ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թելադրվում է ԱՄՆ-ի կողմից, ինչի մասին վկայում է այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության բնօրինակն անգլերեն է: «Կատարված է….., հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանությունների տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին: Նշված է արձանագրության վերջում»,- ասել է Հ. Իգիթյանը` այն համարելով աննախադեպ փաստ, քանի որ ապացուցում է, որ այդ արձանագրությունը գրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի չինովնիկի կողմից ու հետո նոր կողմերին տրվել թարգմանության: Ասուլիսի ՀՀԿ-ական բանախոս Ռաֆիկ Պետրոսյանն էլ, ի պատասխան, ասել է. «Ոչ ոք չի ժխտում, որ ԱՄՆ-ի մատը խառն է այս արձանագրությունների ստեղծման եւ հայերի ու թուրքերի կողմից ընդունելու հարցում, որովհետեւ ԱՄՆ-ը, ինչպես իրենք են հայտարարում, շահագրգռված է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում»: