կազմակերպել եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի համար տոմս գնել: